Միգրենը սովորական, նույնիսկ՝ ուժեղ գլխացավ չէ: Այն ուռասպառության հասցնող նյարդաբանական ախտանշաններով բնութագրվող համախտանիշ է հանդիսանում: Դեղագործների ամերիկյան ասոցիացիայի՝ Սան Դիեգոյում կայացած տարեկան ժողովի ընթացքում հիվանդության բուժման նոր եղանակ է ներկայացվել՝ սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող  ամերիկյան վարչության հավանությանն արժանացած՝ ուժեղ սրտխառնոցի եւ փսխումի դեմ նշանակվող պրոքլորպերազինի հիման վրա ստացված քթի սփրեյի տեսքով:

«Պրոքլորպերազինը դոպամինային ռեցեպտորների՝ սրտխառնոցի դեմ նշանակվող անտագոնիստ է հանդիսանում: Կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ այն, ի համեմատություն միգրենի դեմ նշանակվող այլ դեղամիջոցների՝ սումատրիպտանի, մետոքլոպրամիդի եւ կետորոլակի, առավել արդյունավետ է խանգարման հրահրմամբ ի հայտ եկող ցավը կառավարում», - մեկնաբանել է դոկտոր Վենկատա Ելեպեդին՝ Ռոզմանի բժշկական համալսարանից:

Վերջինիս գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբի անդամները վստահ են, որ քթի՝ պրոքլորպերազինի հիմքով, կոնսերվանտներից զերծ սփրեյը արդյունավետ, արագագործ եւ պարզ լուծում է՝ միգրենի դեմ պայքարի համար: Ավելին, շնորհիվ կոնսերվանտների, մասնավորապես՝ բենզալկոնիումի քլորիդի եւ կալիումի սորբատի բացակայության, մի շարք կողմնակի ազդեցությունների, ներառյալ լորձային գրգռման հավանականությունն է բացառվում: Գիտնականները մտադիր են հաջորդիվ սփրեյի անվտանգության եւ արդյունավետության ստուգմանը միտված փորձարկումներ նախաձեռնել՝ կենդանիների նկատմամբ, հաղորդում է Medical Daily-ն:

«Ներկայումս քթի՝ պրոքլորպերազինի հիմքով ոչ մի սփրեյ չեք կարող գտնել շուկայում: Այն միայն դեղահաբերի տեսքով է առկա, ինչն ուշացումով է ցանկալի ազդեցությունն ապահովում», - նշել է դոկտոր Ելեպեդին:

Միգրենի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկյան հիմնադրամի տվյալներով, կանանց 18 եւ տղամարդկանց 6 տոկոսի մոտ խնդրո առարկա հիվանդությունը կարելի է գտնել: Այն ուժասպառության հասցնող 20 ամենաուժեղ խանգարումների շարքին է դասվում: Ընդհանուր առմամբ, աշխարհի բնակչության շուրջ 10 տոկոսը, երեխաները՝ ներառյալ, միգրեն ունեն:

Հիվանդության բուժմանը միտված երեք մոտեցում գոյություն ունի՝ նոպայի ընթացքում ախտանշանների թուլացմանը միտված դեղամիջոցներով (ագրեսիվ բուժում), նոպաների հաճախականության եւ ցավի ինտենսիվության նվազեցում ապահովող դեղամիջոցներով (կանխարգելիչ բուժում) եւ առանց դեղամիջոցների՝ ասեղնաբուժության, վարժությունների, հանգստի ռեժիմի եւ սննդակարգի միջոցով (կոմպլեմենտար բուժում):