• Latest news

Նորարարական մեթոդով կոնքազդրի էնդոպրոթեզավորում «Նաիրի» ԲԿ-ում

23 մարտի, 2024  22:00

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել է երկու կոնքազդրային հոդերի միաժամանակյա էնդոպրոթեզավորում՝ նորարարական եղանակով։

Գագիկ Ասրիբաբայանը NEWS.am Medicine–ին պատմել է, որ 10 տարի շարունակ հոդացավեր է ունեցել, ցավերն ուժգնացել են հատկապես վերջին ամիսներին։ Անգամ ցավազրկողներն էին անարդյունավետ։

«Շատ շարժունակ մարդ եմ։ Շատ եմ քայլում, բայց էս վերջում տեմպից ընկել էի։ Իմ կյանքի տեմպն էր խանգարվել։ Կնոջիցս լսեցի, որ «Նաիրի»-ում բացվել է «Կոքսա» կենտրոնը։ Զանգահարեցի, խոսեցի Հրաչյա Գևորգովիչի հետ։ Իր հետ հանդիպեցի ու իրենից ճառագայթում էր հույս ու հավատ։ Որոշեցի վիրահատվել», – ասաց նա։

Մինչև վիրահատությունը պացիենտին մանրակրկիտ ներկայացվել է խնդիրն ու վիրահատության ընթացքը։ Այս վիրահատությունը տարբերվում է մյուսներից, քանի որ կոնքազդրային երկու հոդերի էնդոպրոթեզավորումն իրականացվել է միաժամանակ՝ նորարարական, աշխարհում առաջատար համարվող մեթոդով։ Առաջնային՝ մոտ երկու անգամ փոքր վիրահատական կտրվածքով, որը ենթադրում է էնդոպրոթեզի տեղադրում առանց հատելու և վնասելու մկարնները։

«Հատվում է միայն մաշկ, ենթամաշկ։ Չի հատվում ոչ մի մկանախմբեր։ Մնացածը լայնացվում է։ Որը ստեղծում է և վերականգնման շատ արագ հնարավորություն, և ցավային համախտանիշն իհարկե ավելի քիչ է լինում։ Արյան կորուստը մինիմալիզացված է։ Հիվանդը գտնվում է մեջքի վրա պառկած, որը բավականին լավ է շատ տարբեր պրոբլեմների ժամանակ։ Օրինակ՝ սրտաբանական և թոքային պրոբլեմների ժամանակ», – ասել է «Նաիրի» ԲԿ–ի «Կոքսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանը։

Տեղադրվում է ստանդարտ ոտիկից մոտ երկու անգամ կարճ ոտիկ։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կարճ ոտիկով վիրահատում են նաև տարեց բուժառուներին։ Էնդոպրոթեզավորումից հետո բուժառուն կարողանում է ոտքի կանգնել և քայլել հենց վիրահատության օրը, իսկ հաջորդ օրը` բարձրանալ ու իջնել աստիճաններով: Եթե ստանդարտ վիրահատության ժամանակ հենակից հրաժարվում են 2 ամիս հետո, ապա այս դեպքում դա տեղի է ունենում մեկ ամիս անց։

«Ես հենց առաջին օրվանից քայլել եմ։ Ես շատ գոհ եմ ամբողջ պերսոնալից», – ասել է Գագիկ Ասրիբաբայանը։  

«Ժամացույցի պես աշխատող մեխանիզմ ա։ Վիրահատում ենք մոտավորապես կես ժամ՝ մաքսիմում 40 րոպե», – ասել է բժիշկը։  

Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը կատարվում է ասեպտիկ նեկրոզի կամ ոսկրի մաշվածություն առաջացնող այլ հիվանդությունների ժամանակ։ Երբ խախտվում է ազդրի գլխիկի սնուցումը, տեղի է ունենում ոսրկանյութի մեռուկացում, գլխիկը դառնում է անպիտան։ Եթե տարիներ առաջ այս խնդիրը հիմնականում առաջանում էր տարեցների մոտ, ապա հիմա՝ հատկապես քովիդից հետո, հիվանդությունը երիտասարդացել է։ Կոքսարտրոզը դրսևորվում է աճուկային սուր ցավերով, շարժումների սահմանափակումով։ Լինում են դեպքեր, երբ ռենտգենը խնդիրը ցույց չի տալիս։ Ախտորոշումը կատարվում է ՄՌՏ հետազոտությամբ։

«Զրուցելով, էկզամ անելով հիվանդին, մենք տեսնում ենք, որ պրոբլեմը հենց կոքսարտրոզն ա, ոչ թե ասենք նյարդերի բորբոքումը։ Ասեպտիկ նեկրոզի ՄՌՏ պատկերը շատ ցայտուն ա։ Տո իստ, ասեպտիկ նեկրոզ պատկերը դրվում է ՄՌՏ պատկերի հիման վրա», – ասել է Հրաչյա Հարությունյանը։

Հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատությունները հիմնականում ընթանում են առանց բարդությունների։ «Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոքսա» կլինիկայում, որը համագործակցում է ֆիննական համանուն կլինիկայի հետ, նորարարական մեթոդով վիրահատություններից բացի, կատարվում է նաև վերջույթների և կոնքերի ոսկրերի վնասվածքների, ոսկրային ախտաբանության, ոսկրամկանային համակարգի բնածին և ձեռքբերովի դեֆեկտների բուժում, հոդերի երկրորդային իմպլանտացիա։ Վիրահատում են նաև բարդագույն դեպքերը՝ վերականգնելով պացիենտների շարժունակությունն ու նրանց վերադարձնելով լիարժեք կյանքի։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել