Կանանց եւ տղամարդկանց շրջանում ճարպակալման եւ ավելորդ քաշի տեմպերը, ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) կանխատեսմամբ, 2030թ. բոլոր եվրոպական երկրներում մեծապես կաճեն։ Այնուամենայնիվ, կանխատեսումները եվրոտարածաշրջանի 53 երկրների համար բավականին տարբեր են։ Տղամարդկանց համար այս կանխատեսումները տարբեր են՝ 15% Նիդեռլանդներում եւ Բելգիայում, մինչեւ 47% Իռլանդիայում, իսկ կանանց համար ճարպակալման ամենաբարձր ցուցանիշները կրկին կանխատեսվում են Իռլանդիայում(47%), իսկ ամենաքիչը՝Ռումինիայում (10%)։
«Մեր հետազոտությունը արձանագրել է մի տագնապային պատկեր Եվրոպայում ճարպակալության աճի վերաբերյալ։ Անհրաժեշտ է մշակել հատուկ ռազմավարություն այս միտումը վերացնելու համար»,- ասել է բրիտանացի բժիշկ Լորա Ուեբբերը։
Եվրոպական գրեթե բոլոր երկրներում տղամարդկանց ճարպակալման մակարդակը կավելանա 2010-2030թթ ընկած ժամանակաշրջանում՝ հասնելով 75% Մեծ Բրիտանիայում, 80% Չեխիայում, Իսպանիայում ու Լեհաստանում եւ 90% Իռլանդիայում։ Ամենաքիչ ճարպակալումը կնկատվի Բելգիայում (44%) եւ Նիդեռլանդներում (47%)։ Կանանց սպառնացող ավելորդ քաշի եւ ճարպակալման վտանգի այս անտրամաբանական միտումի ամենաբարձր ցուցանիշը կրկին Իռլանդիայում է (84%)։
Տղամարդկանց ճարպակալման մակարդակները ըստ կանխատեսումների՝ Իռլանդիա՝ 58%, Հունաստան՝ 40%, Չեխիա՝38% ու Մեծ Բրիտանիա՝ 35%, ամենաքիչը՝ Ռումինիա 10%։
Հետազոտողների կարծքով, կանխատեսումների տարբերությունները երկրների միջեւ, միգուցե պայմանավորված են այդ երկրների «տնտեսական վարկանիշով» եւ «շուկայի տեսակով»։ Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում, որտեղ ճարպակալման տարածվածությունը ամենից բարձրն է, գերիշխում է չկարգավորվող ազատական շուկայական տնտեսություն, ինչպես ԱՄՆ-ում, որտեղ հիմնական միջազգային պարենային ընկերությունները խրախուսում են ուտելիքների չափից շատ սպառումը՝ մեծ շահույթ հետապնդելով։ Նիդեռլանդները, Գերմանիան, Բելգիան, Շվեյցարիան, Դանիան, Ֆինլանդիան եւ Ավստրիան ունեն ավելի կանոնավորված առեւտրային շուկաներ։
Մեկնաբանելով ընդհանուր առողջության համար կատարված հետազոտության արդյունքները՝ դոկտոր Ուեբբերը ասել է. «Հաշվի առնելով ճարպակալման խնդրում առկա դժվարությունները, ՄԱԿ-ը կոչ է արել, որ համազգային մոտեցում ցուցաբերվի գիրության եւ դրա հետ կապված հիվանդությունների կանխարգելմանը։ Նման քաղաքականությունը անհրաժեշտություն է՝ կանխելու վաղաժամ մահացության դեպքերը, եւ թոթափելու արդեն իսկ լարված առողջապահական համակարգի այս ծանր բեռը։ ԱՀԿ-ն ներկայացրել է մի քանի ռազմավարություններ՝ նպատակ ունենալով խրախուսել ֆիզիկական ակտիվությունն ու առողջ սնունդը եւ նվազեցնել ճարպակալումը»։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day