• Latest news

Ամերիկուhուն արդեն փոխպատվաստված երիկամ են պատվաստել. «Ես ինձ ազատ եմ զգում»

17 ապրիլի, 2018  21:28

Ամերիկյան The Atlantic ամսագիրը պատմել է երիկամի կրկնակի փոխպատվաստման եզակի դեպքի մասին։ 2017 թվականին բժիշկ Ջեֆրի Վիլը Վերթիս Բոյսին հայտնել էր, որ երիկամ են գտել նրան փոխպաստվաստելու համար։ Այս երիկամը երկու տարի առաջ 17-ամյա աղջկանից փոխպատվաստվել է մի 20-ամյա տղայի, որը հետագայում զոհվել էր ավտովթարից։ Վիրաբույժը հայտնել էր, որ Վերթիսը ցանկության դեպքում կարող է ստանալ այդ օրգանը։

69-ամյա Բոյսը համաձայնել էր, քանի որ չգիտեր, թե դեռ ինչքան ժամանակ պետք է սպասեր մեկ այլ երիկամի։ Նա չէր ուզում դառնալ 13 հիվանդներից մեկը, որոնք օրական մահանում են ԱՄՆ-ում երիկամ ստանալու հերթում. երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող տարեկան 100 հազար մարդուց ընդամենը 17 հազար հաջողակներն են ստանում երիկամ։

Հաշվի առնելով այդ վիճակագրությունը՝ փոխպատվաստման օրգանների աղբյուրներն այսօրվա արդիական խնդիրներից մեկն է։ Միաժամանակ, մեկ անգամ պատվաստված օրգանները հազվադեպ են երկրորդ անգամ հաշվի առնվում այդ հերթում։ «Սա պարզապես դոգմա է։ Երիկամի կրկնակի փոխպատվաստումը գրեթե տաբու է»,- ասում է Լոս Անջելեսի Քալիֆորնիական համալսարանի Բժշկական կենտրոնի վիրաբույժ Ջեֆրի Վիլը։

Օրգանների կրկնակի գործածման սահմանափակումները պատճառներ ունեն։ «Այդ օրգանները անցել են բազմաթիվ սթրեսային իրավիճակներով։ Դրանցից ոչ շատերն են բավականաչափ լավ վիճակում՝ կրկնակի պատվաստման համար»,- հայտնել է Յելի համալսարանի նեֆրոլոգ Ռիչարդ Ֆորմիկան։ Նա թվարկել է սթրեսային գործոնները, որոնց միջով անցնում է երիկամը՝ առաջին դոնորի մահը, սառույցը, այդ փոխպատվաստումից հետո ռեպերֆուզիոն վնասվածքը, իմունասուպրեսորների ազդեցությունը։ Ու այդ ցիկլի կրկնությունը կրկնակի փոխպատվաստումից հետո։

Փոխպատվաստման կենտրոնները չեն ցանկանում վերցնել օրգաններ, որոնք մի շարք պատճառներով «կատարյալ չեն»։ Չափից բարձր են անհաջող փոխպատվաստումների վտանգները, այդ թվում՝ բուժհաստատության վարկանիշն ու կարգավիճակը։

The Atlantic պարբերականում նկարագրված դեպքում երիկամը բավականին լավ վիճակում էր՝ այն ի սկզբանե պատկանել էր երիտասարդ դոնորի, այնուհետեւ՝ լավ ցուցանիշներ ունեցող ստացողի։ Կրկնակի պատվաստման մյուս խնդիրն է երիկամային անոթի վրա սպիացած հյուսվածքի գոյացումը։ Փոխպատվաստումը հաջողությամբ իրականացնելու համար Վիլը դոնորից վերցրել է նաեւ զստային անոթի մի հատվածը, որպեսզի երիկամը կարողանա ավելի լավ կպնել։ Այսպիսով Վերթիս Բոյսը հյուսվածքներ է ստացել միանգամից երկու դոնորից։

Ջեֆրի Վիլի համար սա երիկամի փոխպատվաստման երկրորդ վիրահատությունն է։ Դա իրոք հազվադեպ միջամտություն է, ինչպես հայտնում է American Journal of Transplantation ամսագիրը. 1988-ից մինչեւ 2014 թվականները ԱՄՆ-ում կրկնակի փոխպատվաստվել է 38 երիկամ, 26 լյարդ ու երեք սիրտ։

«Փոխպատվաստված երիկամով ապրող հիվանդների 20-25 տոկոսը մահանում է, չնայած նրանց երիկամը նորմալ աշխատում է։ Այդ երիկամները կարող էին ուրիշներին երկար տարիների կյանք տալ»,- ասում է Ջեֆրի Վիլը։ Նրա կարծիքով՝ նման փոխպատվաստումները պետք է ստանդարտ դառնան։

Կրկնակի փոխպատվաստումը փոխել է Վերթիս Բոյսի կյանքը։ Նրան այլեւս պետք չէ շաբաթական երեք անգամ դիալիզ անցնել, նա կարող է ճամփորդել ու վերջերս մասնակցել է իր զարմիկի հարսանիքին։ «Ես ինձ պարզապես լավ եմ զգում ու ազատ»,- ասում է նա։  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել