• Latest news

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատություն (ֆոտո)

28 սեպտեմբերի, 2018  17:01

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի վիրահատություն՝ տրանսօրալ էզոֆագոդիվերտիկուլոստոմիա. էնդոսկոպիկ մեթոդով դիվերտիկուլի հեռացում՝ առանց կտրվածքի, բերանի խոռոչով: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Նաիրի» ԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը:

Նրա խոսքով՝ հիվանդի մոտ ախտորոշվել էր Ցենկերի դիվերտիկուլ, եւ վիրաբույժների խումբը՝ պրոֆեսոր Ադամյանի ղեկավարությամբ 2018 թվականի հունիսի 19-ին վիրահատությունը կատարել է բերանի խոռոչով՝ դիվերտիկուլոսկոպի օգտագործմամբ, որի միջով կարող սարքերով կատարվել է էզոֆագոդիվերտիկուլոստոմիա:

Բժշկի խոսքով՝ այսպիսի վիրահատության տեւողությունը եւ վնասվածքայնությունը նվազագույն են՝ նախկինում կիրառվող մեթոդների համեմատությամբ, ինչը թույլ է տալիս խուսափել բազմաթիվ բարդություններից եւ հիվանդին ստացիոնարից դուրս գրել 2-3 օր հետո:

Ինչպես պարզաբանեց Անդրանիկ Ադամյանը, Ցենկերի դիվերտիկուլը կամ Ցենկերի ըմպանակերակրափողային դիվերտիկուլը առավել հաճախ հանդիպող կերակրափողի դիվերտիկուլն է: Այն տղամարդկանց շրջանում 3,5 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան կանանց մոտ: Հիմնական գանգատներն են՝ կոկորդում քորը, չոր հազը, առատ թքարտադրությունը, օտար մարմնի առկայության զգացողությունը, կլլման դրվագային խանգարումները, խցանված կերակուրի փսխումը, բերանից նեխահոտը:

Նման հիվանդների մոտ հաճախ կուլ տալու դժվարության, սնունդ ընդունելու հիվանդության հետեւանքով հյուծում է զարգանում, ինչն իր հերթին բերում է հիպովիտամինոզի, բրոնխիտի եւ թոքաբորբի: Ցենկերի դիվերտիկուլի սարսափելի բարդություն է բորբոքումը եւ թափածակումը՝ պարանոցի ֆլեգմոնայի (թարախապալար), մեդիաստինիտի (կրծքավանդակի օրգանների միջեւ թարախային պրոցես) առաջացմամբ: Թափածակումը կարող է զարգանալ նաեւ բժշկական միջամտությունների ժամանակ, ինչպիսին են՝ զոնդավորումը եւ գաստրոսկոպիան, քանի որ Ցենկերի դիվերտիկուլը այնպիսի տեղում է տեղադրված, որ սնունդը, զոնդը եւ գաստրոսկոպն ավելի շուտ հայտնվում են դրա լուսանցքի մեջ, քան կերակրափողի շարունակության:

Մինչեւ վերջին ժամանակներն այս հիվանդությունը բուժվում էր բավականին բարդ եւ վնասվածքային վիրահատության ճանապարհով: Սա շատ հաճախ բերում էր այնպիսի բարդությունների, ինչպիսին է կարերի անկայունությունը, որն իր հերթին բերում է պարանոցի ֆլեգմոնայի, մեդիաստինիտի կամ վիրախորշի զարգացման:

Ինչպես հայտնեց Անդրանիկ Ադամյանը, «Նաիրի» ԲԿ բժիշկները Հայաստանում առաջինն են յուրացրել ինովացիոն տեխնիկան, եւ սա հնարավոր է դարձել բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմի ու բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության շնորհիվ:

Սա միակ ինովացիոն մեթոդը չէ, որ Հայաստանում ներդրել է պրոֆեսոր Ադամյանը. նրան են պատկանում վիրահատության բազմաթիվ այլ մեթոդներ որովայնային խոռոչի եւ կրծքավանդակի օրգանների տարբեր պաթոլոգիաների դեպքում, այդ թվում օնկոլոգիական:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է