Կոնտակտային լինզաների օգտագործման համար մեկ կանոնը հիգիենայի պահպանումն է, հիշեցնում է Medical Daily-ն: Նրանք, ովքեր նախընտրում են ակնոցի փոխարեն լինզա կրել, պետք է պարբերաբար մաքրեն դրանք եւ նախատեսված ժամկետից երկար չօգտագործեն, քանի որ հակառակ դեպքում աչքերի բորբոքման վտանգ է սպառնում: Սակայն բորբոքումը ամենեւեին էլ ամենամեծ խնդիրը չէ, որ կարող է սպառնալ անզգույշ օգտատերերին: 23-ամյա թայվանացի ուսանող Լիան Կաոն 6 ամիս անընդմեջ կոնտակտային լիզա կրելու արդյունքում ակնախնձորով սնվող մակաբույծի աղետալի հաշվեհարդարին էր ենթարկվել:

Կաոյի ցանցաթաղանթը ոչնչացրած մակաբույծը միաբջիջ ականտամեոբան էր, որն աչքի, մաշկի եւ նյարդային համակարգի համար դաժան բարդություններ կարող է ստեղծել: Այն սովորաբար փոշու միջոցով է աչքի մակերես անցնում, թեեւ լողավազանում կամ ցնցուղ ընդունելիս վարակման տարբերակը եւս բացառված չէ: Մաքուր պայմաններում չպահպանվող լինզայի մակերեսին առկա մանրէները հարմար միջավայր են ստեղծում՝ ականտամեոբայի բազմացման համար: Այնուհետեւ, աչքի տարածք անցնելով,  այն հարմար տեղանք է փնտրում՝ ցանցաթաղանթով սնման (կերատիտ) «առաքելությունը» սկսելու համար:

Սա այնքան էլ լայն տարածում գտած երեույթ չէ, այնպես որ ամեոբայով վարակված մարդիկ ուշ են գլխի ընկնում վտանգավոր սպառնալիքի առկայության մասին՝ երբ այլեւս աչքի մեջ սուր ցավեր են սկսվում: Վաղ ախտորոշման պարագայում մակաբույծի դեմ, դեղամիջոցների օգնությամբ, կարելի է արդյունավետ պայքար մղել, սակայն բուն ախտորոշումն անգամ ժամանակատար, բարդ, երբեմն էլ՝ անհնար է լինում: Պատահական չէ, որ ակնաբույժները, որպես ժամկետանց կոնտակտային լինզաներ կրելու հետեւանք, կուրացման սպառնալիքն են մատնանշում: Կաոյի դեպքում, ով վեց ամիս շարունակ նույնիսկ ցնցուղ ընդունելիս լինզաները չէր հանել աչքերիս եւ երբեք չէր մաքրել դրանք, կորուստն ավելի քան խոսուն էր: Անզգույշ վերաբերմունքի արդյունքում թայվանացին ներկայումս միայն մեկ աչքով է տեսնում:

Ընդհանուր առմամբ, կոնտակտային լիզաները, նույնիսկ առանց ականտամեոբայի ներթափանցման սպառնալիքի, լուրջ վտանգ են ներկայացնում աչքի առողջության համար, քանի որ թթվածնի հասանելության սահմանափակման արդյունքում էպիթելային հյուսվածքները քայքայելու, փոքրիկ վերքեր առաջացնելու հատկություն ունեն: Այդ վերքերը տարատեսակ մանրէների՝ ներթափանցման, աչքի ողջ կառույցով տարածման եւ մակաբույծների բազմացման համար օգտակար միջավայրի ստեղծման տեսանկյունից խոցելի տարածք են ներկայացնում:

Կաոյի դեպքն այլեւս դասագրքային է դարձել Միացյալ Նահանգներում. բժիշկներն օգտագործում են այն՝ կոնտակտային լինզաներ կրող ամերիկացիներին զգուշամտություն հաղորդելու համար: Կերատիտի առաջացման դեպքերի 95 տոկոսի մեղավորը ականտամեոբան է, այնպես որ աչքի առողջությունը պահպանելու համար հարկավոր է նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել, մասնավորապես՝ լինզաները պարբերաբար նախատեսված հեղուկներով մաքրել եւ ջրի հետ անմիջական շփումից խուսափել: