• Latest news

Չինաստանը Հայաստանին նվիրել է շտապ օգնության 200 մեքենա (ֆոտո)

17 հոկտեմբերի, 2018  13:28

Երեւանում հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Չինաստանից Հայաստանին շտապ օգնության 200 մեքենաներ փոխանցելու հանդիսավոր արարողությունը, որոնցից 65-ը ռեանիմոբիլներ են, 135-ը գծային բրիգադների ավտոմեքենաներ: Շտապ օգնության բոլոր մեքենաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ դեֆիբրիլյատորներով:

Ինչպես նշեց Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Էրլունը, առողջապահության ոլորտում համագործակցությունը կարեւոր դերակատարում ունի 2 երկրների փոխգործակցության մեջ: «Չինական կողմը նշում է Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացման կարեւորությունը»,- հայտնեց դեսպանը՝ հիշեցնելով, որ Չինաստանը 2011 թվականին երկրին նվիրել է շտապ օգնության 88 ավտոմեքենա:

Նա հատուկ շեշտեց, որ Հայաստանին եւ Չինաստանին կապում է բազմադարյա բարեկամությունը: «Երկու պետությունների ղեկավարները բազմիցս նշել են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման կարեւորությունը: Հույս ունեմ, որ այս արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի, եւ մեր երկրների միջեւ կապերը էլ ավելի կամրապնդվեն»,- ասաց Տյան Էրլունը:

Նրա խոսքով՝ Հայաստանին շտապ օգնության 200 ավտոմեքենաների նվիրաբերումը Չինաստանի համանման խոշորագույն միջազգային ծրագրերից մեկն է: Դեսպանը տեղեկացրեց, որ Հայաստան են գործուղվել 10 չինացի մասնագետներ, որոնք Հայաստանի 55 բուժհաստատություններից 350 մարդու (բուժանձնակազմ եւ վարորդներ) հետ աշխատանքներ են կատարել ավտոմեքենաների մեջ տեղակայված նորագույն սարքավորումներին ծանոթացնելու ուղղությամբ:

Տյան Էրլունը հույս հայտնեց, որ այս ծրագրի շնորհիվ Հայաստանի մարզերում շտապ օգնության կանչով օպերատիվորեն ժամանելու խնդիրներ այլեւս չեն լինի:

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ շտապ օգնության 200 ավտոմեքենաները բաշխվել են ամբողջ հանրապետությունում: 49 ավտոմեքենա տրվել է «Շտապ օգնություն» մայրաքաղաքային ծառայությանը, 10՝ մի շարք երեւանյան բժշկական կենտրոններին, 131՝ մարզային բժշկական կենտրոններին, եւս 10՝  Առողջապահության նախարարությանը (հետագա բաշխման նպատակով, եթե անհրաժեշտություն ծագի):

Թորոսյանը հայտնեց, որ չինական կողմը տրամադրել է նաեւ անհրաժեշտ ավտոպահեստամասերի խմբաքանակ: Դրանից բացի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մեկ տարվա ընթացքում չինացի մասնագետները կիրականացնեն շտապ օգնության մեքենաների տեխնիկական սպասարկումը: «Այն, որ բոլոր 200 մեքենաները հագեցած են նորագույն սարքավորումներով, շտապ օգնության բրիգադներին թույլ կտա անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալ նույնիսկ ծանր հիվանդներին՝ դրանով նվազեցնելով մահվան դեպքերի թիվը»,- նշեց նա:

Հավելենք, որ այս ծրագրի շրջանակում Չինաստանի ցույց տված օգնության ընդհանուր արժեքը կազմում է 13 մլն դոլար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել