Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում ամեն երկրորդ տղամարդը ծխում է: Սակայն, ինչպես ցույց է տվել NEWS.am Medicine-ի ընթերցողների շրջանում իրականացված հարցումը, Հայաստանում քիչ չեն նաեւ մարդիկ, որոնք չեն ծխում եւ նույնիսկ չեն փորձել ծխել:
Հարցման մասնակիցների 37 տոկոսը պատասխանել է, որ երբեք չի փորձել ծխել եւ չի պատրաստվում ապագայում անել դա: Մասնակիցների 26 տոկոսը փորձել է ծխել, սակայն դրա արդյունքում ծխող չի դարձել: Հարցվածների 22 տոկոսը ծխել է, սակայն կարողացել է թողնել եւ այժմ չի ծխում: Մնացած 15 տոկոսը խոստովանել է, որ մինչ օրս էլ ծխում է:
Հարցմանը ընդհանուր առմամբ 692 մարդ է մասնակցել:
Հիշեցնենք, որ Հայաստանում պաշտոնական տվյալների համաձայն, 16 տարեկանից մեծ տղամարդկանց շրջանում ծխելու ցուցանիշը 50 տոկոս է, այսինքն ծխում է ամեն երկրորդ տղամարդը: Ճիշտ է, 1999-ին այդ ցուցանիշն ավելի բարձր էր եւ 64-65 տոկոս էր կազմում:
16 տարեկանից մեծ կանանց շրջանում ամբողջ երկրով մեկ ծխողների տոկոսը 3-4 է, Երեւանում` 6-7 տոկոս, որոշ տարիքում մինչեւ 8 տոկոսի է հասնում:
Եթե Հայաստանի բնակիչների շրջանում անցկացված պաշտոնական հարցումները հաստատեն, որ ծխելու ցուցանիշները երկրում իրոք նվազել են եւ շատերը թողել են ծխելը, դա կնշանակի, որ ավելի շատ մարդ կկարողանա իրեն պաշտպանել ծխելու հետ կապված թոքերի քաղցկեղից, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից: Պիտի նվազի նաեւ պասիվ ծխելու հետ կապված հիվանդությունների թիվը, որը նույնքան վնասակար է, որքան ակտիվը:
Եթե ուզում եք թողնել ծխելը, մասնագետների որոշ խորհուրդներ կարող են օգնել ձեզ: Կան նաեւ բջջային հավելվածներ, որոնք կարող են ձեզ օգնել այդ ուղու վրա:
Իսկ եթե Դուք առայժմ չեք կողմնորոշվել` ուզում եք արդյոք թողնել ծխելը, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դա հենց այսօր անելու 10 պատճառ, եւ եւս 3 պատճառ` դա անելու վիրահատությունից առաջ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day