Ըստ որոշ փորձագետների՝ եթե տուբերկուլոզը բավականաչափ վաղ է բացահայտվում, ապա բուժվելու հավանականությունը ավելի մեծ է:

Որո՞նք են տուբերկուլոզի ախտանիշները: Ո՞ր ախտանիշի դեպքում պետք է դիմել բժիշկի: NEWS.am Medicine-ի թղթակցի այս եւ նման այլ հարցերին պատասխանել է Առողջապահության նախարարության տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը։

Ահա հիմնական ախտանիշները, որոնք կարող են օգնել հայտնաբերել տուբերկուլոզը.

1. Երկարատեւ հազ

2. 37.0-37.5 աստիճան ջերմություն

3. Գիշերային քրտնարտադրություն

4. Ընդհանուր թուլություն

5. Ինքնազգացողության վատթարացում

6. Քաշի նվազում

7. Մկանային ցավեր

Նման ախտանիշների դեպքում որքան հնարավոր է շուտ պետք է դիմել տեղամասային պոլիկլինիկա, որտեղ մասնագետները կզննեն պացիենտին եւ, եթե կասկած առաջանա, կուղարկեն հետագա հետազոտությունների:

Հայաստանում  տուբերկուլոզի ախտորոշումը եւ բուժումը անվճար է։ Ինչպես նշեց Արմեն Հայրապետյանը, բոլոր ծախսերը հոգում է կառավարությունը, մասնավորապես, առողջապահության նախարարությունը:

Ինչ վերաբերում է  բուժման տեւողությանը, դեղորայքազգայուն տուբերկուլոզի դեպքում բուժումը տեւում է մոտ 6 ամիս, իսկ հիվանդության դեղորայքակայուն տաբերակը բուժելու համար պահանջվում է մոտ 2 տարի։

Ո՞վ է ավելի հակված հիվանդանալու

Նախ եւ առաջ պետք է նշել, որ տուբերկուլոզով կարող է հիվանդանալ յուրաքանչյուր ոք՝ անկախ կենսական պայմաններից եւ այլ գործոններից: Տուբերկուլոզը տարածող միկոբակտերիաները ամենուր են, եւ նրանք բավական կայուն են տարատեսակ ազդեցությունների նկատմամբ:

«Այս միկոբակտերիաները կարող են ներթափանցել մեր օրգանիզմ, բայց եթե մեր իմունային համակարգը ուժեղ է, օրգանիզմը դիմակայում է դրանց», - ասաց Արմեն Հայրապետյանը: Սակայն անբարենպաստ պայմաններում, եթե իմունային համակարգը թուլացած է, հիվանդությունը կարող է արագորեն զարգանալ:

Այդուհանդերձ՝ ռիսկի խմբի մեջ են մտնում ՄԻԱՎ-ով հիվանդները, բանտարկյալները, թմրամոլները, փախստականները, մարդիկ, որոնք աշխատում են անբարենպաստ պայմաններում եւ այլք:

Ինչպե՞ս կանխել տուբերկուլոզը

Տուբերկուլոզով չվարակվելու համար պետք է նախ եւ առաջ ունենալ ուժեղ իմունային համակարգ: Իսկ ուժեղ իմունիտետ ունենալու համար, ինչպես Հայրապետյանն է ասում, պետք է ճիշտ սնվել, վարել առողջ ապրելակերպ եւ չչարաշահել վատ սովորությունները:

Պետք է նաեւ նշել, որ տղամարդկանց մոտ տուբերկուլոզով հիվանդանալու հավանականությունը 3 անգամ մեծ է, քան կանանց մոտ: Ինչպես նշում է Արմեն Հայրապետյանը՝ սա ամենայն հավանականությամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդկանց մոտ վատ սովորությունները ավելի շատ են, որոնք էլ իրենց հերթին թուլացնում են իմունային համակարգը: