Բրիտանացի գիտնականները, ըստ ամենայնի, միանգամայն առողջ մարդկանց օրգանիզմում առկա հավելյալ կիլոգրամների պատճառ հանդիսացող շատակերության դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել: Երեւույթից խուսափելու համար այսուհետ այլեւս հարկավոր չէ մարզասրահներում երկար ու ձիգ ժամեր անցկացնել կամ դաժան սննդակարգի տեսքով պատիժ սահմանել: Փոխարենը պետք է համոզել օրգանիզմին, որ քաղցած չէ…

Լոնդոնի բժշկական դպրոցի եւ Մարիա թագուհու համալսարանի գիտահետազոտական խմբերի անդամները, համատեղ ջանքերով, Մեծ Բրիտանիայում լայն տարածքում գտած ճարպակալման «համաճարակի» դեմ պայքարի՝ սննդային պարկուճների տեսքով միջոց են գտել, հաղորդում է Daily Telegraph-ը:

Նրանց բացահայտման համար հիմք է ծառայել գաղափարն առ այն, որ ստամոքսի ստորին հատվածը կարող է սննդային հավելումների թիրախ դառնալ, որոնց օգնությամբ քաղցի բացակայության տպավորություն է ստեղծվում: Խոսքը, մասնավորապես, հիշյալ տարածքում արտազատվող հորմոնների մասին է, որոնք ախորժակը ճնշելու եւ ուղեղին «կուշտ» հաղորդագրություններ փոխանցելու հատկություն ունեն: Նիհար եւ գեր մարդկանց հիմնական տարբերությունն այն է, որ ճարպակալած օրգանիզմը արհամարհում է ստամոքսից ստացված ազդակները եւ ախորժակի շարունակականություն ապահովում:

Հրաշք-պարկուճը դեղատներում մինչեւ 2019թ. կհայտնվի: Փորձագետների համոզմամբ, դրա օգնությամբ հազարավոր՝ ստամոսքի շունտավորմանը միտված, անդառնալի թվացող վիրահատություններ իրենց այլընտրանքը կարող են գտնել, ինչպես նաեւ երկրորդ տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը կնվազի: