• Latest news

Ճանաչենք հիվանդությունները. Սիֆիլիս

15 մայիսի, 2019  19:37

Դուք, հավանաբար, որոշ հիվանդությունների մասին ոչ մի անգամ չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Բայց կան հիվանդություններ, որոնց կարող է բախվել յուրաքանչյուրը, եւ դրանց մասին չիմանալ չի կարելի:

NEWS.am Medicine-ը «Ճանաչենք հիվանդությունները» խորագրի ներքո ներկայացնում է այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի՝ իմանալու համար, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:

Այսօրվա թեման է սիֆիլիսը:

Այս հիվանդության առանձնահատկությունները հասկանալու համար NEWS.am Medicine-ին օգնել է մաշկաբան-վեներոլոգ Հովհաննես Հովհաննիսյանը:

Ի՞նչ է սիֆիլիսը

Սիֆիլիսը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով եւ ախտահարում է մաշկը, լորձաթաղանթները, ներքին օրգանները, ոսկորները եւ նյարդային համակարգը: Հիվանդության հարուցիչը Treponema pallidum տեսակի բակտերիան է (գունատ տրեպոնեմա):

Սիֆիլիսն առաջին անգամ նկարագրվել է դեռ XV դարի վերջում, սակայն սիֆիլիսի խնդիրը արդիական է մինչ օրս:

Ինչպես նշեց Հովհաննես Հովհաննիսյանը հիվանդությունն ալիքաձեւ ընթացք ունի. ժամանակ առ ժամանակ այն գլուխ է բարձրացնում, վարակվողների թիվը սկսում է ավելանալ, հիվանդության դեմ սկսում են ակտիվորեն պայքարել, դրա մասին տեղեկություններ տարածել, ինչի շնորհիվ այն հաջողվում է վերահսկողության տակ առնել եւ նվազեցնել հիվանդացությունը: Այնուհետ դրա մասին նորից մոռանում են եւ հիվանդությունը նորից սկսում է ակտիվանալ:

Փոխանցման ուղիները

Սիֆիլիսը փոխանցվում է հիմնականում սեռական ճանապարհով. սիֆիլիսով հնարավոր է վարակվել  սիֆիլիսական խոցի հետ անմիջական շփման հետեւանքով՝ վագինալ, անալ կամ օրալ սեքսի ժամանակ: Սիֆիլիսական խոցերը կարող են գտնվել առնանդամի վրա կամ դրա շուրջ, հեշտոցում, հետանցքում, ուղիղ աղիքում կամ շրթունքներին եւ բերանի խոռոչում:

Սիֆիլիսը կարող է նաեւ վարակված մորից փոխանցվել պտղին:

Սիֆիլիսը կարող է փոխանցվել նաեւ արյան միջոցով, օրինակ սիֆիլիսով վարակված դոնորից արյան փոխներարկման ժամանակ (այսօր նման ռիսկը նվազագույն է, քանի որ դոնորական արյունը մանրակրկիտ ստուգվում է): Ներարկվող թմրանյութեր օգտագործող մարդիկ կարող են վարակվել ընդհանուր ներարկիչներով կամ թմրանյութերի լուծման համար ընդհանուր տարաներից օգտվելու դեպքում:

Տեսականորեն սիֆիլիսի փոխանցման կենցաղային ճանապարհը նույնպես բացառված չէ, սակայն գործնականում, ըստ մասնագետի, նման բան լինում է շատ հազվադեպ: Սիֆիլիսի հարուցիչը բավականին կայուն է շրջակա միջավայրում եւ որոշ ժամանակ կարող է ապրել մարդու օրգանիզմից դուրս՝ 15-30 րոպե, որից հետո կկորցնի կենսունակությունը եւ կդադարի վտանգավոր լինել:

Ռիսկի խմբեր

Սիֆիլիսով, ինչպես եւ ցանկացած այլ վարակիչ հիվանդությամբ կարող է վարակվել յուրաքանչյուրը՝ անկախ ծագումից եւ կարգավիճակից: Հետեւաբար սիֆիլիսի համար պրոֆլիկատիկ թեստերը երբեք ավելորդ չեն. դրանք հարկավոր են հիվանդությունը ժամանակին հայտանբերելու եւ բուժելու համար:

Հայաստանում բոլոր հղիներին երկու անգամ ստուգում են սիֆիլիսի առկայության համար (եւ այլ հիվնադությունների համար), քանի որ հղիությունը առնվազն մեկ չպաշտպանված սեռական ակտի արդյունք է եւ չի կարելի բացառել, որ այդ ակտի ժամանակ կարելի էր ինչ-որ բանով վարակվել:

Ի տարբերություն սեռական ճանապարհով փոխանցվող շատ այլ հիվանդությունների, սիֆիլիսն անպտղություն չի առաջացնում. վարակված կինը կարող է հղիանալ եւ ծննդաբերել, սակայն բնածին սիֆիլիսով երեխայի մոտ կարող են լուրջ խնդիրներ լինել, ուստի շատ կարեւոր է մինչեւ երեխայի ծնունդն այն հայտնաբերել:

Եթե սիֆլիսը ախտորոշել են հղիության մինչեւ 5 ամսականը, կնոջը կարող են բուժել եւ երեխային ոչինչ չի սպառնա: Հղիության 5-րդ ամսից հետո կարող են որոշակի ռիսկեր լինել, բայց բարեբախտաբար, պրոֆիլակտիկ թեստերի շնորհիվ հիվանդությունը սովորաբար շատ ավելի հեշտ են գտնում:

Բարձր ռիկսի խմբում են նաեւ տղամարդկանց հետ սեքսով զբաղվող  տղամարդիկ, ինչպես նաեւ սեքս ինդուստրիայի աշխատողները: Հետաքրքիր է, որ առաջինների շրջանում սիֆիլիսը ավելի շատ է տարածված, սակայն պրոֆիլակտիկ նպատակով խորհուրդ է տրվում ստուգվել եւ նրանց, եւ մյուսներին:

Ախտանշանները

Սիֆիլիսը բաժանվում է մի քանի փուլերի (նախնական, երկրորդական, թաքուն եւ երրորդային)։ Գոյություն ունեն տարբեր նշաններ եւ ախտանշաններ, որոնք կապված են յուրաքանչյուր փուլի հետ։
Առաջնային սիֆիլիսի դեպքում, որպես կանոն, նկատվում է ցավ կամ խոցեր վարակի սկզբնատեղում, այն տեղում, որը շփվել է վարակի հետ. խոցերը սովորաբար առաջանում են սեռական օրգանների վրա կամ դրանց շուրջ, հետանցքի կամ ուղիղ աղիի շուրջ, բերանում կամ դրա շուրջ։ Այդ խոցերը սովորաբար (բայց ոչ միշտ) պինդ են, կլորավուն եւ անցավ։

Երկրորդային սիֆիլիսի ախտանշանները ներառում են մաշկի ցանը, ուռած լիմֆատիկ հանգույցները եւ սուբֆեբրիալ ջերմաստիճանը (մոտ 37 °C կամ մի փոքր բարձր)։ Առաջնային եւ երկրորդային սիֆիլիսների ախտանշանները կարող են աննշան լինել, եւ որոշ դեպքերում դրանք կարելի է անգամ չնկատել։ Երբեմն երկրորդային սիֆիլիսի փուլն առհասարակ չի նկատվում եւ ընթանում է երկարատեւ ծածուկ փուլով։

Երրորդային սիֆիլիսը կապված է անհամեմատ ավելի լուրջ առողջական խնդիրների հետ, որոնք կարող են ի հայտ գալ վարակվելուց շատ տարիներ հետո։ Երրորդային սիֆիլիսը սովորաբար բնութագրվում է բազմաթիվ զարգացող դեստրուկտիվ ախտահարումներով տարբեր օրգաններում եւ համակարգերում, այդ թվում՝ շնչերակում, գլխուղեղում (հանգեցնելով կաթվածի), ոսկրածուծում (սմքախտ), խոշոր անոթներում (սիֆիլիտիկ էնդարտերիտ), ոսկրամկանային համակարգերում, մաշկի կամ լորձաթաղանթների վրա։

Չբուժվելու դեպքում սիֆիլիսը կարող է տարածվել ուղեղի եւ նյարդային համակարգի (նեյրոսիֆիլիս) կամ աչքերի (աչքի սիֆիլիս) վրա, ընդ որում՝ դա կարող է տեղի ունենալ վերը նկարագրված ցանկացած փուլում։ Նեյրոսիֆիլիսի ախտանշանները ներառում են ուժեղ գլխացավ, մկանային շարժումների համակարգման խանգարումներ, կաթված, ընդարմացում։ Իսկ աչքի սիֆիլիսի ախտանշանները ներառում են տեսողության վատացում եւ անգամ կուրություն։

Սիֆիլիսի դրսեւորումները կարող են տարբեր լինել, եւ պացիենտն ինքն էլ, որի մոտ ախտանշանները կարող են լինել կամ ոչ, կարող է չհասկանալ, թե ինչ է կատարվում իր հետ. միայն թեստերը եւ անալիզները կարող են ցույց տալ, թե հիվանդ է արդյոք մարդը սիֆիլիսով։ Ուստի, եթե ունեցել եք չպաշտպանված սեռական ակտ, խորհուրդ է տրվում համենայնդեպս ստուգվել, անգամ եթե ձեզ ոչինչ չի անհանգստացնում։

Ախտորոշումը

Դեպքերի մեծ մասում սիֆիլիսը կարող է հայտնաբերվել արյան անալիզի միջոցով։ Բայց պետք է հաշվի առնել, որ վարակի եւ անալիզի հանձնման միջեւ պետք է որոշ ժամանակ անցնի, այլապես անալիզը կարող է կեղծ բացասական պատասխան տալ, այսինքն՝ մարդը կարող է վարակված լինել, բայց անալիզը դա ցույց չի տա։

Բուժումը

Սիֆիլիսը ցանկացած փուլում հաջողությամբ բուժվում է։ Առաջնային եւ երկրորդային սիֆիլիսը կարելի է բուժել Հայաստանում գրանցված հակաբիոտիկներով։ Երրորդային սիֆիլիսը նույնպես կարելի է բուժել, բայց որոշ խնդիրներ, որոնք ծագում են դրա պատճառով, կարող են անդառնալի լինել. օրինակ, եթե երրորդային սիֆիլիսի պատճառով պացիենտի քթի հյուսվածքները խիստ ախտահարվել են, նրա քիթը բուժման արդյունքում արդեն չի վերականգնվի, բայց հիվանդության հարուցիչը կարելի է վերացնել բուժման օգնությամբ։

Հետգրության փոխարեն

Եվ այսպես, սիֆիլիսը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է գերազանցապես սեռական ճանապարհով։ Այս հիվանդության մասին հայտնի է վաղուց, եւ թեեւ այն բավական հաջող բուժվում է, բայց եւ 21-րդ դարում մնում է լուրջ խնդիր, որը չի կարելի անտեսել։ Կան ռիսկի մի քանի խմբեր, որոնց մեջ մտնող մարդիկ պետք է անպայման ստուգվեն, եթե անգամ նրանց ոչինչ չի անհանգստացնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի