• Latest news

Գիտնականները սովորել են հակաքաղցկեղային Т-բջիջները կիրառել ճարպակալման դեմ

25 հունվարի, 2024  08:21

Կենսաբանները հայտնաբերել են, որ «վերածրագրավորված» Т-բջիջների (որոնք օգտագործվում են քաղցկեղի իմունաթերապիայի համար) նմանակը կարելի է կիրառել ճարպակալումից եւ դրա հետ կապված մետաբոլիկ խանգարումներից օրգանիզմի երկարատեւ պաշտպանության համար։ Մոդելային կենդանիների վրա իրականացված փորձերի արդյունքները ներկայացվել են Nature Aging գիտական ամսագրի հոդվածում։

Այդ թերապիան մշակվել է ամերիկացի եւ գերմանացի մոլեկուլյար կենսաբանների խմբի կողմից՝ Քոլդ-Սփրինգ-Հարբոր (ԱՄՆ) լաբորատորիայի դոցենտ Քորինա Ամորի գլխավորությամբ։ Դա քաղցկեղի իմունաթերապիայի CAR-T հանրահայտ մոդիֆիկացված տեսակն է, որն այժմ ակտիվորեն օգտագործվում է միելոմայի, լեյկեմիայի եւ ուռուցքների մեծ մասի բուժման համար։

Դրա շրջանակում բժիշկները պացիենտի մարմնից վերցնում են մեծ քանակությամբ Т-բջիջներ եւ վերածրագրավորում դրանք ու վերադարձնում հիվանդի օրգանիզմ։ Արդյունքում՝ բջիջներն սկսում են ճանաչել որոշակի ռեցեպտորներ ուռուցքային բջիջների մակերեսին եւ ոչնչացնել դրանք։

Գիտնականները «վերածրագրավորել» են Т-բջիջներն այնպես, որ դրանք սկսել են ճանաչել CD87 սպիտակուցի մոլեկուլները, որը բջջային ռեցեպտորներից մեկն է եւ արտադրվում է ծերացած բջիջների կողմից ու չկա առողջ բջիջների մակերեսին։ CAR-T թերապիայի այս տեսակն օգտագործելով՝ գիտնականներն ստուգել են, թե ինչպես է այն ազդում երիտասարդ եւ տարեց մկների կյանքի ու առողջության վրա։

Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բջիջների ընտրովի ոչնչացումը ոչ միայն դանդաղեցրել է մարմնի ծերացումը տարեց կրծողների համար երկար ժամանակի ընթացքում, այլեւ պաշտպանել է երիտասարդ մկներին արագ ճարպակալելուց ու դրա հետ կապված մետաբոլիկ խանգարումներից։ Դա կապված է այն բանի հետ, որ Т-բջիջները զգալիորեն բարելավել են լյարդի, ենթաստամոքսային գեղձի եւ նյութափոխանակության հետ կապված այլ օրգանների աշխատանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll