• Latest news

Ցրված սկլերոզ. Ի՞նչ պետք է իմանալ այս հիվանդության մասին

27 մայիսի, 2014  19:21

Ցրված սկլերոզը ոչ մի ընդհանրություն չունի այն բանի հետ, ինչ մարդիկ անվանում են սկլերոզ, այսինքն՝ մոռացկոտություն։ Եվ այն ոչ մի կապ չունի ցրվածության հետ։ Իսկ ի՞նչ է ցրված սլերոզը  եւ ինչպե՞ս կարելի է այն բուժել. այս հարցերի պատասխանները պարզելու համար NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի Նյարդաբանության ամբիոնի ղեկավար, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հավհաննես Մանվելյանի հետ։

Ի՞նչ է ցրված սկլերոզը

Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի բորբոքային դեմիելինացնող հիվանդություն է, բացատրել է պրոֆեսոր Մանվելյանը։ Ցրված սկլերոզի ժամանակ տուժում է նյարդային հանգույցների միելինային թաղանթը, որը հնարավորություն է տալիս ազդանշան փոխանցել մի բջջից մյուսը։ Արդյունքում մարդն այլեւս չի ստանում օրգանիզմի կենտրոնական ուղեղային կարգավորումները. եթե վնասվում է տեսողական նյարդը, առաջանում է տեսողության կորուստ, իսկ եթե լսողական նյարդը՝ տուժում է լսողությունը։

Թե ինչու է առաջանում ցրված սկլերոզը, ավաղ, դեռ հայտնի չէ։

Ինչպե՞ս է արտահայտվում ցրված սկլերոզը

Ինչպես նշեց Հովհաննես Մանվելյանը՝ ցրված սկլերոզը հաճախ արտահայտվում է վերջույթների թուլությամբ, որը շատերը սկզբում անտեսում են։

Օրինակ, եթե երիտասարդ աղջիկը, որը վերջերս վիճել է իր սիրեցյալի հետ, գանգատվում է ձեռքերի թմրածությունից, հարազատները դժվար թե դրա վրա ուշադրություն դարձնեն, քանի որ նրանք կկարծեն, որ մեղավորը աղջկա՝ չափից դուրս զգացմունքային լինելն է։ Սակայն ձեռքերի (ինչպես նաեւ մարմնի այլ մասերի) թմրելը նախանշան է, որ պետք է դիմել նյարդաբանի, չէ որ այն կարող է վկայել մի լուրջ հիվանդության մասին։

Հայաստանում մարդիկ հաճախ անտեսում են նման նախանշանները եւ բժշկի դիմում են բավականին ուշ։ Պրոֆեսոր Մանվելյանի խոսքով, սա շատ վատ է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ինչքան շուտ սկսել բուժումը, այդքան արդյուավետ կարող է լինել այն, հետեւաբար հիվանդը ավելի լիարժեք եւ երկար կարող է ապրել։

Ո՞ւմ մոտ է ավելի հաճախ հանդիպում ցրված սկլերոզը

Ինչպես նշեց Հովհաննես Մանվելյանը՝ ցրված սկլերոզով հիմնականում տառապում են երիտասարդները եւ ամենից հաճախ այն հանդիպում է 20-40 տարեկան մարդկանց մոտ։

Առաջին անգամ ցրված սկլերոզը արձանագրվել է 1868թ-ին, սակայն այն տարածվել է ամբողջ աշխարհով մեկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երկար ժամանակ կարծում էին, որ ցրված սկլերոզից հիմնականում տուժում են հյուսիսային երկրները, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գիտնականները համոզվեցին, որ հիվանդության նոր կլաստերներ են առաջանում ամբողջ Եվրոպայում։

«Հայաստանում 80-ական թվականներին կատարվել է առաջին հետազոտությունը եւ արձանագրվել ընդամենը 30 հիվանդ։ Ավաղ, այսօր ցրված սկլերոզի կենտրոնում մենք շաբաթական բացահայտում ենք 4-5 դեպք։ Ոչ մի հիվանդություն նման ագրեսիվ աճ չունի, ինչպես ցրված սկլերոզը»,-ասել է պրոֆեսոր Մանվելյանը։

Կարելի՞ է բուժել ցրված սկլերոզը

Գիտության եւ բժշկության զարգացածության ներկա պայմաններում ցրված սկլերոզն անհնար է բուժել, սակայն հիվանդության ճիշտ եւ ժամանակին վերահսկելու  դեպքում,  հիվանդը կարող է բավականին երկար եւ լիարժեք կյանք վարել։ Բնականաբար, նա ստիպված կլինի պահպանել որոշակի կենսաձեւ (օրինակ խուսափել շոգից, ծանրությունից, ուժեղ զգացմունքներից), որը նրան խորհուրդ կտա բժիշկը։

«Կան դեղամիջոցներ, որոնք բավականին նվազեցնում են հիվանդության կրկնվելու հավանականությունը, բայց մինչ այժմ չկան դեղամիջոցներ, որոնք կբուժեն ցրված սկլերոզը»,-ասել է պրոֆեսոր Մանվելյանը։

Նա նաեւ նշել է, որ սխալ բուժումը կարող է ցրված սկլերոզ ունեցող հիվանդներին ավելի վնասել։ Օրինակ, որոշ հիվանդներ սկսում են գնալ հեքիմների եւ էքստրասենսների մոտ, բժշկի այցելելու փոխարեն. այսպես, իհարկե, նրանք վատնում են իրենց թանկարժեք ժամանակը եւ դա ավելի է վատթարացնում հիվանդության կանխատեսումները։ 

Ցրված սկլերոզի բուժումը պետք է հիմնված լինի խիստ գիտական սկզբունքների վրա, կարծում է պրոֆեսոր Մանվելյանը։ Կան բուժման եւ հիվանդի վիճակը մեղմելու համար նախատեսված տարբեր դեղամիջոցներ, սակայն բժիշկը պետք է զգուշությամբ ընտրի դրանք, եւ նա պետք է հիմնվի ոչ թե իր փորձառության, այլ ցուցումների վրա։

Նշենք, որ ցրված սկլերոզի բուժումը թանկարժեք է եւ գործնականում դրված է հիվանդի ուսերին, քանի որ Հայստանում դրա համար նախատեսված պետական ծրագրեր չկան, որոնք կօգնեն ցրված սկլերոզ ունեցող հիվանդներին։

Կյանքի վերջ, թե՞ սկիզբ

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրուցելիս պրոֆեսոր Մանվելյանն ասել է, որ որոշ մարդիկ իմանալով այս հիվանդության մասին, դեպրեսիայի մեջ են ընկնում եւ կորցնում կյանքի հանդեպ ունեցած իրենց հետաքրքրությունը։ Նման մարդիկ կարծում են, որ կյանքն ավարտվել է եւ անգամ չեն էլ ցանականում բուժվել։ Պրոֆեսոր Մանվելյանի խոսքով՝ նման մոտեցումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. անպայման պետք է պայքարել, ընդ որում, ինչպես արդեն նշվել է, բուժման ճիշտ մոտեցման դեպքում հիվանդը կարող է ապրել լիարժեք եւ բնականոն կյանքով։

Կան նաեւ ավելի ուժեղ մարդիկ. օրինակ, պրոֆեսոր Մանվելյանը պատմել է ցրված սկլերոզով հիվանդ մի 16-ամյա երիտասարդ տղայի մասին։ Նա շարունակում է զբաղվել սպորտով եւ պահպանում է լողի չեմպիոնի կոչումը՝ չնայած իր շարժողական խնդիրների։ Տղան  կարողացել է հաղթահարել հիվանդությունը, եւ նա միանշանակ, ավելի հզոր կամքի ուժ ունի, քան մյուսները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել