• Latest news

Սկոլիոզի առաջին աստիճանն առողջական խնդիրներ չի առաջացնում. մասնագետ

20 մայիսի, 2018  16:16

Սկոլիոզը ողնաշարի թեքում է, որը շատ երեխաների մոտ ի հայտ է գալիս 7-8 տարեկանում, իսկ արդեն 10-12-ում՝ ավելի արտահայտիչ դառնում։ Մեր օրերում սկոլիոզի առաջացման հավանականությունն ավելի է մեծացել։ Դրան նպաստում են երեխաների նստակյաց կյանքը, չափազանց ծանր դպրոցական պայուսակները եւ այլն: Ցավոք՝ ծնողների մեծ մասը դա շտկելու եւ վերականգնելու համար քայլեր է ձեռնարկում միայն այն ժամանակ, երբ շեղումները խիստ ընդգծված ու նկատելի են դառնում։ Այդ փուլում սկոլիոզը բուժելը միշտ չէ, որ հնարավոր է։ NEWS.am Medicine-ի հետ զրույցում կինեզիոթերապեւտ Գևորգ Բաղդասարյանը պատմել է սկոլիոզի առաջացման, կանխարգելման, դրա վտանգի եւ այլ խնդիրների մասին։

Որո՞նք են սկոլիոզի առաջացման պատճառները։ Հնարավո՞ր է կանխարգելել այս հիվանդությանը։

Նախ ասեմ, որ սկոլիոզը, ըստ թեքման փուլի, բաժանվում է չորս աստիճանի. առաջինը՝ 0-10, երկրորդը՝ 10-25, երրորդը՝ 25-40, չորրորդը՝ 40-ից բարձր։ Սկոլիոզը նկատելի է դառնում հիմնականում երկրորդ աստիճանի դեպքում։ Սկսում են այտուցվել ողնաշարի հարակից մկանները, ողնաշարը թեքվում է դեպի մկանային հատվածի կողմ։ Առաջին հերթին պետք է ուշադիր հետեւել երեխայի աճման ընթացքին։ Սկոլիոզը նկատելուն պես պետք է դիմել մասնագետին՝ հստակ հասկանալու համար, արդյո՞ք տվյալ հիվանդությունն է, ի՞նչ բուժում է հարկավոր եւ ինչի՞ց է առաջացել։ Սկոլիոզի հիմնական բուժումը կատարվում է բուժական ֆիզկուլտուրայի՝ կինեզիոթերապիայի միջոցով, ցանկացած աստիճանի դեպքում։ Բուժումը կատարվում է նաեւ վիրահատական տարբերակով՝ 3-րդ եւ 4-րդ աստիճանների դեպքում։

Ի՞նչ է իրենից ներկայացնում կինեզիոթերապիան։

Կինեզիոթերապիա լատիներենից թարգմանաբար նշանակում է բուժում՝ շարժման միջոցով։ Զարգացնում ենք ճիշտ մկանային համակարգ։ Ողնաշարը ձգվում է դեպի մի կողմ՝ ճիշտ ուղղությամբ զարգացնելով այն։

Ո՞ր տարիքում է ավելի արագ զարգանում սկոլիոզը, երբ այլեւս հնարավոր չէ այն բուժել։

Տարիքային սահմանափակում գոյություն չունի։ Այն կարող է զարգանալ մեկ տարեկանից սկսած: Ի դեպ՝ սկոլիոզը լինում է ի ծնե եւ ձեռքբերովի։ Առաջինը գենետիկորեն է առաջանում, իսկ երկրորդը ծագում է բազմաթիվ հիվանդությունների պատճառով՝ նյարդի բորբոքային գործընթացի, ոտքի կարճության, տարբեր վնասվածքների հետեւանքով: Սակայն, անկախ տարիքից, սկոլիոզը բուժել հնարավոր է։ Առաջին աստիճանի դեպքում ամբողջությամբ, մյուս փուլերում՝ 80%-ով բուժման հավանականություն կա, պարզապես պետք է ժամանակին սկսել հետեւել, որպեսզի ավելի չբարդանա։  

Ողնաշարի թեքությունն ազդում է մարդու տեսքի վրա։ Իսկ ինչպե՞ս է անդրադառնում այն առողջության վրա։ Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել։

Առաջին աստիճանի ողնաշարի թեքության ժամանակ առողջական խնդիրներ չեն առաջանում, որովհետեւ այն սովորական է համարվում։ Իսկ մյուսների դեպքում կարող է ճնշում գործադրել ներքին օրգանների, կրծքավանդակի եւ գոտկային հատվածների, սրտի, թոքերի վրա։ Իսկ հղիության ժամանակ ողնաշարը սկսում է դեֆորմացվել, առաջանում է հիպերլորդես, ցավեր են ի հայտ գալիս, ճողվածքի առաջացման հավանականությունը մեծանում է, գոտկային հատվածը՝ ծանրաբեռնվում։

Եթե արդեն առաջացել է սկոլիոզ, ինչպե՞ս կարելի է այն ճիշտ բուժել։ Ի՞նչ խորհուրդ կտաք։­

Տնային պայմաններում հիմնականում հնարավոր չէ այն բուժել, պետք է դիմել բժշկի՝ բուժական ֆիզկուլտուրայի համար։ Սկզբնական շրջանում երեխան պետք է սովորի այդ վարժությունները, իսկ հետագայում արդեն կիրառի դրանք տնային պայմաններում, իհարկե՝ բժշկի հսկողությամբ։

Սկոլիոզը կարո՞ղ է ուղեկցվել ցավերով։

Այո՛, կարող է։ Մկանային լարվածության պատճառով տեղի է ունենում մկանային տոնուսի բարձրացում, ինչն էլ ցավ է առաջացնում հիմնականում գոտկասրբանային հատվածում, իսկ կրծքավանդակի հատվածում առաջանում է ներքին օրգանների ֆունկցիայի խանգարում։ Այն լինում է 3-րդ ու 4-րդ աստիճանի դեպքում։ 

Սկոլիոզի դեպքում կարելի՞ է զբաղվել ֆիթնեսով։

Սկոլիոզի դեպքում չի կարելի զբաղվել ֆիթնեսով, որովհետեւ կարող է ողնաշարի խնդիր առաջանալ: Կարող են բարդություններ առաջանալ ոչ ճիշտ ընտրված վարժությունների, ինչպես նաեւ ծանր քաշի պատճառով: Ֆիթնեսը մարզաձեւ է, ընդ որում՝ ոչ բուժական, եւ զարգացնում է մկանային համակարգը: Սկոլիոզի պարագայում թույլատրվում է զբաղվել միայն լող մարզաձեւով, այն էլ՝ բուժումը ավարտելուց հետո:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել