Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի գիտնականները պարզել են, որ գլիոբլաստոմայի՝ չափահասների մոտ գլխուղեղի ամենաագրեսիվ և տարածված չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից անմիջապես հետո առաջանում է կարճ ժամանակահատված, երբ մնացած քաղցկեղային բջիջները դառնում են շատ ավելի խոցելի բուժման նկատմամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine բժշկագիտական հանդեսում։
Ներկայում բուժման ստանդարտ սխեման ենթադրում է ուռուցքի վիրահատական հեռացում, ինչից 4–6 շաբաթ անց բուժառուին քիմիաթերապիա և ճառագայթային թերապիա է նշանակվում։ Սակայն այդ ընթացքում մնացած քաղցկեղային բջիջները հասցնում են ներթափանցել գլխուղեղի առողջ հյուսվածքների մեջ, ինչի պատճառով ուռուցքը գրեթե միշտ վերադառնում է։
Հետազոտողները պարզել են, որ վիրահատությունից հետո արյունաուղեղային պատնեշը, որը սովորաբար պաշտպանում է ուղեղը դեղամիջոցների մեծ մասի ներթափանցումից, ժամանակավորապես խախտվում է։ Դա երկու կարճ թերապևտիկ պատուհան է բացում. առաջինը՝ վիրահատությունից անմիջապես հետո, երկրորդը՝ 48–72 ժամ անց։
Մկների վրա կատարված փորձարկումներում գիտնականներն արյան մեջ ներարկել են լիպիդային նանոմասնիկներ՝ հակաուռուցքային դոքսոռուբիցին դեղամիջոցով։ Նանոմասնիկներն ընտրողաբար կուտակվել են հենց հեռացված ուռուցքի եզրին՝ այնտեղ, որտեղ ամենից հաճախ սկսվում է դրա կրկնակի աճը՝ գործնականում չներթափանցելով գլխուղեղի առողջ հատվածներ։
Աշխատության հեղինակների գնահատմամբ՝ այդ ժամանակահատվածներից մեկում արված մեկ ներարկումը բավական է եղել ուռուցքի վերադարձը զգալիորեն դանդաղեցնելու և հիվանդության զարգացումը վերահսկողության տակ առնելու համար՝ նվազագույն կողմնակի բարդություններով։
Լիպիդային նանոմասնիկներն արդեն օգտագործվում են ժամանակակից բժշկության մեջ տարբեր դեղամիջոցների, դրանց թվում՝ հակաուռուցքային դեղերի հասցեական առաքման համար, սակայն մինչ այժմ դրանք գլիոբլաստոմայի բուժման գործում արդյունավետություն չէին ցուցաբերել։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ առանցքային գործոն կարող է լինել ոչ միայն բուն դեղամիջոցը, այլև դրա ներմուծման ճիշտ ընտրված ժամանակը։
Առայժմ արդյունքները ստացվել են միայն կենդանիների վրա արված հետազոտություններում։ Հաջորդ փուլը կլինեն բուժառուների մասնակցությամբ կլինիկական փորձարկումները։ Եթե մեթոդի արդյունավետությունը հաստատվի, նոր մոտեցումը կարող է փոխել գլիոբլաստոմայի բուժման առկա ռազմավարությունը՝ հնարավորություն ընձեռելով ներգործել վիրահատությունից հետո մնացած ուռուցքային բջիջների վրա դեռ այն ժամանակ, երբ հիվանդությունը նոր է սկսում վերադառնալ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day