• Latest news

2017 թվականին գրանցվել է մալարիայից մահվան 435 000 դեպք. Այսօր մալարիայի համաշխարհային օրն է

25 ապրիլի, 2019  13:17

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ապրիլի 25-ը հռչակվել է Մալարիայի համաշխարհային օր, որը նշվում է 2007 թվականից: Այս տարվա կարգախոսն է. «Զրո մալարիան սկսվում է ինձնից»:

Մալարիայի դեմ պայքարում ավելի քան մեկ տասնամյակի կայուն առաջընթացը դադարել է: ԱՀԿ-ի մալարիայի համաշխարհային իրավիճակի վերջին զեկույցի համաձայն՝ 2015-ից մինչև 2017 թվականը մալարիայի դեպքերի նվազեցման հարցում որևէ նշանակալի ձեռքբերում չի արձանագրվել: 2017 թվականին գրանցվել է մալարիայից մահվան 435 000 դեպք, ինչն անցյալ տարի գրեթե անփոփոխ է մնացել:

2015 թվականի մայիսին Առողջապահության համաշխարհային վեհաժողովը հավանություն է տվել մալարիայի 2016-2030 թվականների գլոբալ ռազմավարությանը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել` 2030 թվականին առնվազն 90%-ով նվազեցնել մալարիայի հիվանդացությունը և մահացությունը, վերացնելով մալարիան առնվազն 35 երկրում, և կանխել մալարիայի կրկին արմատավորումն այն երկրներում, որոնք ազատ են մալարիայից:

Մալարիայի դեմ պայքարում գլոբալ առաջընթաց արձանագրելու համար հրատապ գործողություններ են անհրաժեշտ և մարտահրավերներն առավելապես ուղղված են մալարիայից առավել տուժած երկրներին:

Այս տարի Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրն ԱՀԿ-ն հայտարարում է հիվանդության ետմղման ծրագիր՝ մինչև մալարիայի վերջը: Աֆրիկյան Միության և այլ գործընկեր կազմակերպությունների նախաձեռնությամբ մեկնարկել են «Զրո մալարիան սկսվում է ինձնից» խորագրով քարոզարշավը, որի նպատակն է քաղաքական օրակարգում բարձրացնել մալարիայի դեմ պայքարը, նպատակաուղղել հավելյալ ռեսուրսներ և հզորացնել համայնքների՝ մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման նախաձեռնությունը:

2016 թվականին ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանը հայտարարվել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Սա մեծ ձեռքբերում է Եվրոպական տարածաշրջանի  և  համաշխարհային հանրության համար՝ մալարիայի էլիմինացիայի (վերացման) պայքարում: Այնուամենայնիվ՝ հիվանդության վերադարձի վտանգը դեռ մնում է, քանի որ մեծ է այլ տարածաշրջաններից բերովի դեպքերի թիվը: Քաղաքական հանձնառություն և արդյունավետ համաճարակաբանական հսկողություն է անհրաժեշտ՝ պահպանելու ձեռք բերված արդյունքները:

2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք:

Այսօր Մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում համատեղ ջանքերով ապահովելու մալարիայի կրկին արմատավորման կանխարգելումը Հայաստանում:                                                             

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել