Աչքի հետևի մասում գտնվող լուսազգայուն հյուսվածքի (ցանցաթաղանթի) բարակումը կարող է վկայել 40 տարեկանից բարձր մարդկանց մոտ դեմենցիայի առաջացման ռիսկի բարձրացման մասին: Նման եզրակացությանն են հանգել Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում։

Հետազոտությունը հիմնված էր Դանիդինի առողջության և զարգացման բազմամասնագիտական՝ 45 տարի տևած ​​ուսումնասիրության վրա։ Հետազոտությանը մասնակցել է 900 նորզելանդացի։ Կամավորների միջին տարիքը 45 տարեկան էր։

Առաջին փուլում գիտնականները լուսանկարել են բոլոր կամավորների ցանցաթաղանթը։ Այնուհետև տվյալները համեմատվել են դեմենցիայի զարգացման ռիսկը կանխատեսելու համար նախատեսված ճանաչողական թեստերի արդյունքների հետ։ Դիտարկումները կատարվել են մասնակիցների ծննդյան պահից, այնուհետև պարբերաբար՝ երեք, հինգ, յոթ, ինը, 11, 13, 15, 18, 21, 26, 32, 38 և 45 տարեկան հասակում։

Պարզվել է, որ անբնականորեն բարակ ցանցաթաղանթ ունեցող և աչքերի արյան անոթների պաթոլոգիաներից տառապող մարդիկ 45 տարեկանում ավելի հակված էին ճանաչողական անկման նշաններ ցուցաբերելուն: Մասնագետների համոզմամբ՝ նման փոփոխությունները կարող են վկայել օրգանիզմում արյան շրջանառության խանգարման մասին, ինչը նաև մեծացնում է սրտամկանի կաթվածի և ուղեղի կաթվածի վտանգը:

Գիտնականների պնդմամբ՝ աչքի պատկերագրությունը կարող է լինել պարզ և մատչելի միջոց վաղ շրջանում դեմենցիայի վտանգը գնահատելու համար։ Սակայն, հետազոտողները շեշտել են, որ նման թեստը կարող է միայն վկայել պոտենցիալ սպառնալիքը, այլ ոչ թե վերջնական ախտորոշում հաստատել։