• Latest news

Ամուսնալուծությունը կարող է մեծացնել կրկնակի սրտի կաթվածի վտանգը

18 ապրիլի, 2018  21:38

Շվեդական Կարոլինսկայի ինստիտուտի հետազոտողները պարզել են այն գործոնները, որոնք կրկնակի կաթված կարող են առաջացնել: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են European Journal of Preventive Cardiology ամսագրում:

Հեղինակներն ուսումնասիրել են Swedeheart շվեդական սրտաբանական առցանց ռեեստրի տվյալները: Այնտեղ առկա է բոլոր շվեդների տվյալները, որոնք հոսպիտալացվել են սուր կորոնար համախտանիշով՝ վիճակ, որը առաջանում է սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացման ժամանակ կամ ինֆարկտից առաջ:

Նոր հետազոտությունն ընդգրկել է 40-76 տարեկան 29 226 հիվանդների մասին տվյալներ, որոնք առնվազն մեկ տարի ապրել են առաջին ինֆարկտից հետո: Սրտամկանի ինֆարկտն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, իսկ կանայք կազմել են հետազոտության մասնակիցների 27 տոկոսը: Ըստ ընտանեկան կարգավիճակի՝ մարդիկ բաժանվել են ամուսնացածների, այրիների, ամուսնալուծվածների ու չամուսնացածների: Հաշվի են առնվել նաեւ սոցիալ-տնտեսական դրությունը՝ բարեկեցությունն ու կրթության մակարդակը:

Ամուսնալուծությունը, ցածր եկամուտը եւ լիարժեք կրթության բացակայությունը զգալիորեն մեծացրել են կրկնակի ինֆարկտի հավանականությունը: Ամուսնալուծված մարդկանց մոտ վտանգը 18 տոկոսով ավելին է եղել, քան ամուսնացած մարդկանց: Այրի եւ ամուրի շվեդները  բախվել են ինֆարկտի կրկնման վտանգի փոքր-ինչ բարձր հավանականության հետ, քան ամուսնացածները, բայց տարբերությունը աննշան է եղել: 

Ավելի քան 12 տարվա կրթություն ունեցող անձանց մոտ վտանգը 14 տոկոսով քիչ է եղել 9 տարուց պակաս կրթություն ունեցողների համեմատ: Ինչպես եւ սպասվում էր, ցածր եկամուտները եւս բացասաբար են ազդել առողջության վրա: Ավելի ապահովված շվեդների մոտ երկրորդ ինֆարկտի հավանականությունը միջինում 35 տոկոսով ցածր է եղել, քան պակաս հարուստ քաղաքացիների դեպքում: 

Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ամուսնությունն ու սոցիալ-տնտեսական կարգավիճակն իսկապես կարող են ազդել պաթոլոգիայի կրկնման հավանականության վրա: Նրանց կարծիքով՝ բուժող բժիշկները պետք է այդ գործոնները հաշվի առնեն թերապիայի սխեման կազմելիս:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել