• Latest news

Ինչպե՞ս են ապրում աուտիզմով երեխաները Հայաստանում. աուտիստ տղայի քույրը խնդրում է ոչ թե խղճալ, այլ հնարավորություններ ստեղծել

2 ապրիլի, 2018  19:55

14-ամյա Գոռ Մնացականյանի մոտ աուտիզմն անմիջապես չի ախտորոշվել: Նրան երկար ժամանակ փորձել են բուժել այլ պաթոլոգիաներից, եւ միայն մի քանի տարի առաջ է ճիշտ ախտորոշում կատարվել: Ինչպես նշում են տղայի հարազատները, երբ երեխան փոքր էր, Հայաստանում քչերը գիտեին, թե ինչ է աուտիզմը: Այսօր եւ՛ բժիշկները, եւ՛ հասարակությունն ավելի տեղեկացված են, սակայն դեռ շատ խնդիրներ կան:

Գոռի ընտանիքն այդ ախտորոշման հետ համակերպվելու դժվար ճանապարհ է անցել: Սակայն, ինչպես նշում է տղայի քույրը, Անին՝ Գոռը միշտ սիրված երեխա է եղել, անհրաժեշտ էր միայն սովորել ընդունել նրան այնսպիսին, ինչպիսին նա կա: Հասարակությանը դա եւս անհրաժեշտ է սովորել, սակայն այստեղ ամեն ինչ այդքան էլ հարթ չէ, թեպետ, ինչպես նշում է Անին, ավելի լավ է, քան նախորդ տարիներին:

Նրա խոսքով՝ Հայաստանում ներառական կրթության զարգացումը շատերին սովորեցրել է ճիշտ վերաբերվել զարգացման առանձնահատկություններով երեխաներին: Բայց մինչ մենք զբոսնում էինք այգում՝ մանկական խաղահրապարակի մոտ, անընդհատ որսում էինք անցորդների կարեկցող հայացքները: Մի կին մոտեցավ մեզ եւ տրտմեց, որ «այսքան գեղեցիկ տղա է, սակայն՝ հիվանդ»: Անին խնդրեց չխղճալ Գոռին եւ նրան հիվանդ չհամարել: Պետք է հասկանալ, որ նա պարզապես ուրիշ է. նա չի կարող արտահայտել այն, ինչ զգում է:

Թրեյնինգների ժամանակ Անին բացատրում է դա նաեւ ուրիշ երեխաներին. «Պատկերացրեք, որ ձեզ կապել են եւ փակել են ձեր բերանը: Ես ձեզ հետ խոսում եմ, եւ դուք ամեն ինչ լսում ու հասկանում եք, սակայն չեք կարող պատասխանել ինձ ո՛չ ձայնով, ո՛չ ժեստով: Այդպես եւ աուտիզմով մարդիկ են»: «Գոռն անում է այն, ինչ ուզում է, նա նույնիսկ ավելի ազատ է, քան մեզանից շատերը», -ասում է նա:

Գոռն այցելում է «Իմ ուղին» մասնագիտացված վերականգնողական կենտրոնը: Բացի այդ, նրա հետ շատ են զբաղվում նաեւ տանը. սովորեցնում են գույները, ձեւերը:  Տղան սիրում է զբոսնել, խաղալ  հողի եւ խոտի հետ, նաեւ՝ երաժշտություն լսել: Այստեղ նա հատուկ նախապատվություն ունի՝ Քրիստինե Պեպելյանի երգերը: Թեպետ մենք Գոռի համար ռոք միացրեցինք, ու նրա արձագանքը անսպասելի էր նույնիսկ հարազատների համար: Ինչպես նշում են ընտանիքի անդամները, Գոռը երաժշտություն շատ է սիրում, եւ կենտրոնում նրա հետ հիմնականում երաժշտական թերապիա են անցկացնում:

Անին ցանկություն հայտնեց, որպեսզի Գոռի նման երեխաների համար կենրոնները Հայաստանում ավելի շատ լինեն եւ տարբեր տեսակի թերապիաները նրանց համար ավելի մատչելի լինեն: «Իմ ուղին» կենտրոն երեխաները հաճախում են անվճար: Գոռն այնտեղ շաբաթական ընդամենը մի քանի ժամ է անցկացնում, բայց դա շատ քիչ է: Անհրաժեշտ է, որպեսզի այդպիսի երեխաների հետ անընդհատ զբաղվեն:

«Հիմնականում ծնողները երեխաներին լոգոպեդների, թերապիստների հետ անհատական դասընթացների են տանում: Սակայն դա կապված է մեծ ֆինանսական ծախսերի հետ: Այս մասնագետների հետ մեկ ժամ պարապմունքն արժե 5000 դրամ կամ ավելի», - ասում է նա՝ հավելելով, որ նման երեխաների հետ հարկավոր է պարապել օրվա մեջ մի քանի ժամ, եւ ընտանիքները մեծ ֆինանսական խնդիրների են բախվում այս հարցում:

Անին հիշեցնում է, որ Հայաստանում արդեն դելֆինաթերապիայի, հիպոթերապիայի կենտրոններ, լողավազաններ կան, սակայն դրանք ոչ բոլորի համար են հասանելի: «Ես կցանկանայի, որպեսզի այսպիսի երեխաներն այս ամենից անվճար օգտվելու հնարավորություն ունենան: Քանի որ առանց այդ էլ ծնողները մեծ գումարներ են ծախսում նրանց կենցաղի կազմակերպման համար եւ մեծ խնդիրների են բախվում», - ասում է նա:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին, Աուտիզմի Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: Այն հաստատվել  է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի՝ 2007 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել