Սննդաբաժնում շաքարի եւ ճարպի ավելցուկը կհանգեցնի օրգանիզմում գլիկոգենի ածխաջրի կուտակման, որը «կսնուցի» թոքերի քաղցկեղի ուռուցքային բջիջները։ Այս եզրակացության են եկել Ֆլորիդայի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Metabolism ամսագրում։
«Թոքերի քաղցկեղը սովորաբար չի դիտարկվել որպես հիվանդություն՝ կապված սննդի հետ», ասել է առաջատար հետազոտող, Ֆլորիդայի համալսարանի կենսամոլեկուլների տարածական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռամոն Սանը։
Այս մոլորությունը հերքելու համար գիտնականներն իրականացրել են բջջային գծերի փորձերի շարք։ Որպես հիմք վերցվել է Լաֆորի հիվանդության առաջացման մեխանիզմը, որն առաջ է բերում գլխուղեղի կեղեւի նեյրոնների զարգացման խախտումներ եւ գլիկոգենի մետաբոլիզմի խափանումներ։ Դա պոլիսախարիդ է, որը կատարում է գլյուկոզայի դեպոյի դեր օրգանիզմում։ Գիտնականները նշել են, որ գլիկոգենը մեծ քանակությամբ կուտակվում է քաղցկեղի տարբեր տեսակների ժամանակ։
Լաբորատոր եւ համակարգչային մոդելների օգնությամբ հետազոտողները որոշել են, որ թոքերի քաղցկեղի ժամանակ գլիկոգենը գործում է որպես օնկոգեն մետաբոլիտ։ Գիտնականները պարզել են, որ որքան շատ է գլիկոգենը քաղցկեղի բջիջներում, այնքան ավելի արագ է մեծանում ուռուցքը։
Լրացուցիչ հետազոտությունները մկների վրա հաստատել են բացահայտումները: Երբ կենդանիներին կերակրել են յուղոտ եւ քաղցր կերակուրներով, որոնք նպաստել են արյան մեջ գլիկոգենի կուտակմանը, նրանց թոքերում ուռուցքներ են աճել։ Երբ գլիկոգենի մակարդակը նվազել է, քաղցկեղի առաջընթացը դանդաղել է:
Գիտնականները բացատրել են, որ գլիկոգենի ավելցուկը կարող է կուտակվել օրգանիզմում եւ սնուցել թոքերի քաղցկեղային բջիջները՝ ապահովելով «շինանյութ»նրանց աճի համար:
Հետազոտողներն ավելացրել են, որ այժմ կան երեք դեղամիջոցներ, որոնք կարող են թիրախավորել գլիկոգենի մակարդակը: Դրանք բոլորը մշակվել են Լաֆորի հիվանդության ուսումնասիրության ժամանակ, սակայն կարող են օգտագործվել որպես լրացուցիչ գործիք թոքերի քաղցկեղի դեմ պայքարում։ Նշվել է, որ հիվանդության կանխարգելման համար հիմք է հանդիսանում ճիշտ սնվելու սովորությունների ձեւավորումը։
«Սննդարար նյութերով հարուստ սննդաբաժնի հանդեպ գերակա ուշադրությունը, ակտիվ կենսակերպ վարելը եւ ալկոհոլի օգտագործումը նվազագույնի հասցնելը հիմնարար միջոցներն են երկարատեւ առողջության համար»,- նշել են գիտնականները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day