• Latest news

Լռակյաց աղջիկ, անքուն երիտասարդ․ ինչպե՞ս է մեդիտացիան օգնել Արցախում պատերազմից տուժած մարդկանց

12 նոյեմբերի, 2021  19:48

19-ամյա Ա․Ա․-ն մի ամբողջ տարի քնի հետ կապված խնդիրներ է ունեցել։ 2020 թվականի հոկտեմբերի 3-ին երիտասարդը վիրավորվել է Արցախում պատերազմի ժամանակ։

Արկի բեկորները լրջորեն վնասել են նրա աջ ձեռքը, եւ մինչ օրս նա չի կարողանում ամբողջությամբ օգտագործել ձեռքն ու դեռ վերականգնողական փուլ է անցնում։ Ա.Ա.-ի մոտ քնի հետ կապված խնդիրներն սկսվել են վիրավորում ստանալուց հետո։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ գրեթե ամեն օր մինչեւ առավոտյան ժամը 5-ը չի կարողացել քնել, իսկ եթե քնել է, ապա քունը մակերեսային է եղել, անորակ, հաճախ քնից վեր է թռել՝ բղավոցներով, ինչից արթնացել են նաեւ նրա հարազատները։ Ի զարմանս անձամբ Ա.Ա.-ի՝ քնի հետ կապված խնդիրները լուծվել են ընդամենը մեկ օրում։ Անգլերենի ուսուցչից նա տեղեկացել է, որ բարեգործական այցով Հայաստանում է տրանսցենդենտալ մեդիտացիայի հայտնի ուսուցիչ Մայքլ Ուիլյամսը։

Երիտասարդն, իհարկե, այնքան էլ չէր հավատում, որ մեդիտացիայի միջոցով հնարավոր է ազատվել քնի հետ կապված խնդիրներից, սակայն ուսուցիչը համոզել է նրան փորձել։ Մեդիտացիայի տեխնիկան սովորելուց եւ օրվա ընթացքում մի քանի անգամ մեդիտացիա անելուց հետո հենց առաջին գիշերը Ա.Ա.-ն երկար ամիսներ անց առաջին անգամ քնել է երեկոյան ժամը 12-ին մինչեւ կեսօր։ Նրա խոսքով՝ պարզ մեդիտացիան փոխեց իր կյանքի որակը, ինչը նույնիսկ դժվար է պատկերացնել։ Բժիշկ Մայքլ Ուիլյամսը մի քանի շաբաթով եկավ Հայաստան, որպեսզի օգնի պատերազմի մասնակիցներին եւ պատերազմից տուժածներին՝ հաղթահարելու սթրեսը եւ բարելավելու կյանքի որակը։ Բոլոր ցանկացողներին նա անվճար սովորեցնում է տրանսցենդենտալ մեդիտացիա (սովորաբար TM դասերը վճարովի են)՝ մեդիտացիայի շատ պարզ եւ մատչելի տեխնիկա, որը թուլացնում է, ազատում սթրեսից, լավացնում ինքնազգացողությունն ու մեծացնում աշխատունակությունը։

Ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար մեդիտացիայի օգուտները գիտության աշխարհում նորություն չեն։ Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ մեդիտացիան իսկապես բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու վրա, օգնում է հաղթահարել սթրեսը եւ անհանգստությունը, բարելավում է ուղեղի աշխատանքը եւ սրտանոթային առողջությունը, եւ օգնում է պայքարել ընկճախտի, անքնության եւ նույնիսկ կախվածության դեմ։ Եվ, իհարկե, մեդիտացիան պարզապես անփոխարինելի է հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) դեմ պայքարում, որին բախվում են գրեթե բոլոր մարդիկ, ովքեր մասնակցել են պատերազմին կամ բախվել դրա հետեւանքներին։  Տրանսցենդենտալ մեդիտացիայի տեխնիկան իսկապես շատ պարզ է, ուստի դրան տիրապետում են նաեւ սահմանափակ ինտելեկտուալ հնարավորություններ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ հոգեկան ծանր վիճակում գտնվող եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ։ 

Երեխաները նույնպես հեշտությամբ են սովորում այս մեդիտացիան: Վերջին շաբաթների ընթացքում բժիշկ Ուիլյամսն արդեն հասցրել է աշխատել մի քանի երեխայի հետ, որոնք տուժել են պատերազմի ժամանակ։ Նրանցից մեկը՝ պատերազմում հորը կորցրած 10-ամյա աղջիկը, վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի բառ չի արտաբերել։ Ո՛չ հոգեբանների հետ աշխատանքը, ո՛չ որեւէ այլ մեթոդ չեն օգնել նրան։ Աղջկա հուսահատ մայրը նրան տարել է մեդիտացիայի դասի։ Բժիշկ Ուիլյամսն աղջկան սովորեցրել է թարգմանչի օգնությամբ, քանի որ աղջիկն անգլերեն չգիտեր։ Աղջիկն իրեն «բացակա» է պահել, ինչպես նախկինում, բայց հստակ հասկացել է, թե ինչ է իրենից պահանջվում, եւ մտքում արել է այն ամենը, ինչ նրան ասել է ուսուցիչը։ Ուսուցչի ներկայությամբ հենց առաջին մեդիտացիայից հետո աղջիկը հանկարծ խոսել է, վերջին տարում առաջին անգամ։

«Դա ուղղակի անհավանական պահ էր: Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ է նա ասում, իսկ թարգմանիչը չափազանց ցնցված ու հուզված էր, որպեսզի ճիշտ թարգմանի...Աղջկա մայրը լաց եղավ, գրկեց նրան, հետո շատ երկար շնորհակալություն հայտնեց: Շատ, շատ հուզիչ պահ էր։ Նման պահերի շնորհիվ է, որ իմ գործը հատուկ իմաստ է ստանում»,-NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց բժիշկ Ուիլյամսը։ Ցավոք, բուժաշխատողները, ինչպես Հայաստանում մարդկանց մեծամասնությունը, բավարար տեղեկություններ չունեն տրանսցենդենտալ մեդիտացիայի առավելությունների մասին, եւ դա բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում՝ խանգարելով դոկտոր Ուիլյամսին եւ այլ TM ուսուցիչներին՝ օգնել ՀՏՍԽ-ով տառապող մարդկանց։

Շատ հիվանդանոցներում մասնագետին ասել են, որ նրա ծառայությունների կարիքը չկա, եւ որ բուժվող ու վերականգնվող երեխաներն արդեն ստանում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Վիրավորներն իսկապես ստանում են բուժում եւ վերականգնողական օգնություն, ոմանց հետ աշխատում են նաեւ հոգեբանները, սակայն մեդիտացիայի ուսուցումը ոչ միայն չի խանգարի այս ամենին, այլ ընդհակառակը, կբարելավի նրանց ինքնազգացողությունը եւ կնպաստի ավելի արագ ապաքինմանը։ Բժիշկ Ուիլյամսը ստիպված է եղել վիրավորներից մեկին փողոցում սովորեցնել մեդիտացիայի տեխնիկան, քանի որ ինչ-ինչ պատճառներով հիվանդանոցում, որտեղ բուժվում է երիտասարդը, թույլ չեն տվել դաս անցկացնել։ Պատերազմում տղամարդը, ով ցանկացել է անանուն մնալ, գլխի ծանր վնասվածք է ստացել, ինչի հետեւանքով նրա մարմնի ձախ մասը կաթվածահար է եղել։ Նրա աչքերը չէին փակվում, եւ մեդիտացիայի ժամանակ նա ստիպված էր աչքերը փակել ափերով։ Մեդիտացիայի եւ լիարժեք հանգստի շնորհիվ երիտասարդն իրեն շատ ավելի լավ է զգացել, իսկ կոպերի շարժունակությունը, ի զարմանս իրեն, վերականգնվել է։

Ավելի ուշ նա խոստովանել է, որ մինչեւ վերջերս մտածում էր ինքնասպանության մասին։ Այժմ այդ մտքերն անհետացել են, եւ նրա մոտ նորից ապրելու ցանկություն է հայտնվել։ Բժիշկ Մայքլ Ուիլյամսը նախատեսում է որոշ ժամանակ անցկացնել Հայաստանում եւ մեդիտացիայի անվճար դասերի է հրավիրում բոլոր ցանկացողներին, հատկապես՝ պատերազմի մասնակիցներին եւ նրանց հարազատներին, որոնց նա կօգնի հաղթահարել սթրեսն ու բարելավել ֆիզիկական եւ հոգեկան վիճակը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել