• Latest news

Հայաստանում կատարվել է վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից մեկը

25 մարտի, 2022  20:43

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր բացառիկ վիրահատություն է կատարվել` ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակով։

Վիրահատությունը կատարվել է երկու փուլով՝ որովայնի հատվածում անջատվել է ստամոքսը, իսկ կրծքավանդակի հատվածում՝ կերակրափողը։ Անգամ բաց եղանակով կատարելու դեպքում` այն վիրաբուժության մեջ ամենաբարդ վիրահատություններից է, իսկ լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակների կիրառումը բժիշկներից բարձր որակավորում և մասնագիտական մեծ հմտություններ է պահանջում։

Այս մոտեցումը թույլ է տալիս խուսափել որովայնի և կրծքավանդակի երկու մեծ կտրվածքից, ինչը նվազեցնում է վիրահատական տրավմատիզացիան և ցավային համախտանիշը։

Հետվիրահատական վերականգնումն ավելի արագ է անցնում. հիվանդը երկար չի մնում պառկած, ինչը նպաստում է թոքերի և աղիների աշխատանքի ավելի արագ վերականգնմանը։

Պացիենտը 1970թ․ ծնված տղամարդ է, որի մոտ ախտորոշվել է ստամոքսի կարդիալ հատվածի (կերակրափողի և ստամոքսի միացման հատված) քաղցկեղ։ Նա ստացել է 4 կուրս նեոադյուվանտ (նախավիրահատական) քիմիաթերապևտիկ բուժում, որի ֆոնին դիտվել է դրական դինամիկա՝ ուռուցքի փոքրացում։ Վիրահատությունից առաջ ուռուցքն ունեցել է 5սմ տարածվածություն կերակրափողի երկայնքով։ Վիրաբուժական թիմը որոշել է լապարասկոպիկ և թորակոսկոպիկ եղանակներով կատարել ստամոքսի կարդիալ հատվածի մասնահատում՝ ավշային համակարգի հեռացումով, իսկ մարսողական տրակտի ամբողջականությունը վերականգնելու համար ստամոքսի մնացած՝ դիստալ հատվածից ձևավորել խողովակ և միացնել կերակրափողին։

Վիրաբուժական թիմի անդամներն են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան-վիրաբույժ Ավետիք Պետրոսյանը, թորակալ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, թոքային-վիրաբույժ Արմեն Խանոյանը, ինչպես նաև Ռուսաստանից հրավիրված մասնագետ, Մոսկվայի թիվ 62 քաղաքային ուռուցքաբանական հիվանդանոցի թորակալ վիրաբուժության գիտապրակտիկ կենտրոնի ղեկավար Դմիտրի Սեխնիաձեն։ Վերջինս ունի բարձրագույն որակավորում «թորակալ վիրաբուժություն» մասնագիտությամբ:

Վիրահատությունից հետո պացիենտը դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո, մինչև օրգանիզմը ամբողջությամբ կոմպենսացնի հեռացված ստամոքսի գործառույթը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել