Մենակությունը հաճախ ընկալվում է որպես մարդկանց, շփման կամ սոցիալական կապերի պարզ բացակայություն։ Սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս երևույթն ավելի բարդ է և նշանակալի։ Կարևոր է ոչ միայն սոցիալական կապերի քանակը, այլև այն, թե ինչպես է մարդը զգում դրանք, գրում է Medical Express-ը։

JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտությունը ներմուծում է սոցիալական ասիմետրիայի հասկացությունը՝ օբյեկտիվ սոցիալական մեկուսացման և միայնակության սուբյեկտիվ զգացողության միջև եղած տարբերությունը։ Վերլուծելով Անգլիայում 50 տարեկանից բարձր 7,845 մեծահասակների տվյալները, (որոնց հետևել են միջինում 13,6 տարի) գիտնականները պարզել են, որ նման անհամապատասխանությունը կապված է հիվանդությունների և մահվան բարձր ռիսկի հետ։

Այն մասնակիցները, ովքեր իրենց ավելի միայնակ են զգացել, քան ենթադրում էին նրանց սոցիալական կապերը (այսպես կոչված՝ «սոցիալապես խոցելիները»), ունեցել են ընդհանուր մահացության, սիրտ-անոթային հիվանդությունների և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության ավելի բարձր ռիսկ՝ համեմատած նրանց հետ, ում զգացողությունները համապատասխանել են սոցիալական շփման իրական մակարդակին։

«Հանրային առողջապահության ծրագրերի մեծ մասը կենտրոնացած է սոցիալական կապերի ընդլայնման վրա։ Սակայն այս հետազոտությունը ցույց է տալիս, որ միայն կապերի առկայությունը դեռ ամբողջ պատմությունը չէ», — ասում է հետազոտության համահեղինակ, Կոռնելի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր և Human Health Labs լաբորատորիայի տնօրեն Էնթոնի Օնգը։ «Միևնույն սոցիալական հանգամանքներում գտնվող երկու մարդ կարող են առողջական բոլորովին տարբեր ցուցանիշներ ունենալ՝ կախված այն բանից, թե ինչպես են նրանք ընկալում այդ կապերը»։

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր սոցիալապես մեկուսացված են եղել, բայց միայնակություն չեն զգացել (այսպես կոչված՝ «սոցիալապես կայունները»), առողջության համար բարձր ռիսկեր գրեթե չեն ունեցել։ Ընդհակառակը, նրանք, ովքեր միայնակ են զգացել՝ չնայած ակտիվ սոցիալական կապերի առկայությանը, բախվել են բարձր ռիսկի գործոնի հետ։

Պարզ ասած՝ կարևոր է ոչ միայն սոցիալական կապերի քանակը, այլև այն, թե ինչպես է մարդն ընկալում և զգում դրանք։ Սոցիալական ասիմետրիայի չափումը կարող է օգնել բացահայտել բարձր ռիսկային խմբում գտնվող մարդկանց դեռևս այն ժամանակ, երբ առողջական խնդիրները չեն առաջացել։