• Latest news

Հայերը գնում են Վրաստան բուժվելու եւ վերադառնում են դեղերի մեկ տարվա պաշարով. Սամվել Զաքարյան

24 մարտի, 2018  21:50

Մարդիկ հիմա  Հայաստանից մեկնում են Վրաստան բուժվելու, գնում այնտեղ դեղեր, ռեաբիլիտացիա են անցնում, այնուհետ մեկնում են Քոբուլեթի՝ լողալու, արեւայրուկ ընդունելու համար եւ դեղերի մեկ տարվա պաշարով Հայաստան են վերադառնում:

Այս մասին մարտի 24-ին հայտարարել է ՀՀ դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը՝ ելույթ ունենալով դեղերի դեղատոմսերով վաճառքի նոր կարգի առիթով բժիշկների "Նախաձեռնող խմբի" կողմից կազմակերպված քննարկմանը:

Նա հավելել է, որ ցանկացած սահմանափակում առաջացնում է մաքսանենգության աճ, իսկ դեղերի մաքսանենգությունը հղի է բազմաթիվ վտանգներով՝ սկսած դեղերի պահպանման եւ փոխադրման կանոնների խախտման հետեւանքով սպառնալիքներից՝ վերջացրած կենսաահաբեկչությամբ:

Սամվել Զաքարյանն իր ելույթի ընթացքում առողջապահական կազմակերպություններին առաջարկել է միավորվել եւ երկրի բարձրագույն ղեկավարությանը բողոք ներկայացնել առողջապահության նախարարության աշխատանքի ոճի կապակցությամբ, որը փորձեր է անում երկրի բնակչության եւ մասնավոր հատվածի վրա:

Նա նշել է, որ առողջապահության նախկին նախարարները որոշումների կայացման ժամանակ սերտորեն համագործակցել են դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչը չի կարելի ասել վերջին երկու նախարարների` Արմեն Մուրադյանի եւ Լեւոն Ալթունյանի մասին, ովքեր  ընտրեցին «մենք ասում ենք, դուք անում եք» սկզբունքը: Նա նշել է, որ առողջապահության նախարարությունը այսօր պնդում է, որ դեղատոմսերի մասին վերջերս ընդունված կարգը քննարկվել  է մասնագետների լայն շրջանակի հետ, մինչդեռ նա չգիտի այդ քննարկումներին մասնակցած դեղագործների կամ բժիշկների:

«Ոչ ոք կասկածի տակ չի դնում դեղատոմսերի դուրս գրման անհրաժեշտությունը, բայց մեզ հետ ոչ ոք չի խորհրդակցել, թե ինչպես դա անել», - ասել է նա:

Նա ներկաներին հավաստիացրել է, որ եթե բժիշկները միանան, այլ ոչ թե իրենց սենյակներում նստած բողոքեն, ապա անպայման հաջողության կհասնեն:

Նա հավելել է, որ նույնը վերաբերում է եւ դեղագործներին՝ տեղեկացնելով, որ այժմ կառավարության հետ բանակցություններ են ընթանում ԱԱՀ-ից դեղերը ազատելու մասին, քանի որ երկրում բնաչության 35 տոկոսն ապրում է աղքատության շեմից անդին, եւս 35 տոկոսը՝ աղքատության շեմին, իսկ դեղը սոցիալական նշանակության ապրանք է:

Ըստ նրա՝ Ֆինանսների նախարարության հիմնական փաստարկն այն է, որ ներմուծողները ԱԱՀ-ից ազատվելու դեպքում դեղերի գները չեն նվազեցնի: Նա առաջարկել է դեղագործական ընկերություններին գրավոր ձեւով հավաստիացնել կառավարությանը, որ իրենք պատրաստ են գների զգալի նվազեցման: Սակայն 58 կազմակերպություններին ուղարկված նամակի տակ ներկայումս ընդամենը չորսն են ստորագրել ընդհանուր անհավատության պատճառով, որ այս կերպ կարող են ինչ-որ բան փոխել: «Հավատացեք, հնարավոր է, իմ փորձը դա հաստատում է», - ասել է նա:

Ըստ Սամվել Զաքարյանի՝ Հայաստանում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցչությունները նոր կանոնների պատառով արդեն լուրջ խնդիրներ են ունեցել: Ընդամենը մի քանի օր առաջ GlaxoSmithKline-ի ներկայացուցչությունից նամակ է ստացվել, որ այն փակվում է:

Բոլորը գիտեն, հավելել է նա, որ ներկայացուցչությունները աշխատում են բժիշկների հետ, բայց նոր կարգը զրկում է բժիշկներին բրենդային դեղերը նշանակելու հնարավորությունից: Այժմ այս իրավունքը փոխանցվել է դեղատներին, եւ դեղատներում արդեն հայտնվել են բժշկական ներկայացուցիչներ, ովքեր այցելում են բժիշկներին եւ առաջարկում են հիվանդներին ուղարկել իրենց մոտ, խոստանալով դեղերը վաճառել առանց դեղատոմսի: «Եթե պայքարում էին բժիշկների դեմ կոռուպցիայի համար, ապա այժմ այդ կոռուպցիան գնում է դեղատներ», - ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել