Մարդու օրգաններին ճիշտ գործել օգնող գենը կարող է դառնալ աշխարհի ամենամահաբեր քաղցկեղից մեկի դեմ պայքարի բանալին, գրում է բիտանական The Independent պարբերականը։

Գիտնականները հայտնաբերել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ի վիճակի է «անջատել» HNF4A գենի որոշ մոլեկուլներ, ինչը նպաստում է քաղցկեղի ագրեսիվ տարածմանն ու աճին:

Հետազոտողների համոզմամբ՝ իրենց հայտնագործությունը նոր հույս է տալիս այս զարհուրելի հիվանդության բուժման ավելի արդյունավետ եղանակներ գտնելու ուղղությամբ։

Ամեն տարի Մեծ Բրիտանիայում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ավելի քան 10 հազար 400 նոր դեպք է գրանցվում, սակայն մարդկանց միայն 10%-ն է ողջ մնում հիվանդության բռնկումից հինգ տարի անց:

Այս հիվանդությունը խլել է այնպիսի նշանավոր մարդկանց կյանքեր, ինչպիսիք են Ալան Ռիքմանը, Սթիվ Ջոբսը և Պատրիկ Սուեյզին։

Նոթինգհեմ Թրենտի համալսարանի Ջոն վան Գիստի անվան Քաղցկեղի հետազոտության կենտրոնի գիտնական, դոկտոր Մարիա Հաթցիապոստոլուն ասում է, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդները լայն տարածված բոլոր 20 քաղցկեղներով հիվանդների մեջ  ողջ մնալու ամենացածր շանսն ունեն։

Նա ասում է, որ հիվանդության բռնկումից հինգ տարի անց ողջ մնացածների՝ որոշ ժամանակով բարելավման ցուցանիշները շատ աննշան են, ուստի կարևոր է գտնել նոր ուղիներ՝ հիվանդությունն ավելի լավ հասկանալու համար՝ ինչպես է տարածվում և ինչու է այդքան ագրեսիվ:

«Այս աշխատանքը, որը նոր պատկերացում և գիտելիքներ է տվել քաղցկեղի դրսևորման վերաբերյալ, հուսով ենք՝ կօգնի ապագայում պոտենցիալ նոր բուժման համար ճանապարհ հարթել», -հավելել է գիտնականը։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հաճախ ախտորոշվում է վերջին փուլում, երբ բուժման հնարավորությունները սահմանափակ են, և հիվանդների կեսից ավելին ախտորոշումից հետո երեք ամսից անց մահանում է:

Բրիտանական Gastro Hep Advances բժշկագիտական  հանդեսում հրապարակված հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծել են առողջ մարդկանց և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հյուսվածքների նմուշները:

Նրանք հայտնաբերել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն առաջացնում է ԴՆԹ մեթիլացում անունով հայտնի մի գործընթաց, որն անջատում է HNF4A-ի օգտակար մոլեկուլներն ու ուռուցքներին արագ աճելու հնարավորություն տալիս:

Հետազոտությունը ֆինանսավորած Մեծ Բրիտանիայի Pancreatic Cancer Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետազոտական կենտրոնի տնօրեն Դոկտոր Քրիս Մակդոնալդն ասում է, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար ավելի արդյունավետ և մեղմ բուժման եղանակ է անհրաժեշտ:

«Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի մեծ մասն ախտորոշվում է խորացված փուլում, ընդ որում դեպքերի 80%-ում հիվանդությունը հայտնաբերվում է միայն, երբ այն տարածվել է և այլևս վիրահատական ​​միջամտության ենթակա չէ։

Սա արտացոլվում է հիվանդության բռնկումից հետո ողջ մնալու ցածր մակարդակով. հիվանդությունից տառապող մարդկանց կեսից ավելին մահանում է ախտորոշումից հետո երեք ամսվա ընթացքում:

Մակդոնալդն ասում է, որ եթե ցանկանում ենք հասնել այդքան անհրաժեշտ ճեղքմանը, կենսական նշանակություն ունի, որ նախ պետք է բարելավենք մեր արմատական ընկալումը, թե ինչն է առաջացնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի այդքան արագ աճ և տարածում։

Նրա կարծիքով՝ նախագիծը նոր տեղեկություններ է հաղորդում, թե ինչպես է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարողանում ճնշել որոշ մոլեկուլներ, որոնք օգնում են այն ագրեսիվորեն տարածվել ամբողջ օրգանիզմում, դա էլ իր հերթին ապագայում ավելի արդյունավետ բուժման տարբերակների զարգացմանը կարող է հանգեցնել:

Հետզոտությանը մասնակցել են Նոթինգհեմի, Սթենֆորդի և Կալիֆորնիայի համալսարանների, ինչպես նաև Լոս Անջելեսի Սեդարս Սինայ բժշկական կենտրոնի գիտնականները: