• Latest news

Հայաստանում հերթական անգամ թմրամոլների թվի աճ է գրանցվել. գլխավոր նարկոլոգ

7 մարտի, 2018  15:14

2017 թվականին Հայաստանում պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը 6544 մարդ է կազմել՝ 2016 թվականի 6010-ի դիմաց: Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական դիսպանսերի գլխավոր տնօրեն Պետրոս Սեմերջյանը:

Միեւնույն ժամանակ, ալկոհոլային կախվածություն ունի 5811 մարդ` 2016-ի 5750-ի դիմաց:

«Հարկ է նշել, որ սրանք միայն պաշտոնական թվերն են, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում առնվազն մեկ անգամ թմրամիջոցներ օգտագործած մարդկանց թիվը 30 հազարի է հասնում: Այս անձինք եւս թմրամիջոցներից կախվածություն ունեցող են համարվում», - ասաց Պետրոս Սեմերջյանը:

Նրա խոսքով՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ երկրում թմրանյութային եւ ալկոհոլային կախվածության հետ կապված իրավիճակը վատթարանում է, սակայն այս միտումն առկա է ամբողջ աշխարհում: Գլխավոր նարկոլոգի խոսքով՝ Հայաստանում թմրամոլությամբ տառապող մարդկանց մեծամասնությունը մարիխուանա (կանեփ) է օգտագործում: 2017 թվականին 4064 այդպիսի մարդ է գրանցվել: Ափիոն օգտագործողների թիվը 2476 է, կոկաին օգտագործողներինը՝ 3 մարդ:

Թմրամոլությամբ տառապող անձանց ընդհանուր թվից 1447 մարդ 19-ից 27 տարեկան է, 16-ից 17 տարեկան դեռահասները մի քանիսն են:

Ընդ որում, Հայաստանում թմրամոլությունը մեծամասամբ տարածված է տղամարդկանց շրջանում: Կանանց թիվը 2017 թվականին 105 է կազմել՝ 2016-ի 95-ի դիմաց:

Ինչ վերաբերում է Հայաստանում թմրամոլության եւ ալկոհոլային կախվածության բուժման մեթոդներին, ապա, ըստ Պետրոս Սեմերջյանի, երկրում կիրառվում է լավագույն միջազգային փորձը եւ նորագույն մեթոդաբանությունը, սակայն, այնուամենայնիվ, Հայաստանում, ինչպես նաեւ ողջ աշխարհում, դիմող անձանց միայն 20 տոկոսն է ամբողջությամբ ազատվում կործանարար կախվածությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել