• Latest news

Պրակտիկ խորհուրդներ՝ ամուսնության վերաբերյալ. հասակակից մեկին փնտրեք

16 նոյեմբերի, 2014  12:49

Ամուսնության հաջող ընթացքը, բազմադեմ հրեշի նման, երբեք հնարավոր չէ կանխատեսել: Գրեթե մեկ տասնամյակ առաջ ԱՄՆ բնակիչներն ապշեցուցիչ փաստի առաջ էին կանգնել. հետազոտությամբ պարզվել էր, որ երկրում գրանցվող ամուսնությունների կեսը ամուսնալուծությամբ են ավարտվում: Հենց այդ օրվանից էլ հաջող ամուսնության հարցը հասարակությանը հուզող առաջնային խնդիրներից մեկն է դարձել, հաղորդում է Medical Daily-ն:

Վերլուծաբան Ռենդի Օլսոնը մեկն է այն հետաքրքրասեր անձնավորություններից, որոնք երբեեւէ ամուսնության որակի վրա անդրադարձող գործոնները բացահայտելու եւ դասակարգելու նախաձեռնությամբ են հանդես եկել: Նրա համոզմամբ, ֆինանսները, նշանադրության մատանին, հարսանեկան ծախսերը, երեխաները, նշանադրությանը նախընթաց հանդիպումների տեւողությունը շոշափելի նշանակություն ունեն՝ ամուսնության հաջողության հարցում, սակայն ամենամեծ դերակատարումը ամուսնական զույգի տարիքային տարբերությանն է վերապահված:

Պարզվում է՝ հասակակիցներն ամենից հազվադեպ են բաժանվում: Որքան փոքր է զույգի տարիքային տարբերությունը, այնքան կարելի է վստահաբար ասել, որ ամուսնությունը երկար կտեւի: Օլսոնը վերջերս ամուսնացած եւ բաժանված ավելի քան 3 հազար ամերիկացիների վերաբերյալ տվյալներ է ուսումնասիրել՝ պարզելու համար, որ հինգ տարվա տարիքային տարբերություն ունեցող զույգերի մոտ, ի համեմատություն հասակակիցների, երբեւէ ամուսնալուծվելու՝ 18 տոկոսի չափով բարձր ռիսկ է գործում: Ճիշտ է՝ դա այնքան էլ վատ ցուցանիշ չէ՝ 20 տարվա տարբերություն ունեցող զույգերի հետ համեմատությամբ, որոնց պարագայում ցուցանիշը 95 տոկոսի չափով բարձր է կազմում:

Վերլուծաբանի դիտարկմամբ, տարիքային տարբերության՝ ամուսնության որակի կանխատեսման ճշգրիտ միջոց հանդիսանալու պատճառն այն է, որ յուրաքանչյուր տարիք իր փորձով, կյանքի փուլով եւ սերնդային մշակույթով է բնորոշվում: 25-ամյա կինը, 50-ամյա տղամարդու հետ համեմատությամբ, բոլորովին այլ տեխնոլոգիական լուծումների, սոցիալական նորմերի, նորաձեւության տենդենցների, երաժշտության եւ ժամանցի պայմաններում է դաստիարակություն ստացել:

Այդուհանդերձ, չի կարելի, միայն տարիքային տարբերության վրա հիմնվելով, բացարձակ ճշգրիտ կանխատեսումներ անել՝ ամուսնության որակի վերաբերյալ: Օլսոնի բացահայտմամբ, ընտանիքում երեխայի ծնունդը ամուսնության հեռանկարները գլխիվայր շուռ տալու ներուժ է դրսեւորում: Խոսքը ամուսնալուծության ռիսկի՝ 76 տոկոսի չափով նվազեցման մասին է, եթե երեխան առաջինն է թե տղամարդու, եւ թե կնոջ կյանքում: Այդուհանդերձ, եթե մինչ ամուսնանալը երեխա եք ունեցել՝ որեւէ այլ կնոջից կամ տղամարդուց, վերը բերված ցուցանիշը մինչեւ 59 տոկոս կարող է կրճատվել: 

Ինչեւէ, հարկ է հիշեցնել, որ վերը բերված եզրահանգումները միայն կորելյացիոն կապի վրա են հիմնված: Այսինքն՝ Օլսոնի բացահայտումները բավական չեն՝ 20 տարվա տարիքային տարբերություն ունեցող զույգերից յուրաքանչյուրին մտահոգություն պատճառելու համար: 25-ամյա տղամարդը կամ կինը կարող է 50 տարեկանին հատուկ հասունություն եւ համբերություն ունենալ, եւ հակառակը՝ 50 տարեկանն էլ կարող է իրեն անհամեմատ երիտասարդ զուգընկերոջ հասակակիցը համարել:

Մինչ այդ, հետազոտությանը հեղինակը ամուսնության որակի վրա անդրադարձող եւս մեկ գործոնի՝ ամուսնալուծության արժեքի մասին է հիշեցնում, ինչը հատկապես 2008թ.-ին տեղի ունեցած միջազգային ֆինանսական ճգնաժամի ֆոնին է մեծ նշանակություն ձեռք բերել: Օրինակ, 84-ամյա Ռուպերտ Մուրդոկի եւ 44-ամյա Վենդի Դենգի պարագայում այն 1,8 մլրդ ԱՄՆ դոլար է կազմել: Ասել է՝ թե, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, ամուսնությունը կարող է նաեւ թանկ հաճույք լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել