Գիտնականները պարզել են, որ տեսախաղերին շատ ժամանակ տրամադրող դեռահասների ուղեղի տարբեր հատվածների կեղևը համեմատաբար ավելի փոքր մակերես և ավելի բարակ շերտ է ունենում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են NeuroImage ամսագրում։
Տեսախաղերը դեռահասների ամենասիրված ու տարածված զբաղմունքներից են, ուստի գիտնականներին վաղուց է հետաքրքրում, թե դրանք ինչպես են ազդում ուղեղի զարգացման վրա։ Կեղևը գլխուղեղի արտաքին շերտն է, որը պատասխանատու է մտածողության, խոսքի և ուշադրության համար․ դրա հաստությունն ու մակերեսը դեռահասության տարիքում փոփոխվում են։
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտող Ջեյսոն Նագատայի գլխավորած թիմն ուսումնասիրել է մոտ 14 տարեկան 5686 դեռահասի տվյալներ։ Մասնակիցների 81%-ը երբեմն խաղացել է տեսախաղեր, իսկ միջինում դրանց վրա ծախսել է օրական 3,1 ժամ։
Պարզվել է, որ շատ խաղացողների ուղեղի կեղևի կառուցվածքային տարբերությունները մեծ չեն եղել, սակայն ընդգրկել են միանգամից մի քանի հատված՝ ճակատային, քունքային, գագաթային և ծոծրակային բլթերը։ Ընդ որում, միայնակ խաղերը կապված են եղել լեզվի և սոցիալական մտածողության համար պատասխանատու գոտիների փոփոխությունների հետ, մինչդեռ բազմաօգտատեր խաղերի դեպքում, վիճակագրական ստուգումից հետո, էական կապ չի հայտնաբերվել։
Կարևոր է նշել, որ այս հետազոտությունը չի ապացուցում, թե խաղերը «փչացնում» են ուղեղը։ «Քանի որ սա մեկանգամյա հետազոտություն էր, մենք չենք կարող պնդել՝ խաղե՞րն են ազդել ուղեղի կառուցվածքի վրա, թե՞ ուղեղի որոշակի առանձնահատկություններ ունեցող դեռահասներն են պարզապես նախընտրել խաղերի կոնկրետ տեսակներ»,- ընդգծել է Ջեյսոն Նագատան։ Այսինքն՝ պատճառահետևանքային կապը կարող է գործել նաև հակառակ ուղղությամբ, և խաղերի վնասակարության մասին վերջնական հետևություններ անելը դեռ վաղ է։ Հեղինակները հիշեցնում են նաև, որ կեղևի հաստությունն ինքնին չի արտացոլում երեխայի ինտելեկտը կամ ընդունակությունները, իսկ արձանագրված տարբերությունները չնչին են։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day