• Latest news

Նյարդաբանական հիվանդությունները կտրուկ աճ են գրանցում․ Հովհաննես Մանվելյան

9 սեպտեմբերի, 2021  17:33

Վերջերս զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանական ամբիոնի վարիչ, Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի փոխնախագահ Հովհաննես Մանվելյանի հետ։ Քննարկել ենք աճող նյարդաբանական և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կտրուկ աճը և դրանց դեմ պայքարելու միջոցները։

Նյարդաբանական հիվանդությունները գնալով ավելի ու ավելի տարածում են ստանում աշխարհում ու Հայաստանում; ինչն է հանդիսանում դրա պատճառը և որոնք են ամենատարածված նյարդաբանական հիվանդությունները Հայաստանում։

Դուք իսկապես անդրադառնում եք արդի նյարդաբանության ամենասուր խնդիրներից մեկին` բազմաթիվ խմբերի հիվանդների քանակի հսկայական ավելացմանը: Հայտնի պատճառները բազմաթիվ են` շրջակա միջավայրի ախտոտումից սկսաց մինչև կյանքի ընթացքում ձեռք բերված տարբեր հիվանդությունների արդյունքում զարգացած նյարդաբանական խնդիրները: Այլ պատճառներից կարող եմ նշել երկարակյացությունը, երբ որ ծեր տարիքում կենսական օրգանները պահպանում են նորմալ գործունեությունը, սակայն գլխուղեղը ենթարկվում է անդառնալի փոփոխությունների` նեյրոդեգեներացիայի, որի պատճառով էլ զարգանում են Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունները, բազմաթիվ այլ շարժողական ու կոգնիտիվ համախտանիշներ: Այսօր մեր երկրում Պարկինսոնյան խմբի հիվանդությունները ներկայացնում են մեծ առողջապահական և սոցիալական խնդիր, հաշվի առնելով հիվանդների մեծաթիվ քանակը և նրանց խնամքի սոցիալական բեռը:

Առօրյա կյանքում ինչպիսի ռիսկի գործոններն են ազդում նյարդաբանական հիվանդությունների առաջացման վրա, և ինչպես կարելի է դրանք կանխարգելել։

Այսօր մենք պարտավոր ենք քարոզել առողջ ապրելակերպը երիտասարդ տարիքից, որպեսզի խուսափենք կյանքի հասուն տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներից։ Պետք է սնվել առողջ և լինել ֆիզիկապես ակտիվ, խուսափել սիգարետ ծխելուց և ալկոհոլի չարաշահումից, ծայրահեղ դեպքում դրանք փոխարինել ավելի քիչ վնասակար այլընտրանքներով։ Բազմաթիվ խնդիրներ առաջանում են սակավաշարժության և ճարպակալման հետևանքով, ինչն էլ նպաստում է հիվանդությունների «երիտասարդացմանը»։ Կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը դա առողջ ապրելակերպ վարելն է։

Ներկայումս դուք իրականացնում ենք Պարկինսոնի հիվանդության մասին կլինիկական հետազոտություն, ինչ կարող եք պատմել այդ հետազոտության մասին։

Մենք վաղուց նկատել էինք այն փաստը, որ բազմաթիվ շարժողական հիվանդություններ ախտորոշվում ու բուժվում էին որպես Պարկինսոնի հիվանդություն, ինչը հարուցում էր բազմաթիվ հարցեր, կապված անարդյունավետ բուժման հետ: Այսօր մենք հստակ կարողանում ենք տարբերակել հիվանդությունը համախտանիշից, հասկանալ նրա պատճառաբանությունը և առանձնահատկությունները: Դրանից է կախված ճիշտ դեղորայքային բուժումը, որը նպաստում է հիվանդի շարժողական ինքնուրույնությանը, իսկ արդյունքում բարելավում նաև կյանքի որակը:

Այժմ մենք ուսումնասիրում ենք Պարկինսոնի հիվանդության հենց այս ասպեկտները, ինչպես նաև հետազոտում ենք նիկոտինի հնարավոր դրական դերը հիվանդության զարգացումը դանդաղեցնելու մեջ։ Հայտնի է, որ ծխողների մոտ մեծ տարիքում նիկոտինից լրիվ հրաժարվելը նվազեցնում է սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը, բայց վատացնում է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ընթացքը: Մեր ուշադրության կենտրոնում են Պարկինսոնյան համախտանիշներով հիվանդների երեք համարժեք խումբ, որտեղ երկարատև հսկողության արդյունքում համեմատվում են հիվանդության ընթացքը, ընդհանուր առողջությանը և կյանքի որակին վերաբերվող հարցերը։ Այդ երեք խմբերը բաժանված են հետևյալ կերպ՝ ծխողներ, ծխելը թողնողներ և նիկոտինի մատակարարման ժամանակակից ավելի անվտանգ միջոցների անցածներ։

Բավականին հետաքրքիր տեղեկատվություն ենք հավաքում։ Կարծում եմ դեռ վաղ է որևէ եզրակացություններ անել, սակայն նիկոտինի դրական դերը Պարկինսոնյան համախտանիշների զարգացումը դանդաղեցնելու հարցում հստակ է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել