Ինչպես գարնանը չվարակվել խոզի գրիպով

13:10   8 մարտի, 2016

Տարեսկզբին շատ երկրների մասնագետներ գրիպով հիվանդացման սեզոնային բարձրացում են արձանագրել, ընդ որում, այս տարի ամենալայնորեն տարածված շտամմը A (H1N1) վիրուսն էր` այսպես կոչված խոզի գրիպը: Հիվանդացման երկրորդ  ավելացումն ակնկալվում է գարնանը, չնայած տաք եղանակին: 

NEWS.am Medicine-ի խմբագրությունն իր ընթերցողներին հիշեցնում է, թե նախազգուշական ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռք առնել այս գարնանը գրիպով չվարակվելու համար:  

Գրիպով չվարակվելու համար նախ եւ առաջ ցանկալի է նվազագույնի հասցնել հիվանդների հետ շփումը: Եթե զգում եք, որ ձեր զրուցակիցն առողջ չէ, ջանացեք նրանից հնարավորինս հեռու մնալ, իսկ իդեալականն այն կլինի, որ նրան խնդրեք բժշկական դիմակ կրել:  Ծայրահեղ դեպքում Դուք ինքներդ կարող եք դիմակ կրել, բայց փակ տարածքներում, ոչ թե փողոցում: Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս բազմամարդ վայրերում, օրինակ` հերթերում համենայն դեպս դիմակ կրել: 

Մեկ այլ կարեւոր նախազգուշական միջոց է ձեռքերը լվանալը: Որքան ավելի հաճախ լվաք ձեռքերը, այնքան փոքր կլինի կեղտոտ ձեռքերից որեւէ վիրուսով կամ մանրէով վարակվելու հավանականությունը: 

Ջանացեք հաճախակի օդափոխել տարածքը: Դրսում գարուն է, եւ արդեն այնքան բարդ չէ պատուհանները բացելը, որքան ձմեռվա կեսին: Մաքուր օդը կնվազեցնի փակ տարածքում վիրուսների խտությունը եւ վարակման վտանգը: 

Չարժե մոռանալ նաեւ առողջ սննդի մասին, որը, իհարկե, չի կարող գրիպից պաշտպանել, բայց կարող է ամրացնել օրգանիզմը եւ նրան օգնել ավելի լավ հաղթահարել վարակները: Ինչպես նշել է էնդոկրինոլոգ եւ դիետոլոգ Հասմիկ Աբովյանը, անհրաժեշտ է ճիշտ սնվել երկար ժամանակ, ոչ թե ընդամենը գրիպի սեզոնին:  Իսկ ճիշտ սնունդ կարելի է համարել սննդակարգում բանջարեղենի եւ մրգերի, ինչպես նաեւ ձկնեղենի եւ ընկույզի բավարար քանակությունը: 

Մասնագետները ծայրաստիճան զգուշավորություն են խորհուրդ տալիս ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց` դիաբետով հիվանդներին, սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց, ինչպես նաեւ երեխաներին, հղի կանանց եւ տարեցներին: 

Իսկ եթե Դուք, չնայած ձեռք առնված բոլոր միջոցներին, այնուամենայնիվ հիվանդացել եք, ինչպես խորհուրդ է տալիս համաճարակաբան Լիանա Թորոսյանը, չարժե աշխատանքի գնալ, ինչպես եւ չարժե հիվանդ երեխաներին տանել ուսումնական հաստատություններ: Նման վիճակում աշխատանքի (դպրոց, մանկապարտեզ) գնալը ոչ միայն այլ մարդկանց վարակման վտանգ կստեղծի, այլեւ կդանդաղեցնի Ձեր առողջացումը: 

Նման իրավիճակում ցանկալի է ինքնաբուժմամբ չզբաղվել, հատկապես եթե բարձր ջերմություն ունեք, որն արդեն երկրորդ օրն է` չի անցնում: Դիմեք բժշկի` խուսափելու գրիպի բարդացումներից: 

Հիշեցնենք, որ տարեսկզբին գրիպի բարդացումը Հայաստանում 18 կյանք է խլել: Նույնքան մարդ էլ մահացել է հարեւան Վրաստանում: Ուկրաինայում գրիպի զոհերի թիվն ավելի մեծ էր` 333, իսկ Ռուսաստանում` 503:



© NEWS.am Medicine