• Latest news

Գիտնականները պարզել են սննդակարգի եւ ֆիզիկական ակտիվության կարեւորությունը ծերության ժամանակ ինքնուրույն լինելու համար

21 մայիսի, 2022  21:43

Թեեւ վաղ տարիքում առողջ սովորությունների ձեւավորումը կարող է որոշ երկարաժամկետ առավելություններ ունենալ, ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել նաեւ տարեց մարդկանց, վկայում են նոր հետազոտությունների արդյունքները:

Նոր հետազոտության համաձայն՝ ցածր մկանային զանգվածով (սարկոպենիա) ֆիզիկապես թույլ տարեցները կարողացել են երեք տարվա ընթացքում նվազեցնել իրենց հաշմանդամությունը 22 տոկոսով ծրագրի միջոցով, որը կոնկրետ փոփոխություններ է ներառում նրանց սովորություններում եւ սննդակարգում:

Հաջողության բանաձեւը նրանում է, որ պետք է ամեն օր քայլել, ինչպես նաեւ ուժային, ճկունության եւ հավասարակշռության վարժություններ կատարել: Բացի այդ, ծրագիրը սպիտակուցի ընդունման ավելացում էր ներառում, ասվում է վերջերս BMJ ամսագրում հրապարակված հոդվածում:

Ստացված արդյունքները հաստատում են կառուցվածքային ֆիզիկական ակտիվության կարեւորությունը տարեց մարդկանց համար, ովքեր ինքնուրույն են ապրում, ասում է հետազոտության հեղինակ, Յելի բժշկական դպրոցի ծերաբուժության պրոֆեսոր դոկտոր Թոմաս Գիլը:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1500 տղամարդ եւ կին, որոնց միջին տարիքը 79 տարեկան է, եվրոպական 11 երկրի 16 կլինիկական կենտրոններից: Նրանցից մոտ կեսին ֆիզիկական վարժություններ են առաջարկվել։ Մնացածը՝ վերահսկիչ խումբը, ամենամսյա վերապատրաստում է անցել առողջ ծերացման վերաբերյալ։

Մասնակիցներն իրենց կոնքերին ակտիմետրեր են կրել՝ ակտիվությունը չափելու համար: Բոլորին հետեւել են 36 ամիս:

Հետազոտության սկզբում միջամտության խմբի մասնակիցների գրեթե կեսը (47 տոկոս) սահմանափակ շարժունակություն ուներ, ինչպես եւ 53 տոկոսը վերահսկիչ խմբում: Այնուամենայնիվ, նրանք բոլորը կարող էին ինքնուրույն քայլել մոտ 20 մղոն:

Մասնագետների կարծիքով՝ ֆիզիկական վարժությունների խմբում ֆիզիկական աշխատունակության միավորներն ավելի շատ են բարելավվել, քան վերահսկիչ խմբում՝ ինչպես 24, այնպես էլ 36 ամիս անց:

Բացի այդ, վարժությունների խմբում կանայք ավելի քիչ մկանային ուժ եւ զանգված են կորցրել 24 եւ 36 ամսում: Տղամարդկանց մոտ մկանային զանգվածի եւ ուժի մասով տարբերություններ չեն նկատվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ