• Latest news

Կապիկների մոտ արեւադարձային սիֆիլիս են հայտնաբերել. սա դժվարացնում է հիվանդության դեմ պայքարը

24 սեպտեմբերի, 2018  19:56

Արեւադարձային սիֆիլիս (ֆրամբեզիա) վտանգավոր բակտերիալ ինֆեկցիան հանդիպում է ոչ միայն մարդկանց մոտ, այլեւ այլ պրիմատների: Այսպիսի եզրահանգում է կատարել Կենտրոնական Աֆրիկայում կապիկների հետ աշխատող գիտնականների խումբը: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Emerging Microbes & Infections ամսագրում:

Նախկինում կարծիք կար, որ ֆրամբեզիան ախտահարում է միայն մարդկանց: 1950-ական թվականներին, երբ արեւադարձային սիֆիլիսով հիվանդ էր մոտ 50 մլն մարդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ինֆեկցիան պենիցիլինով զանգվածային բուժման արշավ սկսեց, եւ 1960-ական թվականներին դեպքերի թիվը կտրուկ նվազեց: Սակայն այնուհետեւ հիվանդության հանդեպ ուշադրությունը նվազեց, եւ 1995 թվականին վարակակիրների ընդհանուր թիվն անցնում էր 500 հազար մարդուց, իսկ հիմա կազմակերպության գնահատականներով՝ առնվազն 14 արեւադարձային երկրներում վարակված է մոտ 2,5 մլն մարդ:

ԱՀԿ նոր նպատակն է 2020 թվականին հիվանդությունն արմատախիլ անել: Սակայն գիտնականների հայտնագործությունը նշանակում է, որ 2020 թվականին հիվանդության հաղթահարումը, ինչպես ծրագրել է կազմակերպությունը, կարող է ավելի դժվար լինել, քան նախկինում թվում էր:

«Երկար ժամանակ կարծիք կար, որ արեւադարձային սիֆիլիս առաջացնող բակտերիան վարակում է միայն մարդկանց, սակայն մեր նոր հետազոտությունը հաստատում է, որ դա այդպես չէ»,- ասել է հետազոտության համահեղինակ Վերենա Շունեմանը Տյուբինգենի համալսարանից (Գերմանիա):

Գիտնականների խումբը Տանզանիայում, Սենեգալում եւ Կոտ դ՛Իվուարում մաշկի եւ մաշկային արտադրության նմուշներ է վերցրել ծխագույն մանգոբեյներից, կանաչ կապիկներից եւ պավիաններից: Բոլոր կապիկների մոտ դիտվել են հիվանդության վառ արտահայտված ախտանշաններ՝ սեռական օրգանների, դնչի եւ վերջույթների վրա խոցերի տեսքով:

Հիվանդության հարուցիչի գենոմի անալիզը ցույց է տվել, որ սա նույն բակտերիան է, որը մարդկանց մոտ ֆրամբեզիա է առաջացնում. առանձին դեպքերում գենոմները համընկել են 99,989 տոկոսով:

Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի հստակեցնել հիվանդության էվոլյուցիոն պատմությունը եւ պարզել, թե մարդիկ որքան հաճախ են դրանով վարակվում այլ պրիմատներից:

Արեւադարձային սիֆիլիսը սպիրոխետա է առաջացնում՝ գունատ տրեպոնեմայի (սիֆիլիսի հարուցիչ) ենթատեսակ: Սա մաշկի, ոսկորների եւ հոդերի բակտերիալ ինֆեկցիա է՝ մաշկի վրայի օջախների արտադրությամբ:

Այն փոխանցվում է շփմամբ: Հիվանդութփյունն առաջին հերթին վտանգ է ներկայացնում երեխաների համար, որոնք միմյանց վարակում են խաղալիս: Եթե արեւադարձային սիֆիլիսը չի բուժվում, այն կարող է հաշմանդամության հանգեցնել եւ նույնիսկ մահվան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել