• Latest news

Հայրենիք վերադարձած 44 ռազմագերիներից 10-ը տարբեր վիրավորումներ ունեն. Զինվորներին ուղեկցած բժիշկը պատմեց նրանց վիճակի մասին

16 դեկտեմբերի, 2020  15:23

Հայրենիք վերադարձած 44 ռազմագերիներից 10-ը տարբեր վիրավորումներ եւ բուժման կարիք ունի: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բժիշկ Միքայել Սամսոնյանը, որն Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ռուսական ինքնաթիռում ուղեկցող բժիշկն էր:

Բժշկի խոսքով՝ անմիջապես տեղում, ռազմագերիների հետ հենց առաջին հանդիպման ժամանակ ինքը զննել է նրանց՝ վիճակը գնահատելու եւ հասկանալու համար, թե նրանցից ով օգնության կարիք ունի: Անհետաձգելի օգնության անհրաժեշտություն չի եղել, սակայն 10-ը հայրենիք վերադառնալուն պես բուժման կարիք ունեին: Մի քանիսի մոտ բժիշկը հայտնաբերել է ոչ մեծ վերքեր:

Բժշկի խոսքով՝ զինվորներն իրեն ասել են, որ այդ բոլոր վիրավորումները ստացել են մարտական գործողությունների ժամանակ: Իրականում այդպես է եղել թե ոչ, մասնագետի խոսքով, դժվար է ասել, անհնար է բացառել, որ զինվորներն այդպես էին ասում միայն այն պատճառով, որ բուժզննման եւ զրույցի ժամանակ դեռեւս գտնվում էին ադրբեջանական տարածքում:

Այսպես թե այնպես, կյանքին վտանգ սպառնացող վիրավորումներ ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել: Մի զինծառայողի ոտնաթաթի մի մասն է անդամահատվել, մեկ ուրիշի կոտրված ոտքի վրա հավաքվել է Իլիզարովի դիստրակցիոն-կոմպրեսիոն սարքը: Նրա վերքի վիճակն, իհարկե, դժվար է բավարար համարել: Նախնական տեղեկություններով՝ երկուսն էլ բավական երկար բուժման կարիք կունենան:

Բժշկի խոսքով՝ բոլոր զինվորներին նախնական տեղափոխել են «Կանազ» զինվորական հոսպիտալ, որտեղից անհրաժեշտության դեպքում կտեղափոխեն այլ բուժկենտրոններ:

Գերությունից վերադարձած 14 քաղաքացիական անձանց տեղավորել են առողջապահության նախարարությանն առընթեր քաղաքացիական հիվանդանոցներում, որտեղ բոլորին հետազոտում են եւ անհրաժեշտության դեպքում բուժում կանցկացնեն: Նրանց վիճակի վերաբերյալ առայժմ մանրամասներ հայտնի չեն:

Ինչպես նշեց Միքայել Սամսոնյանը, հայրենիք վերադարձած ռազմագերիների մեծամասնությունը այս կամ այն չափով հոգեբանական կամ հոգեբուժական օգնության կարիք ունի:

«Մեր տղաներն անչափ ամուր են, նրանք լավ են դիմացել: Ապրեն նրանք, իրենց իսկական տղամարդու պես են պահել: Նրանցից շատերը հիմա հոգեբանական օգնության կարիք ունեն, որը նրանց համար անպայման կկազմակերպվի»,- ասաց բժիշկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել