• Latest news

Սուրճի մեջ կարող են պարունակվել վտանգավոր միկոտոքսիններ. գիտնականներ

28 հոկտեմբերի, 2019  14:22

Սուրճի մեջ կարող են պարունակվել միկոտոքսիններ, որոնք արտադրվում են մանրադիտակային բորբոսասնկերի կողմից եւ մարդու օրգանիզմի համար պոտենցիալ վտանգավոր են: Այս մասին զգուշացնում են Վալենսիայի համալսարանի (Իսպանիա) գիտնականները:

Փորձագետների խոսքով՝ միկոտոքսինները առավել հաճախ Aspergillus եւ Fusarium կարգի սնկերի գործունեության արգասիք են: Այդպիսի բորբոս է զարգանում մթերքների վրա, երբ խախտվում են դրանց պահպանման պայմանները: Նախկինում հայտնի էր, որ մարդու օրգանիզմի համար վտանգավոր միկոտոքսիններ արտադրող բորբոսը առանձնապես հաճախ է առաջանում հատիկավոր մթերքներում, լոբազգիներում, ընկույզներում եւ սերմերում: Սակայն, իսպանացի հետազոտողների տվյալներով, միկոտոքսիններ կարող են հայտնվել նաեւ սուպերմարքեթներում վաճառվող սուրճի մեջ:

Գիտնականները ստուգել են տարբեր տեսակի սուրճի 103 նմուշ, որոնք գնվել են Վալենսիայի սուպերմարքեթներում: Հետազոտողների խոսքով՝ իրենց ստուգած սուրճի բոլոր նմուշները պարունակել են այնպիսի նյութեր, ինչպես աֆլատոքսիններ, ֆումոնիզիններ, տրիխոտեցեններ, օխրատոքսիններ եւ այլն, եւ որոշ դեպքերում մթերքի մեջ դրանց խտությունը բավականին բարձր էր:

Այս նյութերը, հատկապես աֆլատոքսինները, ենթադրաբար, կարող են նպաստել լյարդի քաղցկեղի զարգացմանը, խախտել հորմոնային եւ իմունային համակարգերի, ինչպես նաեւ երիկամների աշխատանքը:

Միկոտոքսինների գլխավոր վտանգն այն է, որ դրանք անհնար է հայտնաբերել մթերքները սովորական զննելիս. դրանք չեն փոխում մթերքի համը, բույրը եւ գույնը, ավելին՝ դրանք չեն քայքայվում ջերմային մշակման ենթարկելիս կամ սառեցնելիս: Միկոտոքսինների մեծ մասը քիմիական կայուն միացություններ են, դրանք պահպանվում են պահելու եւ վերամշակելու գործընթացում, նույնիսկ բարձր ջերմաստիճաններում պատրաստելու ընթացքում:

Փորձագետները նշում են, որ ցորենը, լոբազգիները, նպարեղենը, ալյուրը, հացաբուլկեղենի արտադրանքը, ընկույզները լավ օդափոխվող չոր տեղում խնամքով պահելը նվազեցնում է սնկերի աճը եւ համապատասխանաբար՝ այդ մթերքներում միկոտոքսինների կուտակումը:

Իսկ եթե այս մթերքներում առաջանում է մգլահոտ կամ բորբոսահոտ, դրանք օգտագործել չի կարելի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել