• Latest news

Խոշոր վիրահատությունները կարող են արագացնել տարեց մարդկանց հիշողության կորուստը

1 հունիսի, 2026  22:53

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց մարդկանց խոշոր վիրահատական միջամտությունների հետևանքները կարող են անդրադառնալ ոչ միայն ֆիզիկական վերականգնման, այլև գլխուղեղի վիճակի վրա: Գիտնականները պարզել են, որ վիրահատությունից հետո յուրաքանչյուր մոտ յոթերորդ տարեց բուժառուի մոտ նկատվել է հիշողության և ճանաչողական գործառույթների զգալի վատթարացում, որը շարունակել է սաստկանալ հետագա տարիների ընթացքում:

Հետազոտությանը մասնակցել է 70 տարեկանից բարձր 560 մարդ, որոնք չեն ունեցել դեմենցիայի նշաններ և ենթարկվել են խոշոր պլանային վիրահատությունների, ներառյալ՝ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը և վիրահատական միջամտությունները որովայնի խոռոչի օրգանների վրա: Մասնակիցներին հետևել են վեց տարի շարունակ՝ գնահատելով նրանց ճանաչողական ունակությունների փոփոխությունները:

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of the American Geriatrics Society հանդեսում:

Հետազոտողները հայտնաբերել են արտահայտված ճանաչողական անկման երեք հիմնական ռիսկի գործոն՝ տարեց հասակը, մինչև վիրահատությունը ճանաչողական թեստերի ավելի ցածր ցուցանիշները և հետվիրահատական դելիրիումի զարգացումը. գիտակցության մթագնման և մտածողության խանգարման վիճակ, որը կարող է առաջանալ վիրահատական միջամտությունից հետո առաջին ժամերին կամ օրերին:

Ինչպես է վիրահատությունն ազդում ուղեղի վրա

Վիրահատական միջամտությունների և անզգայացման ազդեցությունն ուղեղի աշխատանքի վրա ուսումնասիրվում է արդեն մի քանի տասնամյակ: Այդ ընթացքում գիտնականներն առանձնացրել են վիճակների մի խումբ, որոնք հայտնի են որպես հետվիրահատական նեյրոճանաչողական խանգարումներ:

Այդ խանգարումները կարող են ուղեկցվել վիրահատությունից հետո հիշողության, ուշադրության և այլ ճանաչողական գործառույթ ների վատթարացմամբ:

Նախորդ հետազոտությունները նման խանգարումները կապում էին մահվան բարձր ռիսկի և ճանաչողական ունակությունների տևական անկման հետ, հատկապես տարեց հասակի մարդկանց շրջանում:

Հաշվի առնելով, որ մինչև 2030 թվականը ԱՄՆ բնակչության ավելի քան 20%-ը կլինի 65 տարեկանից բարձր՝ վիրահատություններից հետո ճանաչողական առողջության պահպանման հարցը ձեռք է բերում էլ ավելի մեծ նշանակություն:

Հետազոտության ընթացքը

Վիրահատական բուժման երկարաժամկետ հետևանքները գնահատելու համար գիտնականներն օգտագործել են Successful Aging after Elective Surgery (SAGES) խոշոր բազմակենտրոն նախագծի տվյալները:

Վերլուծության մեջ ներառվել են 70 տարեկան և բարձր հասակի 560 բուժառուներ, ովքեր ենթարկվել են խոշոր ոչ սրտային վիրահատությունների՝ առնվազն երեք օր հիվանդանոցում գտնվելով:

Վիրահատությունից առաջ մասնակիցներն անցել են ստանդարտ նեյրոհոգեբանական թեստեր՝ հիշողությունը, ուշադրությունը և այլ ճանաչողական գործառույթները գնահատելու համար:

Միջամտությունից հետո հետազոտողները հետևել են դելիրիումի զարգացմանը՝ օգտագործելով ստանդարտացված ախտորոշիչ գործիք հանդիսացող Գիտակցության մթագնման գնահատման մեթոդը:

Համեմատության համար ձևավորվել էր 119 տարեց մարդկանցից բաղկացած ստուգիչ խումբ, որոնք վիրահատական միջամտության չէին ենթարկվել:

Ճանաչողական գործառույթ ների փոփոխության երեք սցենար

Վերլուծությունը ցույց է տվել վիրահատությունից հետո ճանաչողական փոփոխությունների երեք տարբեր հետագծերի  գոյությունը:

Բուժառուների մոտավորապես մեկ քառորդի մոտ ճանաչողական գործառույթ ները մնացել են կայուն դիտարկման ամբողջ ժամանակահատվածում:

Մասնակիցների մեծամասնության շուրջ 59%-ի շրջանում նկատվել է միայն չնչին անկում, որը համապատասխանում է տարիքային բնական փոփոխություններին:

Սակայն բուժառուների գրեթե 15%-ի մոտ նկատվել է հիշողության և մտածողության արտահայտված ու առաջադիմող վատթարացում, որը շարունակել է ուժեղանալ հետագա տարիներին:

Ծանր ճանաչողական անկման ամենաուժեղ կանխատեսիչը եղել է հետվիրահատական դելիրիումը: Այն բուժառուների շրջանում, որոնք բախվել են այս բարդությանը, ճանաչողական գործառույթների լուրջ վատթարացման ռիսկը մոտ երկու անգամ ավելի բարձր է եղել, քան նրանց շրջանում, ովքեր դա չեն զգացել:

Ի՞նչ է դա նշանակում բժշկության համար

Ըստ հեղինակների՝ հետազոտության արդյունքները օգնում են ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի եղանակով կարող են խոշոր վիրահատություններն ազդել տարեց մարդկանց ուղեղի առողջության վրա երկարաժամկետ հեռանկարում:

Գիտնականներն ընդգծում են, որ այս տվյալները կլինիկական պրակտիկայում ներդնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ բուժառուների ավելի մեծ և բազմազան խմբերի մասնակցությամբ:

Ընդսմին, բարձր ռիսկի ենթակա բուժառուներին նախապես բացահայտելու հնարավորությունը կարող է օգնել բժիշկներին ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, մասնավորապես՝ կանխել հետվիրահատական դելիրիումի զարգացումը:

Հեռանկարում դա կարող է նպաստել ճանաչողական գործառույթների պահպանմանը և վիրահատական բուժումից հետո տարեց մարդկանց կյանքի որակի բարելավմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll