Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ Չիլին պաշտոնապես բորոտությունից ազատ երկիր է հայտարարվել՝ տասնամյակներ շարունակ հանրային առողջապահության ոլորտում ձեռնարկված կայուն ջանքերից հետո։
Ստուգումն իրականացրել են ԱՀԿ-ն և Pan American Health Organization-ը՝ հաստատելով, որ երկրում հաջողվել է ամբողջությամբ դադարեցնել հիվանդության տեղական փոխանցումը։ Սա Չիլին դարձնում է առաջին երկիրը Ամերիկայում և երկրորդն աշխարհում, որը հասել է նման կարգավիճակի։
Բորոտությունը, որը հայտնի է նաև որպես Հանսենի հիվանդություն, քրոնիկական վարակ է, որն առաջանում է Mycobacterium leprae բակտերիայի պատճառով։ Այն ախտահարում է մաշկը, ծայրամասային նյարդերը, աչքերը և շնչառական ուղիների լորձաթաղանթները։ Հիվանդությունը բուժելի է, սակայն առանց ժամանակին իրականացվող թերապիայի այն կարող է հանգեցնել նյարդերի վնասման, հաշմանդամության և պացիենտների ստիգմատիզացիայի։
Պատմականորեն Չիլիում հիվանդության դեպքերը գրանցվել են դեռևս 19-րդ դարի վերջին, մասնավորապես՝ Ռապա Նուի կղզում (Զատկի կղզի): Երկրի մայրցամաքային մասում հիվանդությունը հազվադեպ է հանդիպում և աստիճանաբար վերահսկողության տակ է վերցվել մեկուսացման միջոցառումների, վաղ ախտորոշման և բուժման շնորհիվ: Տեղական վարակման վերջին դեպքն արձանագրվել է 1993 թվականին և այդ ժամանակից ի վեր վարակի փոխանցման նոր ներքին շղթաներ չեն առաջացել:
Չնայած տեղական դեպքերի անհետացմանը՝ հիվանդությունը չի հանվել համաճարակաբանական հսկողության համակարգից: Բժիշկները պարտավոր են հայտնել յուրաքանչյուր հայտնաբերված դեպքի մասին, իսկ առողջապահական համակարգը պահպանում է պատրաստվածությունը ախտորոշման և բուժման համար: 2012-2023 թվականներին երկրում գրանցվել է բորոտության 47 դեպք, սակայն բոլորն էլ բերովի են եղել այլ երկրներից և չեն հանգեցրել Չիլիի ներսում վարակի տարածմանը:
Փորձագետները նշում են, որ ձեռք բերված արդյունքը հնարավոր է դարձել պետական երկարաժամկետ ռազմավարության՝ հիվանդության վաղ հայտնաբերման, անվճար բուժման, բժշկական անձնակազմի մշտական վերապատրաստման և համաճարակաբանական մոնիթորինգի կայուն համակարգի շնորհիվ: Մասնագետների կարծիքով՝ Չիլիի փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ հնագույն հիվանդությունները, որոնք դարեր շարունակ ուղեկցել են մարդկությանը, կարող են ամբողջությամբ վերացվել հետևողական առողջապահական քաղաքականության և միջազգային համագործակցության դեպքում:






