• Latest news

Նույնասեռական ու բիսեքսուալ կանանց  մոտ ավելի բարձր է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը․ գիտնականներ

11 մայիսի, 2018  22:45

2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը 22 տոկոսով բարձր է նույնասեռական ու բիսեքսուալ կանանց մոտ, քան հետերոսեքսուալ կանանց մոտ։ Սակայն այդ կապը, գիտնականների խոսքով, ուղիղ չէ, այլ մեծամասամբ կախված է մարմնի զանգվածի գործակցի տարբերությունից։ Այս մասին ասվում է Diabetes Care ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

Գիտնականները հիշեցնում են, որ կենսակերպը հիմնական գործոնն է, որը կանխորոշում է դիաբետի զարգացման հավանականությունը՝ ռիսկի խմբին են պատկանում օրինակ ճարպակալում ունեցող, սթրեսի ենթարկվող, սխալ սննդակարգի հետեւող մարդիկ։

Հետազոտության հեղինակները՝ Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները, Հեզեր Կորլիսի ղեկավարությամբ, 24 տարվա ընթացքում տվյալներ են հավաքել 94 250 ամերիկուհիների մասին, որոնք հետազոտության մեկնարկի պահին  24-44 տարեկան էին՝ նրանց տրամադրվել են այդ կանանց բնակության վայրի, ռասայի, դիաբետի ընտանեկան պատմության, մարմնի զանգվածի գործակցի ու դաշտանադադարի առկայության մասին տվյալները, որոնք էլ հենց հաշվի են առնվել վերլուծության ժամանակ։ Կանանց բաժանել են երկու խմբի՝ ըստ նրանց սեռական կողմնորոշման․ մասնակից կանանց շրջանում եղել են 92 983 հետերոսեքսուալ կանայք ու 1267 նույնասեռական ու բիսեքսուալ կանայք։

Դիտարկումների 24 տարիների ընթացքում դիաբետ է հայտնաբերվել 6399 կանանց մոտ։ Ընդ որում՝ գիտնականները ուշադրություն են դարձրել, որ դիաբետի զարգացման հավանականությունը 22 տոկոսով բարձր էր նույնասեռական ու բիսեքսուալ կանանց շրջանում, քան հետերոսեքսուալների շրջանում։ Ուշագրավ է, որ նման տարբերությունը մեծամասամբ որոշվում էր մարմնի զանգվածի գործակցով՝ հետերոսեքսուալ կանանց շրջանում այդ ցուցանիշը խորանարդ մետրի վրա միջինը 1․5 կգ ցածր էր, իսկ երբ մարմնի զանգվածի գործակիցը հաշվի է առնվել վիճակագրական մոդելում, 2-րդ տիպի դիաբետի զարգացման վրա սեռական կողմնորոշման ազդեցությունը նկատելիորեն թուլացել է։

Եվ այսպես, չնայած գիտնականներին հաջողվել է կապ հայտնաբերել սեռական կողմնորոշման ու դիաբետի զարգացման հավանականության միջեւ, այդ կապը ուղիղ չէ, այլ կանխորոշվում է նրանով, որ կանանց մարմնի զանգվածի գործակիցը տարբերվում էր ըստ նրանց սեռական կողմնորոշման (բոլոր մնացած չափանիշները՝ ռասսան, տարիքը, բնակության վայրը եւ այլն՝ հավասար են եղել մասնակիցների համար)։ Բնականաբար ավելորդ քաշը դիաբետի զարգացման ռիսկի գլխավոր գործոններից  է, դրա համար էլ զարմանալի չէ, որ մարմնի զանգվածի մեծ գործակից ունեցողների շրջանում այդ ռիսկն ավելի բարձր է եղել։

Ապագայում, գիտնականների խոսքով, անհրաժեշտ է ուսումնասիրել սեռական կողմնորոշման ու մարմնի զանգվածի գործակցի միջեւ կապի պատճառները, նաեւ դրա հիման վրա մշակել թե՛ ճարպակալման, թե՛ դիաբետի կանխարգելման ու բուժման մեթոդաբանություններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել