• Latest news

Ի՞նչ է ցելիակիան և ինչպե՞ս դրա հետ ապրել

29 ապրիլի, 2024  22:10

Ցորենի սպիտակուց հանդիսացող գլյուտենի ազդեցության հետևանքով է առաջանում ցելիակիա հիվանդությունը։ Այն բարակ աղիների աուտոիմուն բորբոքային հիվանդություն է։ Վնասվում է աղիների լորձաթաղանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է բազմաթիվ բարդությունների։

«Հիմնական բարդությունները, ցավոք, լինում են քրոնիկ փորլուծության և օգտակար սննդանյութերի կորստի և չներծծման հետևանքով առաջացած թերսնուցման երևույթները՝ ընդհանուր հիպովիտամինոզներ, անեմիա, սակավարյունություն,  քրոնիկ հոգնածություն, անգամ մինչև դեպրեսիվ երևույթների զարգացում, կոմունիկացիայի դժվարացում։ Բնականաբար, փորլուծությունն արդեն կյանքի որակն է նվազեցնում։ Կարող ենք ունենալ անգամ օստեոպորոզի երևույթներ, այսինքն ոսկրային հյուսվածքի խտության նվազում և, համապատասխան, կոտրվածքներ։ Եվ չմոռանանք նշել, որ էսպիսի ընթացքի դեպքում մենք ունենք նաև քաղցկեղածին գործոն», – ասում է «Նաիրի» ԲԿ գաստրոէնտերոլոգ Զարուհի Ավեիսյանը։

Քանի որ ցելիակիան չունի իրեն բնորոշ ախտանիշներ՝ախտորոշման պրոցեսը բարդանում է։ Մոտ 80 տոկոս դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների կամ դրսևորվում է մինիմալ ախտանիշներով։ Դրա պատճառով պացիենտները ժամանակին չեն դիմում բժշկի։ Ցելիակիան բազմաբնույթ հիվանդություն է։ Կարող է արտահայտվել նաև մաշկային ցանով, հերպեսանման դերմատիտով, անգամ լատենտ ձևով ուղեկցել այլ աուտոիմուն հիվանդությունների, ինչպիսիք են շաքարային դիաբետը, աուտոիմուն թիրեոիդիտը, լյարդաբորբը։ Ուստի ախտորոշման համար չափազանց կարևոր է մասնագետի զգոնությունն ու պրոֆեսիոնալիզմը, որպեսզի կարողանա ախտորոշել նաև լատենտ ընթացող ցելիակիան։

«Ախտորոշման պրոցեսը սկսում ենք արյան շճաբանական թեստերով։ Ունենք մի քանի սպեցիֆիկ արյան մարկերներ`տրանսգլուտամինազայի, էնդոմիզիումի և գլիադինի հակամարմիններ, որոնք թույլ են տալիս առաջնակի հայտնաբերել կասկածելի դեպքերը և շարունակել ախտորոշման պրոցեսը։ Հաջորդիվ արվում է գաստրոսկոպիա, երբ տասներկումատյա աղու հեռանիստ վայրերից վերցվում են նմուշներ, որոնք ուղարկվում են հիստոլոգիական քննության։ Հիստոլոգիական քննության ժամանակ հայտնաբերված փոփոխությունները և շճաբանական հետազոտությունների արդյունքները համադրելով մենք ախտորոշումը հաստատում ենք։ Իսկ կասկածելի դեպքերում մեզ օգնության է հասնում գենետիկական թեստավորումը, որով և ժառանգական նախատրամադրվածություն ունեցող պացիենտների մոտ հաստատում ենք տվյալ հիվանդությունը», – ասում է բժշկուհին։

Աշխարհում 250 մարդուց մեկի մոտ ախտորոշվում է ցելիակիա։ Հայաստանը հետ չի մնում այս վիճակագրությունից։ Վերջին տարիներին մեր երկրում ավելացել են ախտորոշման հավաստի մեթոդները, ինչը թույլ է տալիս վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունն ու թույլ չտալ բարդությունների առաջացումը։ Կարևոր է սքրինինգը։

««Նարիրի» բժշկական կենտրոնը համալրված է շճաբանական ժամանակակից զգայուն  և սպեցիֆիկ բոլոր հետազոտության մեթոդներով և, իհարկե, արվում է նաև հյուսավածքաբանական քննությունը», – ասում է Զարուհի Ավետիսյանը։

Հիվանդությունը տարիքային հստակ խումբ չունի։ Կարող է արտահայտվել վաղ մանկական տարիքում, երբ երեխայի հավելյալ սննդի մեջ ներառվում են ցորենը, գարին, աշորան։ Շատ հաճախ ցելիակիան ի հայտ է գալիս ավելի ուշ՝ 30-40 տարեկանում, երբ տարբեր գործոններով պայմանավորված օրգանիզմը սկսում է չյուրացնել հացահատիկում առկա գլյուտենը։

«Ելքը, եթե ժամանակին ախտորոշվում է, բարենպաստ է։ Հիմնականում ախտանիշները շատ արագ նվազում են, լորձաթաղանթի վերականգնման պրոցեսն ու թերսնուցման խնդիրները վերականգնվում են», – ասում է նա։

Հիվանդության առաջացման հիմնական գործոնը ժառանգական նախատրամադրվածությունն է։ Թեև աշխարհում այսօր մշակվում են ցելիակիայի բուժման լրացուցիչ մեթոդներ, այդ թվում դեղորայքային, սակայն դրանք դեռևս կլինիկական փորձաքննություն չեն անցել։ Հիվանդության դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցն առանց գլյուտեն դիետան է։ Հացահատիկներից գլյուտեն են պարունակում ցորենը, գարին, աշորան։ Չեն պարունակում՝ հնդկաձավարը, բրինձը, եգիպտացորենը, վարսակի որոշ տեսակներ։ Առողջական այս խնդիրն ունեցող մարդիկ պետք է փոխեն կենսակերպն ու սննդակարգը, ամբողջ կյանքի ընթացքում սննդից բացառեն գլյուտեն պարունակող ցորենազգիները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է