Մարտի 24-ը տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրն է՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշման։

Ինչու՞ հենց մարտի 24-ը։ Տարիներ առաջ, 1882 թվականի հենց մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը (Robert Koch) հայտնաբերեց տուբերկուլոզի հարուցիչը, իսկ 1905 թվականին իր բացահայտման շնորհիվ ստացավ Նոբելյան մրցանակ բժշկության բնագավառում:

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Համախմբել ջանքերը մինչեւ 2050 թվականը տուբերկուլոզը վերացնելու համար»։ Այսինքն, ԱՀԿ-ն ցանկանում է, որ մոտ 36 տարի անց աշխարհն ազատվի տուբերկուլոզից, եւ մահվան դեպքերը կազմեն զրո։ Շատերը կարծում են, որ այս թիրախը հասանելի է, քանի որ ամեն տարի ողջ աշխարհում արձանագրվում է տուբերկուլոզի դեպքերի եւ մահացության նվազում՝ մոտ 5 տոկոսով։

Իսկ ինչպե՞ս է ընթանում տուբերկուլոզի դեմ պայքարը Հայաստանում։

Ինչպես այս միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը, 2006 թվականին Հայաստանում ներդրվեց տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը, որը ներառում է բոլոր միջոցառումները եւ ռազմավարությունները, որոնք անհրաժեշտ են տուբերկուլոզի դեմ պայքարում։

Տուբերկուլոզով հիվանդների համար արդյունավետ բուժում ապահովելու համար տուբերկուլյոզի ազգային ծրագրերին 2005 թվականից ի վեր աջակցում է նաեւ Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը։ Այս մասին իր հերթին նշեց Բժիշկներ առանց սահմանների ֆրանսիական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Անաբել Ջերիբին (Annabelle Djeribi):

«Ախտորոշման տեսակետից մենք չունենք ոչ մի պակաս եւ չենք զիջում որեւէ երկրին։ Այն, ինչ աշխարհում կիրառվում է տուբերկուլոզի ախտորոշման համար, մենք ունենք», - ասաց Արմեն Հայրապետյանը, ավելացնելով, որ Հայաստանում կա նույնիսկ ժամանակակից սարք, որը ընդամենը 1 ժամ 40 րոպեում ոչ միայն ախտորոշում է տուբերկուլոզը, այլ նաեւ հայտնաբերում է, թե դեղորայքի հանդեպ կայունություն կա թե ոչ։

Ըստ Հայրապետյանի՝ հակատուբերկուլոզային դեղերի խնդիր երկրում նույնպես չկա։ «Ունենք բավարար քանակությամբ դեղեր, նույնիսկ նոր սերնդի հակատուբերկուլոզային դեղ, որը սկսել է կիրառվել 2013 թվականից եւ ուղղված է գերդեղակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման համար», - ասաց Հայրապետյանը։