Ձեռքով կրկնվող շարժումներ իրականացնող, օրինակ մեքենագրմամբ զբաղվող մարդիկ, կարպալ թունելի համախտանիշի առաջացման հավելյալ ռիսկի են ենթարկվում: Բարդության ախտորոշման պարագայում, երբ նշանակված դեղամիջոցները եւ թերապիայի բոլոր այլ եղանակները դրական արդյունքի չեն հանգեցնում, վիրաբուժական միջամտությունն է օգնության գալիս: Ըստ էության, 50 տոկոս դեպքերի պարագայում վիրահատությունն անխուսափելի է:
Համախտանիշը դաստակի հատվածում այտուցվածությամբ է բնորոշվում, ինչը ճնշում է գործադրում միջնակ նյարդի վրա եւ ախտահարված ձեռքի ողջ երկայնքով թմրություն, ծակոցներ եւ թուլության զգացում առաջացնում, մեկնաբանում է FoxNews-ը:
Վիրաբուժական միջամտության նպատակը մեկն է՝ վերը նկարագրված ճնշումը եւ հետեւապես՝ հիվանդի ախտանշանները կարպալ թունելի՝ ձեռքի հիմնամասում գտնվող կապանների եւ ոսկրերի կարծր անցուղու վերին մակերեսին գտնվող՝ լայնակի կապան անվամբ հայտնի հյուսվածքները կտրելու եղանակով չեզոքացնել: Վիրահատությունը, որպես կանոն, բաց եղանակով է իրականացվում. վիրաբույժը կտրվածք է անում՝ ափից մինչեւ դաստակն ընկած հաստվածում, այնուհետեւ՝ հյուսվածքները ճեղքում՝ լայնակի կապրալին հասանելիություն ապահովելու համար: Վերջինս, միջանկյալ նյարդի վրա ճնշումը թուլացնելու նպատակով, անջատման է ենթակա:
Վիրահատության իրականացման համեմատաբար նոր՝ նվազագույն ինվազիվություն եղանակ եւս գոյություն ունի, որի պարագայում փոքրիկ անցքեր են բացվում դաստակին՝ լայնակի կապանը կտրող գործիքների հասանելիությունն ապահովելու համար: 30-90 րոպե տեւողությամբ էնդոսկոպիկ մեթոդի կիրառման արդյունքում հետվիրահատական վերականգնումն առավել կարճ եւ նվազ ցավոտ է անցնում:
Մինչ այդ, եթե կարպալ թունելի համախտանիշի առաջացման բարձր ռիսկ է գործում, հետագայում վիրահատվելու հեռանկարից խուսափելու համար կարելի է էրգոնոմիկ միջոցների՝ հատուկ դաստակակալի կամ մեքենագրման համար կիրառվող բարձիկների օգնությանը դիմել: Բացի այդ էլ, հարկավոր է ժամանակ առ ժամանակ ընդմիջում վերցնել եւ, հնարավորության սահմաններում, դաստակի կրկնվող շարժումներից խուսափել:






