Տեսողության համաշխարհային օրը ողջ աշխարհում նշվում է հոկտերմբեր ամսվա երկրորդ հինգշաբթի օրը: Այս տարի այս օրը նշվում է այսօր՝ հոկտեմբերի 9-ին: Օրվա խորհուրդն է բարձրաձայնել ակնային հիվանդություններով տառապող մարդկանց խնդիրները եւ հանրության ուշադրությունը գրավել դեպի աչքերի հիվանդությունները:

Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանի փոխանցմամբ՝ մոլորակի բնակչության 4 տոկոսը՝ մոտ 285 միլիոն մարդ, տեսողության խաթարում ունի, եւ նրանց 0.7 տոկոսը կույր են: Հայաստանում թվերը մի փոքր այլ են. հստակ վիճակագրություն չկա, բայց, Նունե Եղիազարյանի խոսքով, բնակչության մոտ 4-8 տոկոսը տեսողության լուրջ խնդիրներ ունի կամ կույր է:

Հետաքրքիր է, որ շատ այլ երկրներում տեսողական լուրջ խնդիրների եւ կուրության հիմնական պատճառը ակնոցի եւ տեսողության կարգավորման բացակայությունն է (44 տոկոսը), իսկ երկրորդ տեղում կատարակտան է (33 տոկոսը): Հայաստանում մարդիկ ապահոված են ակնոցներով, իսկ կուրության եւ տեսողության ծանր խանգարումների դեպքերի մոտ 50 տոկոսի հիմնական պատճառը կատարակտան է:

Ինչպես հայտնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շուրջ 285 միլիոն մարդ թույլ տեսողություն ունի, 19 միլիոն երեխա տեսողության խանգարումներ ունի, եւ 39 միլիոն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է: