Ճապոնացի գիտնականները պարզել են, որ ալերգիկ ռինիտի ժամանակ կանաչ թեյի «մատչա» փոշին կարող է նվազեցնել փռշտոցների հաճախականությունը։ Մկների վրա կատարված փորձարկումների ընթացքում ըմպելիքը զգալիորեն թուլացրել է ախտանիշները՝ ազդելով ոչ թե իմունային համակարգի, այլ նյարդային այն մեխանիզմների վրա, որոնք գործի են դնում փռշտալու ռեֆլեքսը։ Աշխատությունը հրապարակվել է «npj Science of Food» ամսագրում։
Մատչան վառ կանաչ փոշի է՝ պատրաստված հատուկ եղանակով աճեցված կանաչ թեյի տերևներից, որոնք չորացվում և աղացվում են։ Այն օգտագործվում է ըմպելիքների պատրաստման համար և որպես հավելում տարբեր մթերքներում։ Նախկինում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ մատչան պարունակում է մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ միացություններ, ներառյալ հակաօքսիդանտներ և ամինաթթուներ, և կարող է դրական ազդեցություն ունենալ սիրտ-անոթային համակարգի, ուղեղի և բորբոքային գործընթացների վրա
Հիրոսիմայի համալսարանի Ճառագայթային կենսաբանության և բժշկության գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Օսամու Կամինուման հետաքրքրվել է՝ արդյո՞ք մատչան կարող է օգնել ալերգիկ ռինիտի դեպքում, որը տարածված հիվանդություն է և առավել հայտնի է որպես խոտաբույսային տենդ:
«Մարդկանց մասնակցությամբ հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաչ թեյը կարող է մեղմել ալերգիկ ռինիտի ախտանիշները, սակայն այդ ազդեցության մեխանիզմը դեռևս անհայտ է մնում», — նշել է Կամինուման:
Փորձի ընթացքում գիտնականներն օգտագործել են մկներին, որոնց մոտ արհեստականորեն առաջացրել են խոտաբույսային տենդի ախտանիշներ: Կենդանիներին ավելի քան հինգ շաբաթ շարունակ շաբաթական երկու-երեք անգամ տվել են մատչա, ինչպես նաև հավելյալ դեղաչափ՝ ալերգենի ներգործությունից կես ժամ առաջ։
Արդյունքները ցույց են տվել, որ մատչա ստացած մկների մոտ փռշտոցի նոպաները զգալիորեն քիչ են եղել: Ընդ որում, գիտնականները հայտնաբերել են մի անսպասելի առանձնահատկություն. թեյը գրեթե չի ազդել ալերգիայի հիմնական իմունային մեխանիզմների վրա:
Սովորաբար ալերգիկ ռեակցիան զարգանում է IgE իմունոգլոբուլինի հակամարմինների, պարարտ բջիջների և T-լիմֆոցիտների մասնակցությամբ: IgE-ն խթանում է հիստամինի և բորբոքային այլ նյութերի արտազատումը, որոնք էլ առաջացնում են ալերգիայի ախտանիշները: Սակայն տվյալ հետազոտության մեջ այս առանցքային իմունային մարկերների մակարդակը գրեթե չի փոխվել:
Փոխարենը, մատչան ներգործել է նյարդային համակարգի վրա: Գիտնականները ուսումնասիրել են c-Fos գենի ակտիվությունը, որը ծառայում է որպես նեյրոնների ակտիվության ցուցիչ հանդիսացող ուժեղ գրգռիչների դեպքում: Այս գենն ակտիվանում է ուղեղի ցողունի այն հատվածում, որը կապված է փռշտալու ռեֆլեքսի հետ։
Պարզվել է, որ ալերգիայի ախտանիշներ ունեցող մկների մոտ c-Fos-ի ակտիվությունը կտրուկ աճել է: Մատչայի ընդունումից հետո գենի ակտիվության մակարդակը նվազել է՝ հասնելով գրեթե նորմալ ցուցանիշների:
«Մատչայի ներքին ընդունումը նվազեցրել է փռշտոցը՝ զգալի ազդեցություն չունենալով հիմնական իմունային մարկերների վրա: Փոխարենը այն ճնշել է ուղեղի ցողունի այն նեյրոնների ակտիվացումը, որոնք կապված են փռշտալու ռեֆլեքսի հետ», — պարզաբանել է Կամինուման:
Աշխատանքի հեղինակների խոսքով՝ հեռանկարում մատչան կարող է լրացուցիչ բնական միջոց դառնալ ալերգիկ ռինիտի ախտանիշները մեղմելու համար, որը կօգտագործվի ավանդական թերապիայի հետ մեկտեղ։






