• Latest news

Հայաստանում արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ. ԱՆ

6 օգոստոսի, 2019  16:50

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում: Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ` արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ: Աճն արձանագրվել է հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևանում:

Աշխուժացում է նկատվում նաև էշերիխիոզների առումով, մասնավորապես՝ վերջին 2 ամսվա ընթացքում:

Համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ դեպքերի գերակշիռ մասի առաջացման հիմնական աղբյուրը սննդամթերքն է (մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն):

Աղիքային վարակների բարդություններից խուսափելու, ինչպես նաև դրանց առաջացումը (այդ թվում՝ բռնկումների) և տարածումը կանխելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.

*մշտապես պահպանել անձնական հիգիենայի կանոնները. ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարանից հետո, տրանսպորտից օգտվելուց հետո՝ տուն վերադառնալուն պես,

*սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

*սննդամթերքը պահպանել պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

*չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,

*բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

*սննդամթերքը պահել փակ տարաներում և պատշաճ ջերմային պայմաններում` ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով,

*առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ,

*պատահական վայրերից սունկ չգնել, գնված սունկը լվանալիս լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,

*չլողալ կասկածելի ջրամբարներում,

*եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժությամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել հիվանդության ինչպես քրոնիկական, այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի