• Latest news

Ինչպես խուսափել վնասվածքներից ձմռանը ՝ խորհուրդ է տալիս վնասվածքաբանը

24 դեկտեմբերի, 2013  15:59

Ձմռանը բժիշկ վնասվածքաբանների հիվանդների թիվը աճում է: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության  օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Գալստյանը:

Վատ մաքրված փողոցները, մերկասառույցը, ինչպես նաեւ ոչ ճիշտ ընտրված կոշիկները մարդկանց վնասվածքների պատճառ կարող են դառնալ: Չէ որ փողոցները, տան դիմացի արահետները հետիոտների համար իսկական փորձությունների ուղի են՝ չմաքրված ձնաթմբերի  եւ ձնով ծածկված սառույցի հետեւանքով:  Ըստ Գալստյանի, այս ամսվա համար դեռեւս չկան վնասվածքների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, բայց դիմելիության մակարդակը նույնն է ինչ անցյալ տարի նույն ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է  տիպիկ ձմեռային վնասվածքներին, ապա վնասվածքաբանի խոսքով, «կոտրվածքները, ձգումներն ու սալջարդերը տիպիկ ձմեռային խնդիրներ են»:  Ձմեռային վնասվածքների շարքում գերակշռում են ձեռքերի եւ ոտքերի կոտրվածքները, սրունք-թաթային հոդի կապանային ապարատի վնասվածքները ( ձգումներն եւ սալջարդերը), ծնկան հոդի վնասվածքները:

Ձմեռային շրջանում առաջին տեղում է ճաճանչոսկրի «տիպիկ տեղի» կոտրվածքը:  Երբ մարդն ընկնում է, նա ինքնստինքյան ձեռքերն առաջ է տանում, եւ ձեռքերի վրա է ընկնում հարվածի հիմնական ծանրությունը: Հիմնականում բոլոր մարդիկ այսպես են ընկնում  եւ այդ պատճառով կոտրվածքն անվանում են «տիպիկ տեղի» կոտրվածք: Երկրոդ տեղում են ծնկան հոդը կազմող ոսկրերի կոտրվածքները: Ձմռան եւս մեկ տարածված խնդիրներից է  սրունք-թաթային հոդի կապանային ապարատի  վնասումը: Երրորդ տեղում են ուսային հոդի պրոքսիմալ հատվածի կոտրվածքները, որոնք ավելի շատ հանդիպում են ծեր տարիքում:

Երիտասարդների մոտ վնասվածքներն ավելի շատ լինում են ձմեռային սպորտաձեւերով զբաղվելու դեպքում, հատկապես, էքստրեմալ:  Լեռնային դահուկները, սնուբորդը եւ գեղասահքը ծանր եւ շատ վտանգավոր սպորտաձեւեր են , որոնցով զբաղվելու համար պետք է լավ մարզված լինել, ունենալ լավ անդաստակային (վեստիբյուլյար) ապարատ, շարժումների կոորդինացիա, արագ ռեակցիա եւ անվտանգության տեխնիկայի կանոնների լավ իմացություն: Դահուկորդների եւ սնոուբորդիստների մեծամասնությունը վնասվածքներ են ստանում չափից ավելի ինքնավստահության պատճառով, երբ գերագնահատում են իրենց ունակությունները: Ոչ պրոֆեսիոնալ դահուկորդները սահքի համար ընտրում են  ամենավտանգավոր տեղը՝ այսպես կոչված «սեւ» ուղին: Ոմանք խիզախության համար ելակետ դուրս գալուց առաջ մի քիչ ալկոհոլ են ընդունում:

Հարցին , արդյոք շատ են եղել այս տարի վիրահատական միջամտությունները վնասվածքների կապակցությամբ, թ՞ե վիրակապությունները բավարար են եղել, Գալստյանը նշեց, որ «բոլոր վնասվածքները մենք սկզբից փորձում ենք բուժել պահպանողական եղանակով, բայց որոշ դեպքերում դա անհնար է լինում կոտրվածքի անատոմիոֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով»: «Մեր երկրում վիրահատական բուժման ենթարկվում են կոտրվածքների 10%-ը: Բայց շատ զարգացած երկրներում այս թիվը հասնում է մինչեւ 25%: Դա կախված է շատ տարբեր գործոններից...»,- ընդգծեց բժիշկը:

Բժիշկը նաեւ նշեց, որ սահող փողոցների զոհեր հաճախակի դառնում են ծերերը եւ շտապող երիտասարդները:

«Ձմեռային կոշիկներ գնելիս ուշադրություն դարձրեք կոշիկի ներբանի վրա»,- զգուշացնում է վնասվածքաբանը: Չի կարելի հարթ ներբանով կոշիկ գնել, այն վնասվածքի պատճառ կարող է դառնալ: Ձմռանը կանայք պետք է կայուն եւ ցածր կրունկներով կոշիկներ հագնեն՝ բացառելով բարձր եւ բարակ կրունկները: Լավ կլինի, որ կոշիկը  խորդուբորդ մակերեսով ներբան ունենա: Մերկասառույցի ժամանակ պետք  չէ շտապել եւ վազել, ավելի լավ է ուշանալ, բայց վնասվածք չստանալ:

«Քայլքի ժամանակ թուլացրեք ոտքերը եւ թեթեւ ծալեք ծնկան շրջանում: Եթե աստիճաններից եք իջնում, ապա բռնվեք բազրիքից: Երբեք ձեռքերը գրպանում մի պահեք, չէ որ ընկնելու ժամանակ ձեռքերը վերականգնում են հավասարակշռությունը, իսկ պայուսակն ավելի լավ է ուսին գցեք»,- խորհուրդ է տալիս բժիշկը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել