• Latest news

Տավուշում օստեոպորոզի ախտորոշման համար կտեղադրվի ոսկրի դենսիտոմետր. Ջոն Բիլեզիկյան

24 հոկտեմբերի, 2018  19:45

Տավուշի մարզում օստեոպորոզի ախտորոշման համար կտեղադրվի ոսկրի դենսիտոմետր: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը:

Դենսիտոմետրիան ոսկրային հյուսվածքի հանքանյութային ամրության որոշման ոչ ինվազիվ մեթոդ է: Բիլեզիկյանի ջանքերով Հայաստանի մայրաքաղաքը եւ մարզերը, ինչպես նաեւ Ստեփանակերտը զինվել են ոսկրային դենսիտոմետրերով: Պրոֆեսորը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում հաջողությամբ գործում են այդպիսի 14 սարք, ինչը բնակչության մեկ շնչին բաժին հասնող դենսիտոմետրերի թվով հանրապետությունը տարածաշրջանում առաջատար է դարձնում:

Երկրի միակ մարզը, որտեղ դենսիտոմետրիա անցկացնելու հնարավորություններ չկան, Տավուշն է: Բիլեզիկյանի խոսքով, սակայն, 2019 թվականին այս հարցը կլուծվի: «Ես հույս ունեմ, որ մյուս տարվա ամռանից աշուն ժամանակահատվածում դենսիտոմետր կտեղադրվի Տավուշի հիվանդանոցներից մեկում, որի անունը հիմա չէի ցանկանա հրապարակել»,- հայտնեց պրոֆեսորը:

Բիլեզիկյանը նշեց, որ տարեցները՝ կանայք 65 տարեկանից հետո եւ տղամարդիկ 70 տարեկանից հետո պետք է պարտադիր դենսիտոմետրիա անցնեն օստեոպորոզի վաղ հայտնաբերման համար: Նա ընդգծեց, որ օստեոպորոզը XXI դարի ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Այսպես՝ միայն ԱՄՆ-ում 50-ն անց կանանց 30 տոկոսն ունի ողնաշարի կոտրվածքի պոտենցիալ հավանականություն:

Օստեոպորոզի զարգացման վրա ազդող բացասական գործոնների թվում են օրգանիզմում կալցիումի եւ D վիտամինի դեֆիցիտը: «Ապացույցներ չկան, որ կալցիում պարունակող սննդային հավելումներն առողջության համար վտանգավոր են»,- հայտնեց նա: Բիլեզիկյանի խոսքով՝ օրգանիզմում D վիտամինի դեֆիցիտն այնքան տարածված երեւույթ է, որ արդեն գլոբալ մասշտաբի խնդիր է:

Օստեոպորոզի զարգացման վրա ազդում է նաեւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը: «Ֆիզիկական ակտիվությունը կարեւոր է հատկապես վաղ տարիքում, քանի որ մեծացնում է երեխաների ոսկորների ամրությունը»,- տեղեկացրեց պրոֆեսորը: Ինչ վերաբերում է մեծահասակներին, ապա նրանց դեպքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունները դրական են ազդում ոսկրային համակարգի վրա:

Օստեոպորոզի կանխարգելման համար կարեւոր դերակատարում ունի առողջ կենսակերպը: Խոսքը, մասնավորապես, ալկոհոլի չափավոր օգտագործման եւ ծխելուց հրաժարվելու մասին է: Բիլեզիկյանը սրա հետ կապված չհապաղեց նշել, որ Հայաստանում ծխող մարդիկ մեծ թիվ են կազմում: «Ես տեսնում եմ, որ Հայաստանում շատ են ծխում: Սա անընդունելի է»,- շեշտեց պրոֆեսորը:

Երեւանում հոկտեմբերի 24-ին անցկացվել է օստեոպորոզի հարցերով XII ամենամյա միջազգային սիմպոզիումը, որի շրջանակում զեկույցներով հանդես են եկել առաջատար մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Շվեյցարիայից: Միջոցառման նպատակն է օստեոպորոզի կանխագելման եւ բուժման ժամանակակից մեթոդների հետ տեղացի բժիշկներին ծանոթացնելը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել