Քաղցկեղով հիվանդների մասնակցությամբ փորձարկումների մասին բազմաթիվ մոլորություններ կան: Որոշ մարդիկ մտածում են, որ հիվանդներին դեղերի փոխարեն շաքարի կտոր են տալիս: Մյուսները, որ այսպիսի հետազոտություններին մասնակցում են հիվանդներ, ովքեր շանս չունեն:
Այս եւ բազմաթիվ այլ տարածված պատկերացումները քաղցկեղային կլինիկական հետազոտությունների մասին պարզապես չեն համապատասխանում իրականությանը, ասում է Քլիվլենդի կլինիկայի (ԱՄՆ) քաղցկեղային հիվանդությունների հետազոտական ծրագրի ղեկավար Ջոշուա Բիվերը:
Պարոն Բիվերը եւ իր գործընկերները ընտրել են քաղցկեղով հիվանդների մասնակցությամբ փորձարկումների մասին ամենատարածված առասպելները, եւ բացատրություններ են տալիս, թե ինչու դրանք ճիշտ չեն.
1. Մասնակցությունը կլինիկական հետազոտություններին չի օգնում հիվանդներին:
Հետազոտությունները հիվանդներին թույլ են տալիս նորագույն դեղերից եւ միջոցներից օգտվել: Կլինիկական հետազոտություններին մասնակցող հիվանդների մոտ արդյունքները ավելի վատ չեն (եթե ոչ ավելի լավ), քան մյուս հիվանդների մոտ:
2. Իմ բժիշկը կասի ինձ՝ մասնակցել փորձարկումներին, թե ոչ:
Բժշկի աշխատանքն է հիվանդին տեղեկացնելը կլինիկական հետազոտության բոլոր դրական եւ բացասական կողմերի մասին եւ նրան համապատասխան տեղեկատվություն տրամադրի: Բժիշկը չի կարող ձեր փոխարեն որոշել, մասնակցել փորձարկումներին, թե ոչ:
3. Հետազոտողները հիվանդներին վերաբերվում են ինչպես լաբորատոր առնետներին:
«Դա ոչ մի դեպքում այդպես չէ»,- ասում է պարոն Բիվերը, նշելով, որ հիվանդներին վերաբերվում են մեծ հարգանքով, ինչի մասին հիվանդները բազմիցս արտահայտվել են, իսկ նրանց 97%-ը ասում է, որ նրանց հանդեպ մասնագիտական հոգատարությունը նրանց սպասելիքներից ավելին է եղել: Հաճախ հիվանդները նույնիսկ մոռանում են այն մասին, որ մասնակցում են փորձարկումների, քանի որ կլինիկական հետազոտությունների մեջ ընդգրկված են լինում լավագույն բժշկական ռեսուրսները:
4. Հիվանդներին դեղամիջոցների փոխարեն շաքարի կտոր են տալիս
«Հետազոտողները երբեք քաղցկեղի դեմ հայտնի դեղամիջոցների փոխարեն շաքարի կտոր չեն օգտագործում, դրանք ընդհանրապես կլինիկական փորձարկումների մեջ հազվադեպ են կիրառվում»,- ասում է Բիվերը:
5. Քաղցկեղի ոլորտում կլինիկական գիտական փորձարկումներն անհույս հիվանդների համար են:
Երբեմն կլինիկական փորձարկումները վերջին հույսն են: Սակայն ավելի հաճախ դրանք բուժման ընդունված պլանի հավելում են հանդիսանում, ինչը կարող է հիվանդների համար ավելի լավ կյանքի որակ ապահովել:
6. Բժշկական անձնակազմը հիվանդներին բուժման մասին տեղեկություններ չի տրամադրում:
Բժիշկները, կլինիկական հետազոտողները եւ մյուս բժշկական անձնակազմը միշտ պատրաստ են «ծառայելու» հիվանդներին: «Մենք գիտակցում ենք, որ հետազոտությանը մասնակցելու հիվանդի ցանկությունն է, որ թույլ է տալիս գիտնականներին փորձարկումներ կատարել քաղցկեղային հիվանդությունների ոլորտում»,- ասում է պարոն Բիվերը:






