• Latest news

ՄԻԱՎ-ով մարդիկ եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները Հայաստանում խտրականության են ենթարկվում. հետազոտություն

3 հոկտեմբերի, 2018  22:29

ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ներարկվող թմրանյութեր օգտագործողները Հայաստանում լուրջ խտրականության են ենթարկվում: Նման եզրահանգման են եկել հետազոտության հեղինակները, որն անցկացվել է Համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ՝ ՄԻԱՎ-ի հակազդեցության ազգային կոնսորցիումի նախաձեռնությամբ:

Սոցիոլոգ Մարիամ Մխիթարյանը, որը մասնակցել է հետազոտությանը, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ հետազոտությունը հայտնաբերել է, որ վերոնշյալ խմբերի ներկայացուցիչները ստիգմայի եւ խտրականության են բախվում ամենատարբեր բնագավառներում՝ ընտանեկան կյանքից մինչեւ բժշկական հաստատություններ:

ՄԻԱՎ-ով հիվանդները հիմնականում իրենց ֆիզիկական առողջության պատճառով ամենահաճախն են ենթարկվում խտրականության: Օրինակ՝ բժշկական կենտրոններում նրանց կարող են մերժել բժշկական ծառայություններ տրամադրել, եթե նրանք ասեն, որ ՄԻԱՎ ունեն: ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները խտրականության են ենթարկվում իրենց սեռական կողմնորոշման, սեռային եւ գենդերային ինքնանույնականացման պատճառով: Ինչ վերաբերում է թմրանյութեր օգտագործող մարդկանց, նրանց որպես կանոն խտրականության են ենթարկում ֆիզիկական առողջության եւ ընտանեկան դրության պատճառով:

Հիշելով իրենց կյանքում խտրականության դրսեւորումների մասին, 30-39 տարիքային խմբից մի կին (Արարատի մարզ) պատմել է, որ բժիշկները խախտելով բժշկական գաղտնիքը, իր սկեսուրին պատմել են, որ իր եւ ամուսնու մոտ ՄԻԱՎ ինֆեկցիա կա: Իսկ երբ նա ծննդաբերում էր, նրան տեղափոխել են «Մեկուսարան» գրությամբ առանձին հիվանդասենյակ:

Նույն տարիքային խմբից մեկ այլ հիվանդի (Կոտայքի մարզ) հրաժարվել են կեսարյան հատում անել: Խնդիրը հնարավոր է եղել լուծել ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների միջամտության շնորհիվ:

Երրորդ կինը (40-49 տարեկան, Արագածոտնի մարզ) լուրջ խնդրի է բախվել, երբ ցանկացել է ԱՄԲ միջոցով հղիանալ: Նա առաջին ամուսնուց վարակվել էր ՄԻԱՎ ինֆեկցիայով, ուստի երկրորդ ամուսնու հետ որոշել են երեխային բեղմնավորել արտամարմնական բեղմնավորման ճանապարհով: Սակայն բժշկական կենտրոնում, ուր դիմել էին, նրանց ասել են, որ «այնպիսիներին, ինչպիսին նրանք են, պետք է խարույկի վրա այրեն, այլ ոչ թե օգնեն հղիանալ»:

Հետազոտությունն անցկացվել է Երեւանում եւ Հայաստանի մի քանի մարզերում: Հետազոտությանը մասնակցել են նշված երեք խմբերի 200 ներկայացուցիչներ, հարցվածներից 56,5 տոկոսը տղամարդիկ են:

32 տոկոսը խոստովանել է, որ առօրյա կյանքում հաճախ է բախվում ստիգմայի եւ խտրականության, 50,5 տոկոսը՝ երբեմն, 12 տոկոսը՝ հազվադեպ, իսկ 5,5 տոկոսը՝ երբեք: Հետաքրքիր է, որ նշված երեք խմբերից խտրականության դրսեւորւմների առավել հաճախ բախվում են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները (42,9 տոկոսը հաճախ դառնում է ստիգմատիզացիայի զոհ), իսկ բոլորից ավելի հազվադեպ՝ ՄԻԱՎ-ով մարդիկ (13,7 տոկոսը խտրականության երբեք չի բախվում):

Նշված բոլոր խմբերից մարդիկ առավել հաճախ (50,8 տոկոս դեպքերում) խտրականության դրսեւորումների են բախվում բժշկական հաստատություններում, ծնողների ընտանիքում (37,0 տոկոս) եւ աշխատավայրում կամ աշխատանքի ընդունվելիս (34,9 տոկոս): 20,6 տոկոսը խտրականության զոհ է դարձել հասարակական վայրերում, 19,6 տոկոսը՝ ոստիկանության հետ շփվելիս եւ հանրակրթական հաստատություններում: 9 տոկոսը ստիգմայի եւ խտրականության դրսեւորւմների է բախվել կրոնական կազմակերպություններում, 7,4 տոկոսը՝ մշակութային կենտրոններում, 6,3 տոկոսը՝ բանակում, 2,6 տոկոսը՝ դատարանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել