Բարձր կալորիականությամբ նախաճաշը կարող է օգնել նիհարել ճարպակալություն եւ 2-րդ տեսակի շաքարախտ ունեցող հիվանդներին: Ավելին, նման նախաճաշը մեղմում է շաքարախտի ախտանիշները եւ նվազեցնում է ինսուլինի անհրաժեշտության մակարդակը: Այս մասին հաղորդում են Tel Aviv University-ի գիտնականները:
Փորձարկումը, որը նրանք անցկացրել են Իսրայելի առողջապահության նախարարության աջակցությամբ, ցույց է տվել, որ 2-րդ տեսակի շաքարախտով հիվանդների մոտ օրվա ընթացքում սննդի երեքանգամյա ընդունումը՝ բարձր կալորիականությամբ նախաճաշով, միջին կալորիականությամբ ճաշով եւ ցածր կալորիականությամբ ընթրիքով, ակնհայտ դրական ազդեցություն ունի սննդի վեցանգամյա ընդունմամբ դիետայի համեմատ:
«Հագեցած նախաճաշով դիետան քաշի կորստի առումով ավելի լավ արդյունք է տալիս, թույլ է տալիս օրվա ընթացքում ավելի քիչ սով զգալ, ինչպես նաեւ բարելավում է նվազեցնում է ինսուլին օգտագործելու անհրաժեշտությունը»,- նշել է հետազոտության առաջատար գիտնական Դանիել Յակուբովիչը:
«Սննդի ընդունման ժամը ու դրանցից յուրաքանչյուրի քանակությունն ավելի կարեւոր է, քան օրվա ըթնացքում կալորիաների մանրակրկիտ եւ հավասարաչափ բաշխումը: Մեր նյութափոխանակությունն օրվա ընթացքում փոխվում է: Նախաճաշին կերած հացի կտորը բոլորովին այլ հետեւանքների է հանգեցնում օրգանիզմի համար, քան՝ երեկոյան կերած նույն կտորը»,- նշել է մասնագետը:
Յակուբովիչը եւ նրա գործընկերները ուսումնասիրել են 2-րդ տեսակի շաքարախտով 11 կնոջ եւ 18 տղամարդու, որոնք բուժում էին ստանում ինսուլինով: Նրանց քաշի նվազեցման տարբեր դիետաներով երկու խմբի էին բաժանել, սակայն օրվա ընթացքում օգտագործվող կոլերիաների քանակությունը նույնն էր:
Առաջին խմբում ամենակալորիականը նախաճաշն էր, ճաշը միջին կալորիականության էր, իսկ ընթրիքը՝ բոլորովին թեթեւ: Երկրորդ խմբում մասնակիցները սնվում էին նիհարելու համար ավանդական դիետայով. 6 ոչ հագեցած սննդի ընդունում՝ կալորիաների հաշվարկված բաշխմամբ:
Կամավորների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը չափվել էր հետազոտությունից առաջ, ապա՝ 14 օր հետո, իսկ փորձարման վերջում գլյուկոզայի մակարդակների շարունակական մոնիտորինգ էր իրականացվել: Ինսուլինի դոզան կարգավորվում էր ըստ անհրաժեշտության:
Երեք ամիս անց, երբ առաջին խմբի հիվանդները միջինում 5 կգ էին կորցրել, երկրորդ խումբը ընդամենը 1.4 կգ էր կորցրել: Փորձարկման մասնակիցները նշել են, որ առաջին խմբում ածխաջրերի եւ հացահատիկի նկատմամբ ցանկությունը ավելի ցածր է, քան երկրորդ խմբում: Բացի այդ, առաջին խմբում գլյուկոզայի մակարդակը զգալիորեն ցածր էր փորձարկման արդեն առաջին 14 օրերին: Ինչպես նաեւ առաջին խմբի մասնակիցներին օրվա ընթացքում զգալիորեն ավելի քիչ ինսուլին էր պահանջում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր