• Latest news

Հղիները և տնից դուրս չեկող բուժառուները՝ ռիսկային խմբում․ ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման որոշումը

8 մարտի, 2024  16:25

Մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել էլեկտրոնային դեղատոմսերի համակարգ ներդնելու որոշումը, որը վերաբերում է մոտ 470 դեղամիջոցի։ Դեղատներին այսուհետ արգելվում է առանց ԱՐՄԵԴ համակարգում առկա էլեկտրոնային դեղատոմսի վաճառել հակաբիոտիկներ, ինչպես նաև հակասնկային, հակավիրուսային, հորմոնալ և որոշ այլ դեղամիջոցներ։

Առաջին հայացքից այս որոշումը կարող է դրական ազդել հանրային առողջության վրա՝ կանխելով մարդկանց ինքնաբուժությամբ զբաղվելու պրակտիկան, ինչը նպաստում է այնպիսի խնդիրների տարածմանը, ինչպիսիք են հակամանրէային և հակասնկային դիմադրությունը, որն առաջանում է այդ դեղերի չարաշահման և առանց լուրջ պատճառների դրանց օգտագործման հետևանքով։

Մյուս կողմից, շատերը՝ առողջապահության ոլորտի փորձագետները, դեղատները և բուժառուները, պնդում են, որ նորամուծությունը ներդրվել է շատ հապճեպ, և համակարգը պարզապես դեռ պատրաստ չէ դրան, նույնիսկ ոչ բոլոր բժիշկներն են դեռ տեղյակ դրա մասին: Եվ մինչ համակարգը վերջապես կկարգավորվի և կսկսի քիչ թե շատ նորմալ գործել, շատերը կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել, օրինակ՝ բաց թողնել կենսական նշանակության դեղամիջոցի ընդունումը (քանի որ դեղատունն այն չի վաճառում նրանց, իսկ բժիշկը դեռ տեղյակ չէ էլեկտրոնային դեղատոմսերի մասին), ինչը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների:

Երրորդ՝ դեռևս դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլինի այս ամբողջ համակարգը, երբ այն «նորմալ գործի», քանի որ կան բազմաթիվ նրբություններ և հատուկ դեպքեր, որոնք պարզապես հաշվի չեն առնվում կամ հաշվի առնվում են, սակայն այնպես, որ առավելագույնս բարդացնեն մարդկանց կյանքը:

Օրինակ՝ ի՞նչ պետք է անեն մարդիկ, որոնք չեն կարող դուրս գալ և գնել իրենց նշանակված դեղատոմսը: Ի՞նչ անել, եթե բժիշկը կամ դեղագործը սխալ է թույլ տվել էլեկտրոնային դեղատոմսում: Ի՞նչ անել, եթե դեղատան հոսանքն անջատված է, ԱՐՄԵԴ-ին հասանելիություն չկա, և դեղը շտապ անհրաժեշտ է։ Սրանք ընդամենը մի քանիսն են այն հարցերից, որոնք այսօր առաջանում են թե՛ հասարակ մարդկանց, թե՛ առողջապահության ոլորտում աշխատող մասնագետների մոտ։

Դեղորայք, որի ընդունումը չպետք է ընդհատվի

Մարտի 1-ի երեկոյան 39-ամյա Արաքսիան (բուժառուի անունը փոխված է նրա իսկ ցանկությամբ) գնացել է դեղատուն՝ գնելու հորմոնալ դեղամիջոց, որը նրան նշանակել էին ավելի քան մեկ շաբաթ առաջ՝ հղիությունը պահպանելու համար։ Ի զարմանս նրան, դեղատանը հրաժարվել են վաճառել դեղը` պատճառաբանելով, որ նրա անունով էլեկտրոնային դեղատոմս չկա։  

Բժիշկը Արաքսիային զգուշացրած է եղել, որ այդ դեղը պետք է օգտագործել խիստ որոշակի ժամերի, և պահանջվող ժամանակին մնացել էր ընդամենը մեկ ժամ, իսկ դեղը, որը նա գնել էր ավելի վաղ, արդեն վերջացել էր։ Խուճապահար վիճակում նա զանգահարել է բժիշկին, որպեսզի պարզի, թե ինչ է պետք անել։ Բժիշկը խոստովանել է, որ առաջին անգամ է լսում նոր կարգի մասին, և որ այս հարցը ստիպված է պարզել կլինիկայի ղեկավարության հետ արդեն երկուշաբթի, այսինքն՝ երեք օր հետո։

«Բառերով հնարավոր չէ նկարագրել այն սթրեսը, որը ես ապրեցի այդ երեկո: Դեղատնից դեղատուն էի շտապում և փորձում հասկանալ, թե ինչ պետք է անեմ, թեև ինձ արգելված է շատ քայլելը»,- պատմեց կինը։

Դժվար թե Արաքսիան Հայաստանում լինի միակը կինը, որը վերջին օրերին բախվել է նման խնդրի։ Եվ դեռ հայտնի չէ, թե դա ինչ հետևանքների է հանգեցրել՝ հատկապես այն հիվանդների դեպքում, որոնք հորմոնալ դեղամիջոցներ են ստանում, որոնց օգտագործումը հնարավոր չէ ո՛չ ընդհատել, ո՛չ հետաձգել։

Դեղորայքի չարաշահում. հորմոններն ու հակաբիոտիկները տարբեր «կարգավիճակ» ունեն

Հեշտությամբ կարելի է պատկերացնել, թե ինչպես է մարդը, մրսածության դեպքում, վազում դեղատուն՝ հակաբիոտիկներ գնելու, և ի հավելումն դրա նույնիսկ հակասնկային դեղամիջոցներ գնում, թեև երկուսն էլ իրեն պետք չեն։ Շատ ավելի դժվար է պատկերացնել, որ մարդը կարող է սեփական քմահաճույքով առաջնորդվելով գնել և սկսել հորմոնալ դեղեր ընդունել։ Մեր բնակչությունը, այսպես ասած, մեծ ակնածանքով է վերաբերվում այդ դեղամիջոցներին։ Շատերը հիմնականում վախենում են հորմոնալ դեղամիջոցներից, նույնիսկ եթե դրանք նշանակված են բժշկի կողմից:

Այսպիսով, եթե կան մարդիկ, որոնք զբաղվում են «ինքնաբուժությամբ»՝ օգտագործելով հորմոններ, ապա նրանք շատ քիչ են։ Այդ իսկ պատճառով շատերի համար բացարձակ անհասկանալի է, թե ինչու են հիմա հորմոնալ դեղամիջոցները ևս միայն էլեկտրոնային դեղատոմսով վաճառվում. մարդիկ այսպես, թե այնպես դրանք գնում էին միայն բժշկի նշանակման դեպքում, պարզապես դա ավելի հեշտ էր անել նախկինում, քան հիմա:

ՀՀ Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ հորմոնալ դեղեր ընդունելը կարող է ուղեկցվել կողմնակի էֆեկտներով և խնդիրներով, ուստի դրանք առանց վերահսկողության ընդունելը սխալ է։ Եթե ​​խոսքը կոնկրետ դեղամիջոցի երկարատև օգտագործման մասին է, խորհուրդ է տրվում տարին առնվազն երկու անգամ խորհրդակցել այն բժշկի հետ, որն այն նշանակել է. անհրաժեշտության դեպքում նա հիվանդին կուղարկի լրացուցիչ հետազոտությունների (օրինակ՝ համոզվելու համար, որ արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ չկան), կկարգավորի դոզան կամ պարզապես նոր էլեկտրոնային դեղատոմս կգրի հաջորդ վեց ամիսների համար։

Հարությունյանի խոսքով՝ այս ամենը բխում է հենց հիվանդի շահերից և կօգնի պահպանել նրա առողջությունն ու պաշտպանել մի շարք խնդիրներից։ Նրա խոսքով՝ դա չի ավելացնի ֆինանսական բեռը, քանի որ պոլիկլինիկայում խորհրդատվություն և դեղատոմս ստանալու դեպքում բուժառուն կսպասարկվի անվճար։

Համակարգն ընդդեմ բժիշկների

Հայաստանում այսօր գործում է մոտ 2600 դեղատուն և մոտ 14,000 բժիշկ, որոնք դեղատոմսեր գրելու իրավունք ունեն։ Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը, դեղատների մեծ մասն արդեն միացել է ԱՐՄԵԴ համակարգին (թեև այստեղ կան որոշակի խնդիրներ՝ կապված, օրինակ, բազմաթիվ աշխատակիցների նույնականացման քարտերի բացակայության հետ), նույնը չի կարելի ասել բժիշկների մասին. շատերը դեռ ընդհանրապես չգիտեն նոր կարգի մասին, մյուսները գիտեն, սակայն տեխնիկական պատճառներով դեռ չեն կարող միանալ համակարգին։ Ավելին, երկրում դեռ կան բժիշկներ, որոնք դժվարանում են օգտվել ժամանակակից սմարթֆոններից ու համակարգիչներից։

Ըստ Մարինա Հարությունյանի՝ վերջին երեք ամիսների ընթացքում նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել բուժհաստատություններ ու դեղատներ և անցկացրել օֆլայն և առցանց կրթական ծրագրեր, որպեսզի սովորեցնի ԱՐՄԵԴ համակարգից օգտվելու կարգը։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը պարզ է և հատուկ գիտելիքներ չի պահանջում, այնպես որ, նույնիսկ տարեց բժիշկները կարող են գլուխ հանել։

Չնայած այս ամենին, ողջ հանրապետությունում` ոչ միայն մարզերում, այլև մայրաքաղաքում, դեռ կան բազմաթիվ բժիշկներ, որոնք դեռ գրեթե ոչինչ չգիտեն նոր կարգի մասին, իսկ ԱՐՄԵԴ համակարգի մասին տեղյակ են միայն այնքանով, լսել են դրա մասին: Ավելին, այս ծրագրի հետ արդեն աշխատողներից ոչ բոլորն են գոհ այդ «փորձառությունից»:

Այսպես, ուրոլոգ Դավիթ Տոնոյանը օրերս Instagram-ի իր էջում պատմել է, թե ինչպես է փորձել էլեկտրոնային դեղատոմսեր դուրս գրել մինչև երեկոյան ժամը 20:30. հիվանդների մասին տեղեկությունը ստիպված է եղել տանել տուն, որտեղ ինտերնետ կապն ավելի լավն է, քանզի օրվա ընթացքում աշխատավայրում ոչ մի կերպ չի ստացվել դեղատոմս գրել:

«Կայքի UI/UX դիզայնը սարսափելի է, չկա ինտուիտիվ պատկերացում, թե ինչպես աշխատել դրա հետ, ամեն ինչ շատ բարդ է, ամեն ինչ վատ է պատրաստված և շատ վատ է աշխատում: Բացի դրանից՝ յուրաքանչյուր դեղամիջոց նշանակելու համար անհրաժեշտ է առանձին դեղատոմս գրել։ Եթե ​​նախկինում բժիշկը կարող էր համակարգչով կամ ձեռագիր հինգ դեղամիջոց նշանակել՝ մեկ թերթիկի վրա գրելով դոզան և այլ տեղեկություններ, այժմ յուրաքանչյուր դեղի համար առանձին դեղատոմս պետք է գրի: Դեղատների աշխատակիցները կարող են շատ հարցեր ունենալ»,- ասաց նա՝ հավելելով, որ դեղերի ցուցակները ևս շատ անշնորհք ձևով է կազմված։

Ըստ նրա՝ այս ամենը կարող է լուրջ վնաս հասցնել առողջապահական համակարգին։

«Ես կողմ եմ դեղատոմսերին, բայց դա չպետք է այսքան վատ իրականացվի»,- որպես ամփոփում ասել է նա։

«Գնի՛ր այն իմ փոխարեն»

Գոհարը (անունը փոխված է) նույնպես վերջին օրերին խնդիրների է բախվել։ Նա պարբերաբար դեղորայք էր գնում իր բարեկամի համար, որը չի կարողանում տանից դուրս գալ։ Քանի որ Գոհարը լրիվ դրույքով է աշխատում, սովորաբար չէր հասցնում այցելել բարեկամին, իսկ գնված դեղերն ուղարկում էր առաքման ծառայության միջոցով։ Մարտի 1-ից հետո նրան այլևս չեն վաճառում այդ դեղորայքը, նույնիսկ եթե համակարգում առկա են դրանց էլեկտրոնային դեղատոմսերը։

Հայաստանի առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյանի խոսքով՝ այլ մարդիկ կարող են դեղեր գնել այն բուժառուների համար, որոնք չեն կարողանում դուրս գալ տնից։ Սակայն դրա համար բուժառուից կպահանջվի լիազորագիր տալ այն անձի անունով, որը գնելու է դեղը, նաև բուժառուի անձնագրի տվյալները և հենց անձնագիրը:

Ստացվում է, որ Գոհարը պետք է գնա բարեկամի մոտ, նրանից լիազորագիր վերցնի, գնի դեղերը (որոնք, ի դեպ, ոչ բոլոր դեղատներում են վաճառվում) և բերի ու տա նրան՝ այս ամենի համար շատ ավելի շատ ժամանակ հատկացնելով, քան նախկինում։

Ի՞նչ իրավական ուժ կարող է ունենալ տանը սովորական թղթի վրա գրված լիազորագիրը։ Իսկ ի՞նչ անել, եթե բուժառուն ինչ-որ պատճառով չի կարողանում գրել այս լիազորագիրը։ Այս հարցերը նույնպես առայժմ մնում են անպատասխան։

Այլ հարցեր

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ նոր կարգի հետ կապված դեռ շատ բան պարզ չէ։ Օրինակ՝ կարող են դեղատոմսեր տալ միայն հանրապետությունո՞ւմ գրանցված դեղերի համար, թե՞ նաև այն դեղերի համար, որոնք գրանցված չեն, բայց ունեն վաճառքի թույլտվություն:

Խնդիրը, ըստ նրա, այն է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում գրանցված դեղերի թիվը 5300-ից նվազել է 3000-ի, ընդ որում՝ դրանց մոտ 50%-ը պարզապես չկա դեղատներում։ Ի՞նչ և ինչպե՞ս կարող են բժիշկները նշանակել նման պայմաններում: Ի՞նչ անել այն դեղամիջոցների հետ, որոնք հիվանդին պետք են, սակայն չկան ԱՐՄԵԴ-ի ցանկում։

Բացի դրանից՝ պարզ չէ, թե ինչ պետք է անել սխալների հետ, որոնք կարող են թույլ տալ և՛ բժիշկները, և՛ դեղագործները:

«Օրինակ՝ դեղատան աշխատակիցը կարող է անզգուշության հետևանքով «փակել» վեց ամսով տրված դեղատոմսը, թեև հիվանդը գնել է նշանակված դեղի միայն մեկ տուփը։ Հաջորդ անգամ, երբ նա գա երկրորդ տուփը գնելու համար, կպարզվի, որ չի կարող գնել այն, քանի որ նրա դեղատոմսն արդեն «փակ է»։ Նա նորից պետք է գնա բժշկի և շատ ժամանակ ծախսի դրա վրա»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դեղատոմսը գրելիս կարող է սխալվել անգամ բժիշկը։ Օրինակ՝ «դեղահաբերի» փոխարեն պատահաբար «գել» գրել կամ սխալ դոզա նշել։ Եթե ​​սխալը հայտնաբերվի դեղատանը, աշխատողը չի կարող հիվանդին տալ այն դեղահաբերը, որոնք ի սկզբանե անհրաժեշտ էին. նա կարող է վաճառել միայն այն, ինչ գրված է դեղատոմսում:

Լավ նորությունն այն է, որ դեղատոմսը գրելու համար պարտադիր չէ, որ բժիշկն իր աշխատասենյակում լինի ֆիզիկապես. նա կարող է ԱՐՄԵԴ համակարգ մուտք գործել ցանկացած սարքից, ներառյալ իր սմարթֆոնից: Այնպես որ, եթե բուժառուն տեսականորեն կարողանա կապվել իր բժշկի հետ առանց նրա գրասենյակ վերադառնալու, բժիշկը կկարողանա նոր դեղատոմս գրել: Սակայն գործնականում բժիշկը կարող է, օրինակ, մեկնած լինել արձակուրդ՝ մեկ այլ երկիր կամ ինչ-որ տեղ լինել լեռներում, որտեղ ինտերնետ կապի հետ կապված խնդիրներ կան:

Ավելի շատ խնդիրնե՞ր, թե՞ օգուտ

Որոշ մարդիկ, նախօրեին իմանալով, որ մարտի 1-ից շատ դեղեր հասանելի կլինեն միայն դեղատոմսով, խուճապի են մատնվել և գնել են հակաբիոտիկների և այլ դեղամիջոցների գրեթե մեկ տարվա պաշար։ Այս տեղեկությունը հաստատել են նաև դեղատները, ուր այցելել են NEWS.am-ի աշխատակիցները։

«Բնակչությունը խուճապի մեջ է, մարդիկ եկել, տարբեր դեղամիջոցներ էին գնում՝ չիմանալով, թե դրանք հետո կօգտագործե՞ն, թե՞ ոչ»,- ասում է «Վագա ֆարմ» դեղատան մենեջեր Վահան Գրիգորյանը։

Իհարկե, նման բան անելը բոլորովին անիմաստ է, քանի որ մարդը չի կարող նախապես իմանալ, թե ինչ հիվանդություն կունենա, ինչ դեղերի կարիք կարող է ունենալ։ Կարող է պարզվել, որ նա իսկապես հակաբիոտիկների կարիք ունի, բայց ոչ այն դեղերի, որոնք գնել է նախապես։ Ավելին, կա ևս մեկ վտանգ. որոշ հիվանդներ կարող են սկսել գնած դեղերն ընդունել հիվանդության ցանկացած նշույլի դեպքում՝ վախենալով, որ ստիպված կլինեն դեն նետել այդ դեղերը, երբ անցնի դրանց պահպանման ժամկետը: Եվ դա կարող է պարզապես նպաստել խնդրի խորացմանը, որի դեմ ակտիվորեն փորձում է պայքարել պետությունը. մարդիկ կշարունակեն ընդունել դեղեր, որոնց կարիքը չունեն։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման որոշումն իսկապես չափազանց հապճեպ է, նաև թերի և չմտածված։ Նրան ամենից շատ զարմացնում է այն, որ ընդունված նախագիծը գործնականում չի տարբերվում նրանից, որը ցանկանում էին ընդունել դեռևս 2017-ին, սակայն հետո կառավարության անդամներն արագ հասկացան, որ այն չափազանց հում է, անավարտ, և հրաժարվեցին դրանից։ Հիմա բուն նախագծում գրեթե ոչինչ չի փոխվել, և այնպես չէ, որ առողջապահական համակարգն ավելի շատ է պատրաստ դրան, սակայն այն չգիտես ինչու, ի վերջո, ընդունվեց։

«Ինձ թվում է՝ ղեկավարությանը և կառավարությանը պատշաճ կերպով չի ներկայացվել, թե ինչ խնդիրներ կան այս նախագծի հետ կապված։ Երբ լսում ես կառավարության նիստը, ամեն ինչ այնքան լավ է թվում։ Մարդիկ, որոնք չեն աշխատում այս ոլորտում, կարող են մտածել, որ շատ լավ է, որ այժմ ամեն ինչ էլեկտրոնային է լինելու։ Սակայն երբ հասկանում ես, թե որքան չլուծված խնդիրներ կան, սկսում ես տեսնել մեդալի մյուս կողմը»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Իր հերթին Մարինա Հարությունյանը նշեց, որ այս նախագիծն ամենևին էլ անխախտելի չէ, և անհրաժեշտության դեպքում այն ​​կարող է ճշգրտվել։

«Եթե նկատվեն գլոբալ խնդիրներ, մենք պատրաստ ենք լսել և փոփոխություններ առաջարկել։ Սակայն բողոքները պետք է լինեն հիմնավորված և կառուցողական, այլ ոչ թե պարզապես «չենք ուզում և չենք կարող»։ Սա բոլորիս առողջության համար է, և մենք պետք է դա գիտակցենք։ Պետք չէ մտածել, թե ինչպես շրջանցել օրենքը, այլ նպաստել ընդհանուր նպատակին հասնելուն»,- ասաց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել