Տեսողական խնդիրները որպես կանոն սկսում են փոքր տարիքից, եւ հենց այդ տարիքից է պետք աշխատել կանխարգելել այդ խնդիրները եւ դրանց զարգացումը: Այն մասին, թե ինչպես դա անել, լրագրողներին պատմել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ երեխաների շուրջ 10-12 տոկոսն ունի աչքերի հետ կապված խնդիրներ, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, լուծելի է: Ինչպե՞ս է կարելի կանխարգելել այդ խնդիրների խորացումը եւ նոր խնդիրների առաջացումը:

Ստուգումներ

Մասնագետի խոսքով՝ խնդիրների կանխարգելման լավագույն ճանապարհը տեսողությունը ժամանակ առ ժամանակ ստուգելն է, քանի որ դա հնարավորություն կտա եղած խնդիրները ժամանակին հայտնաբերել եւ թույլ չտալ, որ դրանք խորանան:

Ողջունելի է, երբ ուսուցիչները եւ ծնողները ուշադիր են լինում երեխաների տեսողության նկատմամբ: Ռուզաննա Հարությունյանի խոսքով՝ այսօր շատ դեպքերում հենց ուսուցիչներն են առաջինը նկատում, որ երեխան լավ չի տեսնում, եւ ծնողներին խորհուրդ են տալիս երեխային բժիշկի տանել՝ հնարավորություն տալով խնդիրը վաղ հայտնաբերել եւ կորեկցիայի ենթարկել:

Համակարգիչ

Հետաքրքիր է, որ մարզերում տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվը նկատելիորեն ավելի քիչ է, քան Երեւանում (7-8 տոկոսն ըննդեմ 10-12 տոկոսի): Սա հավանաբար կապված է այն բանի հետ, որ մայրաքաղաքում բնակվող երեխաները ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգչի կամ պլանշետների առջեւ, իսկ դա վնասակար է տեսողության համար:

Ռուզաննա Հարությունյանի խոսքով՝ այսօր շատ ծնողներ ուրախանում են, տեսնելով, որ իրենց փոքր երեխան կարողանում է համակարգչից օգտվել; նրանք չեն հասկանում, թե համակարգչի առջեւ անցկացրած ժամերը եւ երեխայի աչքերի հնարավորությունների չարաշահումը ինչ հետեւանքներ կարող են թողնել երեխայի տեսողության վրա:

Մասնագետի փոխանցմամբ՝ պետք չէ ուրախանալ, եթե երեխան դուրս չի իջնում ու այլ երեխաների հետ չի խաղում: Առողջ աչքեր ունենալու համար երեխան պետք է ոչ թե ամբողջ օրը համակարգչի հետ անցկացնի, այլ զբոսնի, հասակակիցների հետ շփվի եւ ակտիվ կյանքով ապրի: